ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ

15.09.2017 21:15 ԶԱՐԿԵՐԱԿ
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ

Արդեն հաստատ է, որ սեպտեմբերի 20-ից հետո տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ եւ սպասելիքներ կան Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ–ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ.
- Լուրջ ակնկալիքներ եւ սպասելիքներ չունեմ: Սակայն հանդիպումն ամեն դեպքում բարձր եմ գնահատում: Համոզված եմ, որ նմանատիպ հանդիպումները պետք է անընդհատ շարունակել, որովհետեւ դրանք չեն կարող դրական ազդեցություն չունենալ Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի վրա:

Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ.
- Լուրջ ակնկալիքներ այս հանդիպումից չկան, որովհետեւ վերջին քաղաքական գործընթացները վկայում են այն մասին, որ բանակցային գործընթացը գտնվում է խորը փակուղու մեջ եւ առաջընթացի կամ քաղաքական լուծումների գնալու հնարավորություններ այս պահին չկան: Իրավիճակ է փոխվել, եւ, ըստ էության, մենք տեսանք, որ բանակցային գործընթացի ամփոփումն ապրիլյան պատերազմն էր: Դրանից հետո, բնականաբար, նոր մոտեցումների, ստեղծված իրավիճակին ճիշտ գնահատականներ տալու խնդիրներ են առաջացել: Արտգործնախարարները միմյանց հետ հանդիպելուց անմիջապես հետո հանդես են գալիս միմյանց հակասող հայտարարություններով, ինչը վկայում է այն մասին, որ որեւէ լուրջ գործընթաց չկա: Սրան գումարվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխությունը, որի պարագայում նոր ռեսուրսներ են անհրաժեշտ՝ իրավիճակին ծանոթանալու համար: Այդ պատճառով, պետք է նկատեմ, որ սա լինելու է արարողակարգային հանդիպում, որի նպատակն է այդ հանդիպումների շարունակականության ապահովումը: Այսինքն, այստեղ այլ խնդիր դրված չէ դիվանագետների առջեւ:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆ.
- Այս հանդիպումը որեւէ բան չի կարող փոխել Արցախի հիմնախնդրի կարգավորման գործում, քանի որ կողմերի տեսակետները տրամագծորեն հակառակ են: Ադրբեջանը ոչինչ չի ցանկանում զիջել ու մշտապես լարված է պահում արցախա-ադրբեջանական սահմանը: Նրա` մեզ առաջարկածն ավելի քիչ է, քան հայերն ունեին մինչեւ 1988 թվականը: Այս պարագայում ակնկալել, որ հանդիպումը կփոխի Ադրբեջանի բռնած դիրքը, այդքան էլ իրատեսական չէ:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու բնակչության ակնկալիքները նախատեսվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից:
1. Սա հերթական ոչինչ չտվող հանդիպումն է լինելու- 68%:
2. Այս տարվա ընթացքում որոշակի զարգացումներ եղան, եւ այս հանդիպումը եւս մեկ քայլ գործընթացն առաջ կտանի- 16%:
3. Այս  հանդիպմամբ պետք է նախապատրաստվի նախագահների հանդիպումը: Իսկ դա ակնարկ է շարունակվող լուրջ զարգացումների մասին- 5%:
4. Դժվարանում են պատասխանել- 11%
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА