ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԵՐԹԻ ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ

20.09.2017 19:45 ԹԵՐԹԻ ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ
 ԹԵՐԹԻ ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ոչ միայն սովորական կյանքում, այլեւ առավել եւս քաղաքականությունում, մեծագույն մեղք պետք է համարել այն, ինչը ժողովրդական լեզվով կոչվում է «աբիժնիկություն»: Սակայն զարմանալիորեն շատ ու շատ քաղաքական գործիչներ, անխուսափելիորեն վաղ թե ուշ եկող պահին արժանապատվորեն քաղաքական թոշակի գնալու փոխարեն գերադասում են շատ տգեղ ձեւով բռբռալ: Այսպես, ԿԲ նախկին նախագահ ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ հայտարարեց. «Պետք է լուծարել այն անիմաստ մարմինը, որը Ազգային ժողով է կոչվում»: Զարմանալի է, ինչն է այդ մարդուն խանգարում անիմաստ թունոտ արտահայտություններով օդը տատանելու փոխարեն հանգիստ զբաղվել տունտեղով, թոռներով, կյանքի սովորական, փոքրիկ հաճույքներով: Չէ՞ որ անգամ, եթե երկինքն ու երկիրը տեղերով փոխվեն, նույն Բ. Ասատրյանը այլեւս երբեք շանս չի ունենալու հայտնվել նույն ԱԺ-ում:
Անհամեմատ ավելի արժանապատվորեն իրեն դրսեւորեց ԱԺ նախկին փոխխոսնակ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ` հայտարարելով. «Իհարկե, եթե հնարավորություններ լինեին, եւ հասարակությունը ներկայիս պասիվ վիճակում չլիներ` արժեր ճնշում գործադրել, պիկետներ, ցույցեր անել, հասարակությանը ոտքի կանգնեցնել: Բայց, անկեղծ ասած, այս պահին ես այդպիսի հնարավորություն չեմ տեսնում, գուցե ավելի ուշ ստացվի»: Բայց զարմանալի է, որ համենայնդեպս, ՀՀՇ-ական թիմի պարագայում «ավելի ուշ ստացվելու» զրոյական շանսը պարոն Ռուբինյանը չի գիտակցում: Այ, թող օրինակ վերցնի քաղաքական դաշտի մեկ այլ վետերան` Վազգեն Մանուկյանից, ով շատ վաղուց բարձրաձայն չի հնչեցնում փողոցային պայքարով ինչ-որ բանի հասնելու երազանքներ, թեեւ 1996-ին ստացել էր բավարար քվեներ` երկրի ղեկը ստանձնելու համար: 
Ինչքան էլ զարմանալի լինի, մեր քաղաքական դասի բավականին զգալի հատվածի վրա էական ազդեցություն է թողնում ՖԵՅՍԲՈՒՔԸ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ժամանակին մանրամասն բացատրել էր, թե ինչպես «Ազատ դեմոկրատները» նույն Ֆեյսբուքում ջան ասելով, ջան լսելով, գործել էին ինքնախաբեության մեղքը եւ վստահ լինելով, որ 5 տոկոս քվեն իրենց գրպանում է, դառնորեն հիասթափվել էին: Բայց միեւնույնն է, ոմանք Ֆեյսբուքից տպավորություն ստանալով, որ կան շանսեր` 2018-ին ՀՀԿ-ին իշխանությունից զրկելու, ջանք ու փող են ծախսում «ե՛ւ մերոնց, ե՛ւ ձերոնց» անիմաստ խաղի վրա: Ո՛չ, սիրելիներս, Ֆեյսբուքում գրանցված շուրջ մեկ միլիոն հայերից ընդամենը մի 700 ակտիվ մարդիկ այդպիսի տպավորություն են ստեղծում, իսկ դուք կուտն ուտում եք, իբր ամբողջ հանրությունն է այդպես տրամադրված: Ավելի լավ է օրինակ վերցրեք սոցիալական ցանցերից ընդհանրապես հրաժարված համաշխարհային աստղերից: Այդպես են վարվել հետեւյալ աստղերը` Ջենիֆեր Լոուրենս, Անջելինա Ջոլի, Բրեդ Փիթ, Քիրա Նայթլի, Ջորջ Քլունի, Սքարլեթ Յոհանսոն, Բրեդլի Կուպեր, Ջոնի Դեպ: Գոնե այդ հոլիվուդյան տիկնիկների չափ խելք ունեցեք: 
Ինչպես հայտնի է, Դիլիջանի Ազգային պարկի շրջակայքի բնակավայրերի բնակիչները ՃԱՆԱՊԱՐՀ էին փակել` բողոքելով այն բանից, որ ոստիկանությունը թույլ չի տալիս զբաղվել ապօրինի ծառահատումներով: Նրանք տրտնջում են, թե դրանով ապրուստի միջոցից են զրկվում: Բայց զարմանալի է, ինչպես կարելի է հրապարակային բողոքով պահանջել, որ չխանգարեն ապօրինի ճանապարհով ապրուստի միջոց վաստակել: Այ, ասենք, եթե վաղն էլ Արմավիրի գյուղերի բնակիչները ճանապարհ փակեն, թե մի խանգարեք մեզ, «պլան» ցանել, մոտավորապես նույնը չի՞ լինի: Կամ էլ ասենք մի խումբ երեւանցիներ էլ որոշեն փողոց փակելով պաշտպանել բանկ թալանելու իրենց իրավունքը: Հիմա ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ բողոքում են ապօրինությունից, բայց պայքարում են անձամբ իրենց համար ապօրինություն գործելու իրավունք ստանալու ուղղությամբ...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА