ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարիամ Գալստյանն իր «Ներքին բնությունը» կցուցադրի արվեստանոցում

25.09.2017 22:34 ՄՇԱԿՈՒՅԹ
Մարիամ Գալստյանն իր «Ներքին բնությունը» կցուցադրի արվեստանոցում

Սեպտեմբերի 30-ին «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց–թանգարանում կբացվի նկարչուհի Մարիամ Գալստյանի` «Ներքին բնություն» խորագրով ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Կներկայացվեն երիտասարդ արվեստագետի ինքնադիմանկարները, խառը տեխնիկայով (թուղթ, տուշ, պաստել, ակրիլ, գուաշ) արված նատյուրմորտները և գրաֆիկական հետաքրքիր կոմպոզիցիաները:

    Արվեստաբան Սիլվի Մանուչարյանը պատմում է, որ Մարիամ Գալստյանի արվեստն ունի լայն ընդգրկում. «Դիմանկարներից, ինքնանկարներից, նատյուրմորտներից ու գրաֆիկական բնույթի տարբեր հետաքրքիր կոմպոզիցիաներից սկսած մինչև նյու ժանրի (մերկ մարմնի պատկերում) աշխատանքներ ու պարսական և արաբական գրական երկու հայտնի հուշարձանների` Ֆիրդուսու «Շահնամեի» և արաբական «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի թեմաներով արված գործեր: Նրա ստեղծագործություններում կարելի է տեսնել աղերսներ ինչպես արևելյան արվեստի, այնպես էլ էքսպրեսիոնիզմի, կուբիզմի հետ: Մանկական նկարչությանը բնորոշ անմիջականություն` զուգորդված խորը փիլիսոփայական խոհեր արտահայտող գաղափարներով: Սրանք Մարիամի արվեստին բնորոշ հիմնական առանձնահատկություններն են», -ասաց արվեստաբանը: 

   Ցուցահանդեսին ներկայացվելու են Մարիամի ինքնադիմանկարներ, նատյուրմորտներ և գրաֆիկական հետաքրքիր ու ինքնատիպ կոմպոզիցիաներ, որոնցում ներկայացված են խառը պատկերներ՝ մարդկային ֆիգուրներ, կենդանիներ... Ինքնադիմանկարներում փորձ է արել հոգեբանական վերլուծության ենթարկել իր կերպարը,  դիտողին հաղորդակից դարձնել իր ներքին էությանը,  իր մարդկային բնությանը։ Ահա, թե ինչու ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Սիլվիա Մանուչարյանը ընտրել է «Ներքին բնություն» խորագիրը։

     Մարիամ Գալստյանը ծնվել է 1990-ին` Մարտունու շրջանում: 2006-2012 թթ. սովորել է Երևանի Գեղարվեստի Ակադեմիայի Գրաֆիկայի բաժնում: Նկարում է փոքր տարիքից։ Մորաքույրը նկարչուհի Նեկտար Սահակյանն է։ Սա Մարիամի երրորդ  անհատական ցուցահանդեսն է։ 1-ին անհատական ցուցահանդեսն  ունեցել է 9 տարեկան հասակում՝ Մարտունու պատկերասրահում, իսկ 2-րդը՝ Գեղագիտության ազգային կենտրոնում 2014թ-ին։

Մարիամը գրաֆիկ նկարչուհի է։ Աշխատում է խառը տեխնիկաներով՝ թղթի վրա տարբեր նյութերով՝ տուշ, պաստել, ակրիլ, մատիտ,  գուաշ...: Սիրում է ինչպես դասական արվեստը,  այնպես էլ մոդեռնիզմը՝ կուբիզմը, էքսպրեսիոնիզմը, պրիմիտիվիզմը, սուպրեմատիզմը։ Անտարբեր չէ նաև արևելյան արվեստի նկատմամբ։

‹‹Ինձ հուզում է մարդը՝ սոցիումի, հավատի, դաստիարակության, գաղափարի ու մարմնի մեջ պատեպատ զարկվող անհանգիստ իր «Ես»-ով, իր յուրօրինակությամբ, տառապանքով, ամեն օր ինքն իր ու աշխարհի հետ բախվող տարօրինակությամբ: Չնկարել չեմ կարող և դրա միակ պատճառը ներսումս ապրող անհանգիստ ու համառ սերն է, սերն ու հավատը առ արվեստը: Ինձ համար արվեստը նման է այն ճշմարտությանը, որն ասել չի ստացվում, իսկ չասել չես կարող: Ու նստում ես նկարելու, նկարելու մարդկանց  ում տառապանքը հարազատ է քեզ, ում «Ես»-ը նաև քոնն է իր տեսակով: Այդ պահը, երբ նկարում ես ամբողջովին մերկ սեփական մտքերի, ապրումների ու մարդ տեսակի քո ընկալման հետ,  դա իմ երկնագույն վակումն է: Եվ  իհարկե երկնագույնը իր ուրույն տեղն ունի իմ նկարներում», -ասաց Մարիամը և հավելեց, որ նախնտրում է գրաֆիկական  արտահայտչամիջոցները  յուղաներկի հետ.  ‹‹Ընդհանուր առմամբ  նյութը ինձ համար կարևոր չէՆերկը  ընդհամենը միջոց է, կարևոր է ասելիք ունենալ››, -եզրափակեց արվեստագետը:

Արվեստաբան Սիլվի Մանուչարյանն էլ հավելեց, որ թանգարանի տնօրեն Մարտին Միքայելյանի հետ մշտապես փորձում են կազմակերպել երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսներ,  որպեսզի նրանց  հնարավորություն տան ցուցադրվելու՝ արվեստասեր հասարակությանը ներկայացնելու իրենց ստեղծագործությունները։ Այս  անգամ ընտրել են Մարիամին:

ՀԵՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА