ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալեքսանդր Գրիգորյան. «Ձեր ջերմությունը, սիրելի հանդիսատես, անպայման ինձ կփոխանցվի, ու այն կլինի կազդուրիչ»

14.09.2017 03:20 ՄՇԱԿՈՒՅԹ
Ալեքսանդր Գրիգորյան. «Ձեր ջերմությունը, սիրելի հանդիսատես, անպայման ինձ կփոխանցվի, ու այն կլինի կազդուրիչ»

Այսօր`սեպտեմբերի 14-ին, Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացմամբ կմեկնարկի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 80-րդ թատերաշրջանը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
 «Պետք է ասեմ, որ «Հիշատակման աղոթք» ներկայացումը տևական ժամանակ է, ինչ մեր խաղացանկում է, և այն շատ սիրված է հանդիսատեսի կողմից: Ավանդույթի համաձայն, այս անգամ էլ որոշում կայացվեց թատերաշրջանի մեկնարկը տալ հենց այս ներկայացմամբ: Անշուշտ, տարիների ընթացքում ներկայացումը, կարելի է ասել, որոշակի փոփոխությունների է ենթարկվել. նոր դերակատարներ են ներմուծվել, փոխվել են ներկայացման շեշտադրումները, լավ առումով, սակայն դրանից ներկայացման ասելիքը չի տուժել: Ռեժիսորական լուծումներն անփոփոխ են եղել»: 
Խոսելով թատերաշրջանի բացման մասին` Ալ. Գրիգորյանը շեշտեց. «Մի փոքր անհանգիստ եմ, քանի որ հոբելյանական թատերաշրջանն ենք բացում: Եվ բնականաբար ինձ անհանգստացնում է թատերախմբի վիճակը: Իմ կարծիքով, դերասանները, ստեղծագործական առումով, լավ վիճակում են, ինչը շատ կարևոր է»: 
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ թատրոնի խաղացանկում կան ներկայացումներ, որոնք մեծ մասսայականություն են վայելում. «Ցանկություն կա վերականգնելու Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը»: Այն իմ սիրելի ներկայացումներից է: Անկեղծ ասած, սիրելի ներկայացումներ շատ ունեմ: Օրինակ` Յուրի Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը», «Ինչպես Աստվածները…», «Համադասարանցիները»: Մեծ պատասխանատվությամբ եմ բեմադրել այս պիեսները…»: 
Ա. Գրիգորյանը ներկայացրեց նաև առաջիկա պլանները. «Շուտով մանկական ներկայացում կհանձնի Նորա Գրիգորյանը՝ «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»: Կարծում եմ, շատ հետաքրքիր ներկայացում կլինի, և փոքրիկները գոհ կլինեն: Նորան նաև այլ ներկայացման մասին է մտածում: Արծաթե դարաշրջանի պոետների մասին է այն լինելու: Առայժմ, չբացենք փակագծերը: Բեմ կբարձրանա նաև Միշել Տիբոյի «Իդիալական տղամարդը»` դերասանուհի Վերոնիկա Սարոյանի ռեժիսուրայով»: 
Զրույցի վերջում Ալ. Գրիգորյանը բարեմաղթանքներ հղեց. «Կյանքում ամենից թանգ բանը առողջությունն է: Ուստի`առողջ եղեք: Համոզված եմ, որ Ձեր ջերմությունը, սիրելի հանդիսատես, ինձ կփոխանցվի, ու այն կլինի կազդուրիչ»: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА