ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շեշտվեց, որ Հայաստանը Թուրքիայի քաղաքականությունը չի հանդուրժելու»

22.09.2017 21:15 ԶԱՐԿԵՐԱԿ
«Շեշտվեց, որ Հայաստանը Թուրքիայի քաղաքականությունը չի հանդուրժելու»

ՄԱԿ-ի ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի եւ հատկապես՝ Արցախյան հիմնախնդրին եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հատվածների շուրջ շարունակում են ակտիվ քննարկումները: Ի՞նչ մեսիջներ էր պարունակում ՀՀ նախագահի ելույթը, հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Հայաստանում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎ.
- ՄԱԿ-ն այն ամբիոնն է, որտեղից հնչում են գնահատականներ այնպիսի խնդիրների հետ կապված, որոնք վերաբերում են կոնկրետ երկրի արտաքին քաղաքական օրակարգին եւ մոտեցումներին` կապված այդ օրակարգի հետ: Ելնելով այս ամենից` պետք է նշեմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մեսիջները հիմնականում վերաբերում էին այն խնդիրներին, որոնք առնչվում են մեր արտաքին քաղաքականությանը եւ այն դիրքորոշումներին, որոնք կան տվյալ խնդիրների շուրջ: Այստեղ խոսքը գնում էր մի քանի թիրախային էլեմենտների մասին, որոնք վերաբերում էին երկրի եւ տարածաշրջանային անվտանգությանը եւ երկրի արտաքին քաղաքականությանը: Այդ թվում՝ Հայաստանի գերակայություններին՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախյան հիմնախնդրի հարցի, հայ-թուրքական հարաբերությունների եւ տվյալ հարցում Հայաստանի դիրքորոշման հետ: Եվս մեկ անգամ շեշտվեց, որ Հայաստանը Թուրքիայի քաղաքականությունը չի հանդուրժելու, կանի համապատասխան եզրակացություն: 

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ.
- Հայաստանի նախագահի ելույթը պարունակում էր մի քանի հիմնական շեշտադրումներ: Նախ Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման հարցն է, որը հայության համար օրակարգային պետք է համարել: Ելույթում արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում նախեւառաջ ակնարկ կար՝ ուղղված միջազգային հանրությանն առ այն, որ վերջինս կարող էր անցած տարիների ընթացքում  իրավաքաղաքական հստակ միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի անվտանգության եւ Արցախյան հիմնախնդրի հարցում Ադրբեջանի իշխանությունների որդեգրած ոչ մարդասիրական եւ ապակառուցողական դիրքորոշման նկատմամբ: Անդրադարձ եղավ այն հարցին, որ ադրբեջանական կողմի դիրքորոշման հետեւանքով  հակամարտությունն առաջիկայում դժվար թե խաղաղ ճանապարհով լուծում ստանա: 
Շատ հստակ էր Հայաստանի նախագահի այն ձեւակերպումը, որ ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում  քաղաքացիական անձանց ու ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած վայրագությունները Ադրբեջանի իշխանությունների` Արցախի ժողովրդին բնաջնջելու քաղաքականության շարունակության հաստատումն էր, ասել է, թե` Ադրբեջանի իշխանությունների ձեռագիրը մնացել է անփոփոխ: Ելույթում խոսք գնաց այն մասին, որ այդ վայրագություններ իրականացրած զինվորականներից մեկը արդյունքում  արժանացավ  պետական պարգեւատրման,  այսինքն` քաղաքացիական անձանց եւ գերիների նկատմամբ նման անմարդկային ու դաժան պահվածքը Ադրբեջանում քաջալերվում է պետական մակարդակով: Անդրադարձ եղավ Ադրբեջանի իշխանությունների տոտալ քարոզչության արդյունքում՝ երկրի հասարակությունում հայատյացության զանգվածային տարածման երեւույթին, որով դաստիարակվում են դպրոցականներն ու երիտասարդ սերունդները: Կարեւոր շեշտադրումներից մեկն էլ  այն էր, որ Արցախի միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքը որեւէ կերպ առնչություն չունի Արցախի ժողովրդի ինքնորոշման, իրավունքների արտահայտման եւ խաղաղ գոյակցության հետ:

Միջազգային հարցերով փորձագետ ՄԱՆՎԵԼ ՂՈՒՄԱՇՅԱՆԸ նկատեց.
- ՀՀ նախագահի ելույթը կբաժանեմ երկու մասի` մեկը նվիրված Արցախյան հիմնախնդրին, մյուսը` հայ-թուրքական հարաբերություններին: Սրանք մեր արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներն են: Արցախյան հիմնախնդրի հետ կապված ՀՀ նախագահն ասաց այն, ինչ որ երկար տարիներ ասում է. այստեղ նախագահի դիրքորոշումը չէր փոխվել: Թուրքիայի հետ կապված ելույթի մեսիջն այն էր, որ հայ-թուրքական չարչրկված արձանագրությունները, որոնք քանի տարի է  Թուրքիայի պատճառով չեն վավերացվում, դրանց ժամկետն արդեն վաղուց սպառվել է եւ գարնանը դառնալու են առ ոչինչ: Կարծում եմ` ելույթի հիմնական մեսիջը սա էր:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու, թե ՄԱԿ-ում ՀՀ նախագահի ելույթն ինչ մեսիջներ էր պարունակում:
1. Սա նախ նախազգուշացում էր Թուրքիային, որ եթե արագ քայլերի չգնա, Հայաստանն այլեւս նախկին պայմաններով չի մոտենա հայ-թուրքական հարաբերություններին- 52%:
2. Ելույթը հիմնականում ուղղված էր աշխարհին, որպեսզի եւս մեկ անգամ մատնանշվեր ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Ադրբեջանի հայատյացությունը- 27%:
3.Դժվարանում եմ պատասխանել- 21%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА