ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վերացնել ուսանողներին տրվող տարկետման իրավունքը

14.09.2017 10:03 ԹԵՄԱ
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վերացնել ուսանողներին տրվող տարկետման իրավունքը

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով կվերացվի ուսանողներին տրվող տարկետումը պարտադիր զինվորական ծառայությունից: Բացառության կլինի միայն մեկ դեպքում:

Այս մասին տեղեկացնում է razm.info կայքը` հղում անելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին:

Դրանով նախատեսվում է, որ ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, որոնք, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ եւ ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, իսկ այնուհետեւ՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով:

Խոսքը վերաբերում է «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցությանը, որը նախատեսում է բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Սովորելով քաղաքացիական բուհում` ծրագրում ընդգրկվածները 2-րդ կուրսի սկզբից մինչեւ 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց:

Դիպլոմի հետ մեկտեղ ուսանողը ստանում է լեյտենանտի կոչում ու ամսական առնվազն 260 հազար դրամ աշխատավարձով ծառայության անցնում սահմանագծում։ Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաեւ նրա մագիստրոսական կրթությունը:

Այս մտադրության ու համապատասխան ծրագրի մասին հայտարարվել է տեւական ժամանակ առաջ: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ նախագիծը շուտով կներկայացվի Ազգային ժողով:

Քաղաքացուն տարկետում կտրվի մինչեւ ուսման ավարտի օրը, սակայն ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА