ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ԵԿԵՂԵՑՈՒՑ. Հայկ Բաբուխանյանի հարցազրույցը Հայոց Աշխարհ օրաթերթին

14.09.2017 12:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ԵԿԵՂԵՑՈՒՑ. Հայկ Բաբուխանյանի հարցազրույցը Հայոց Աշխարհ օրաթերթին

Հայոց Աշխարհ օրաթերթը հարցազրույց է վերցրել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆից, ով շատ ավելի կտրուկ է իր գնահատականներում Հրանտ Բագրատյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու մասին ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ: 

- Կարելի էր Հրանտ Բագրատյանին վերաբերվել, որպես ոչ ադեկվատ մարդու եւ ուշադրություն չդարձնել այդ բարբաջանքներին. համապատասխան հիմնարկներում քիչ չեն մարդիկ, որոնք անհեթեթություններ են դուրս տալիս: Ցավոք սրտի, այդ անհեթեթության հեղինակը մեր նախկին վարչապետներից մեկն է, որը նաեւ նախորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր: Այս դեպքում, իհարկե, հարցին պետք է ավելի լուրջ մոտենալ: Փաստն այն է, որ այսօր այն ուժեր, կառույցներ, որոնք ամեն ինչ անում են՝  ոչնչացնելու մեր ժողովրդի ինքնությունը, եւ ագրեսիվ ՙինտերվենցիա՚ են իրականացնում մեր ազգային արժեքների նկատմամբ: Իսկ ազգային արժեքների պահպանման կարեւորագույն ինստիտուտներից՝ հոգեւոր ինքնիշխանության հենասյուներից մեկը եկեղեցին է: Երկրորդը լեզուն է, եւ պատահական չէ, որ նույն անձը հերթով հարվածում է այդ երկու հենասյուներին:

Այսինքն, խնդիր է դրված՝ հայ ազգին պոկելով իր հոգեւոր արմատներից, զրկելու ազգային դիմագիծը պահպանելու եւ զարգանալու հնարավորությունից: Սա նոր բան չէ. գլոբալիստական, նեոլիբերալիստական ուժերը, որոնք աշխարհին փորձում են պարտադրել  իրենց կամքը, ուզում են ստեղծել ազգերի ՙարգելոց՚՝ ամեն մեկին մտցնել մի ստանդարտ վանդակի մեջ եւ թելադրել՝ ով ինչ անի եւ ինչպես ապրի: Հրանտ Բագրատյանն իր այս գործողություններով ցույց է տալիս, որ այդ ուժերի ագենտն է՝ ազդեցության գործակալը: Սա եւս որեւէ մեկի համար նորություն չէ. վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրվանից նա սպասարկում է մեր երկրի, ազգային արժեքների ոչնչացման այդ ծրագիրը (պատահական չէ, որ հենց նա նշանակվեց վարչապետ) եւ հետեւողականորեն շարունաում է հարվածներ հասցնել մեր հոգեւոր ինքնիշխանության հենասյուներին: Ինչո՞ւ հենց նա: Որովհետեւ ոչ բոլոր ազդեցության գործակալներն են պատրաստ այդպիսի կեղտոտ դերակատարություն ստանձնել՝ խոսել մայրենի լեզվի, կրոնի, եկեղեցու  դեմ. նրանք ավելի ՙպրեստիժային՚ առաջադրանքների վրա են՝  ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցում, փողոցների անվանափոխություն…

- Գուցե Բագրատյանն ուղղակի որոշել է հիշեցնե՞լ իր մասին: 

- Դա էլ կա, իհարկե: Հրանտ Բագրատյանն այսօր գտնվում է խորը մոռացության մեջ, եւ եթե այլ անձինք, քաղաքական ուժեր ունեն այլ հնարավորություններ՝ իրենց մասին հիշեցնելու, ապա նախկին վարչապետի ռեսուրսներն այդ տեսակետից բավական սահմանափակ են:  Դուք երբեք չէիք հիշի փխրուն նյարդային համակարգ ունեցող այդ մարդու մասին, եթե չլիներ ֆեյսբուքյան այդ գրառումը. նման սկանդալային հայտարարություններով ինքը ստիպում է խոսել իր մասին: Եվ հավանաբար այդ հանձնարարականները հենց այնպես չեն կատարվում, այլ՝ ինչ-ինչ շահագրգռություններից ելնելով: Բայց նման գործողություններով հասարակական կարծիքի վրա ազդելը, հանրային կարծիքն ուղղորդելը, մեղմ ասած, իրատեսական չէ. մեր ժողովուրդն ինչպես միահամուռ է լեզվի պաշտպանության հարցում, այնպես էլ միահամուռ է եկեղեցին նմանատիպ ստոր ոտնձգություններից պաշտպանելու հարցում:

- Վերակենդանացնելով 2000-ականների սկզբներին ասպարեզ նետած այդ թեզը, որ այն ժամանակ էլ ՙսառը ընդունելության՚ արժանացավ հանրության կողմից, Բագրատյանը չի՞ մատուցում Հայաստանում ծաղկող ու բարգավաճող տոտալիտար աղանդներին ու դրանց ՙտերերին՚:

- Հայտնի բան է, որ աղանդավորական շարժումները, որպես կանոն, կապված են այլ երկրների հատուկ ծառայությունների հետ եւ ֆինանսավորվում են գլոբալիստական, ուլտրալիբերալիստական ուժերի կողմից: Այդ ուժերը ազգերի ինքնությունը քայքայելու մի քանի գործիքներ ունեն, եւ այդ գործիքներից մեկը աղանդավորությունն է: Հրանտ Բագրատյանը, աղանդավորական կազմակերպությունները, դրանց պարագլուխները նույն բանակի զինվորներն են: Ավելի ճիշտ՝ լաքեյները, որովհետեւ զինվոր լինելը պատվաբեր է: Եվ այո, մենք պետք է կարողանանք կասեցնել աղանդների այդ խրախճանքը, որոնք, օգտվելով իրենց արեւմտյան պապաների հովանավորությունից, լկտիացել են վերին աստիճանի: Եվ երբ փորձում ես ահազանգել, հանրության ուշադրությունը սեւեռել այդ հարցի վրա, մատնացույց անել, թե ինչպես են օրը ցերեկով հոգեորսությամբ զբաղվում, ոտնահարում հայ առաքելական եկեղեցու հետեւորդի կրոնական զգացմունքները, անմիջապես ՙմարդու իրավունքների պաշտպանների՚ մի բանակ է դուրս գալիս քո դեմ, որը սնվում է գրանտներով, ֆինանսավորվում երեւացող ու չերեւացող, օրինական եւ անօրինական տարբեր աղբյուրներից: Եվ անմիջապես տիեզերական վայնասուն է բարձրացնում, սկսում է ոռնալ, թե խախտվում է ժողովրդավարության սրբության սրբոցը՝ խղճի ազատության իրավունքը՝  մոռանալով, որ որպես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ, ես էլ ունեմ խղճի ազատության իմ իրավունքը եւ տոտալիտար աղանդների ոտնձգություններից պաշտպանված լինելու ազատությունը: Ստացվում է, որ փոքրամասնությունը ոտնահարում է մեծամասնության իրավունքները:

 Այս պրոբլեմի առաջ ենք կանգնած, եւ հենց դա է գլոբալիստական այդ ուժերի հիմնական պլատֆորմը. փոքրամասնությանը հնարավորություն տալ՝ ոտնահարելու մեծամասնության  իրավունքը: Եվ դա միայն մեր խնդիրը չէ՝ այդ խնդիրը կա ոչ միայն Հայաստանում, այլեւ Գերմանիայում, Ֆրանսիայում, ամենուրեք: Մի տեղ հաջողության են հասնում, ինչպես, օրինակ, Եվրոպայում, որտեղ բնիկ ժողովուրդները բառացիորեն պատանդ են դարձել կրոնական եւ սեռական փոքրամասնությունների ձեռքին, մի տեղ՝ հանդիպում են խոչընդոտների: Վստահ եմ, որ հայ ժողովուրդը կարող է պայքարել այդ վարակի դեմ եւ պաշտպանել իր քաղաքակրթական արժեքները:

- Մեր դիմադրողականության պաշարը բավարա՞ր է այդ ՙներխուժմանը՚ դիմակայելու համար:

- Երբ մենք դարձանք, այսպես կոչված, ՙազատ աշխարհի՚ մի մասը, եւ մեր սահմանները բացվեցին՝ սովետական ժամանակների երկաթյա վարագույրը  բարձրացավ, այստեղ ներթափանցեցին տարբեր երկրների հետախուզությունները եւ հատուկ ծառայությունները, միջազգային կազմակերպություններ, որոնք ամեն օր սղոցում են մեր արմատները, որպեսզի հազարամակներ կանգուն ծառը՝ հայկական ինքնության ծառը, կարողանան տապալել: Բայց արմատներն այնքան խորն են, այնքան ամուր, որ ի վիճակի ենք այդ ագրեսիայի դեմն առնել եւ թույլ չենք տա սասանել մեր արժեհամակարգը: Բագրատյանի նման խեղկատակն, իհարկե, որպես անձնավորություն հետաքրքիր չէ այդ ուժերին՝ խփված խաղաքարտ է, որին օգտագործում են, որովհետեւ գիտեն՝ ամենի ինչի պատրաստ է ջրի երեսին մնալու համար: Բայց կան ավելի լուրջ մարդիկ, որոնք չեն խոսում, բայց գործում են, վնասում են, հարվածում այդ արմատներին: Դրա համար պետք է շատ զգոն լինենք բոլոր նմանատիպ դրսեւորումների հանդեպ:

Հայոց Աշխարհ օրաթերթ. 14.09.2017թ. 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА