ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում ռուսերենը ստացել է օտար լեզվի կարգավիճակ. Լևոն Մկրտչյանը՝ ՏԱՍՍ-ին

25.09.2017 17:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ռուսերենը ստացել է օտար լեզվի կարգավիճակ. Լևոն Մկրտչյանը՝ ՏԱՍՍ-ին

Ռուսաց լեզուն այսուհետ Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի: Այդ մասին ռուսական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:


Նախարարը նշել է, որ «Հայաստանում միակ պետական լեզուն կա և կմնա հայերենը, քանի որ մենք անկախ, ինքնիշխան պետություն ենք»: «Դա աքսիոմատիկ ճշմարտություն է: Մնացած բոլոր լեզուներն օտար լեզուներ են»,- ընդգծել է նա:


Ինչպես հիշեցրել է նախարարը, ավանդույթի համաձայն, դեռ խորհրդային ժամանակներից ի վեր ռուսերենը «Հայաստանում լայն տարածում է ունեցել, սակայն մինչ այժմ ոչ մի կարգավիճակ չուներ»: Օրինակ՝ նա նշել է, որ բուհ ընդունելության քննությունների ժամանակ «օտար լեզվի» քննության համար ուսանողները հանձնում են անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի կամ իտալերենի քննություններ, իսկ ռուսերենի քննություն դիմորդները չեն կարող հանձնել:


«Այսուհետ մենք ֆիքսում ենք, որ ռուսերենը Հայաստանում ունի օտար լեզվի կարգավիճակ»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը:


Հայաստանի կրթության նախարարությունը ռուսաց լեզվի ուսուցման առանձին հայեցակարգ է մշակել, որը դրվել է հանրային քննարկման: Նախատեսված քայլերի թվում են դպրոցների բացումը և ռուսերենի խորացված ուսուցմամբ դասարանների թվի ավելացումը՝ ռուսաց լեզվով մի շարք առարկաների ուսուցմամբ:


Ինչպես նշել է նախարարը, դա կարևոր է, քանի որ Հայաստանում ռուսերենն ամենատարածվածն է, այն ԱՊՀ-ի, այժմ նաև Եվրասիական տնտեսական միության աշխատանքային լեզուն է:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА