ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է գնդակահարել Էրդողանին». թուրքական իշխանությունները հայտնվել էին փակուղում

23.09.2017 23:12 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
«Պետք է գնդակահարել Էրդողանին». թուրքական իշխանությունները հայտնվել էին փակուղում

Թուրքիայում ազգությամբ հայ մտավորական, գրող, բառարանագետ, գործարար Սեւան Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության եւ հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով: Բայց ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ այս վճիռը զուտ քաղաքական բնույթ է կրում ու նրա դեմ հալածանքները պայմանավորված էին ոչ միայն հայատյացությամբ, այլեւ Ս. Նշանյանի կողմից Թուրքիայի իշխանությունների, ազգայնականների ու պահպանողականների նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ: Բավական է նշել, որ նա հեղինակել է «Սխալ Հանրապետություն» գիրքը, որտեղ ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։ Ինչեւէ, դեռեւս հուլիսի 14-ին՝ 3,5  տարի թուրքական բանտում անցկացնելուց հետո, Ս. Նշանյանը փախուստի ճանապարհով այլեւս ազատության մեջ հայտնվեց: Իհարկե, նրան դա հաջողվեց, որովհետեւ բանտային բաց ռեժիմ էր կրում, ուստի՝ առավոտները դուրս գալու եւ նշված ժամանակահատվածում վերադառնալու հնարավորություն ուներ: Սակայն, այստեղ ուշագրավն այն է, որ թուրքական իշխանությունները նույնիսկ փորձ չարեցրին՝ նրան բանտ վերադարձնելու ուղղությամբ, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻ հետ:

- Ինչպես գիտեք, նախորդ տարի սեպտեմբերի 23-ին, երբ դեռ Սեւան Նշանյանը բանտում էր, Ստամբուլում մենք նրան հանձնեցինք ՀՀ սփյուռքի նախարարության բարձր պարգեւը՝ «Վիլյան Սարոյան» մեդալը: Ուզում եմ հիշեցնել, որ դա աննախադեպ երեւույթ էր, որովհետեւ ստամբուլյան դահլիճում արարողությունը կատարվում էր՝ մեր եռագույնի ու գերբի ներքո: Ներկա էին քաղաքապետեր, տարբեր կուսակցություններից պատգամավորներ, եւ մեդալը հանձնեցինք Սեւան Նշանյանի փաստաբանին: Եվ այստեղ ամենահետաքրքիրն այն էր, որ ներկաներից մեկը ՝ ճանաչված դեմք Սեիդ Չեթինօղլին , որն իմ լավագույն ընկերներից մեկն է, ասաց. «Եթե ապօրինի շինության համար կարելի է 17 տարի բանտ նստեցնել, ապա Էրդողանին պետք է գնդակահարել, որովհետեւ նա իր թագավորական պալատը կառուցել է հայկական հողերի վրա»: Սա շատ համարձակ քաղաքական քայլ էր, որից հետո Սեւան Նշանյանի հարցը քննարկվեց շատ նեղ շրջապատում՝ Թուրքիայի մշակույթի նախարարի, նաեւ Էրդողանի կուսակցության պատգամավորների հետ, որտեղ ներկա էր նաեւ ազգությամբ հայ պատգամավոր Մարգար Եսայանը: Ուղիներ էինք փնտրում, թե ինչ անենք, որ օգնենք Սեւան Նշանյանին, բայց փառք Աստծո, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ նա արդեն ազատության մեջ է:

Վերադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ իսկապես, ճիշտ եք նկատել, որ թուրքական իշխանությունները նույնիսկ փորձ չարեցին Սեւան Նշանյանին բանտ վերադարձնել, որովհետեւ իրենք էլ էին այս հարցում փակուղում հայտնվել: Չէր կարելի մարդուն 17 տարի ազատազրկման դատապարտել՝ ապօրինի շինության համար, բնականաբար, այդտեղ կար քաղաքական միտումներ: Չեմ ուզում փակագծեր բացել, բայց համենայնդեպս, հայկական բնակավայրերի, հայկական ինքնության վերականգնման ծրագրերի շուրջ Սեւանը բավականին գործ է արել: Եվ այնտեղ մի ուրիշ հարց էլ կար, որի մասին չեմ ուզում խոսել: Ամեն դեպքում, այսօր կարեւորն այն է, որ նա ազատության մեջ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА