ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տիկին Բախշյան, փողոցում չեք». Զարուհի Փոստանջյան

13.09.2017 21:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Տիկին Բախշյան, փողոցում չեք». Զարուհի Փոստանջյան

Թեպետ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ հայտարարել էր, որ չի բացառվում, որ իրենց խմբակցությունը բոյկոտի Երեւանի ավագանու առաջիկա նիստը, բայց, այդուհանդերձ, խմբակցությանը հավատարիմ մնացած երեք տիկնայք երեկ ներկա էին ավանագու նիստին: Եվ, իհարկե, շարունակում էին վարել նույն քաղաքականությունը, որը որդեգրել էին ընտրվելուց ի վեր: Երբ ցանկանում տեղից խոսում էին եւ քննարկվող թեմայից դուրս ինչ ցանկանում` ասում էին Զ. Փոստանջյանի երկու «սուպեր զենքերը»` Սոնա Աղեկյանն ու Մարինա Խաչատրյանը` չխնայելով անգամ ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամներին: Իսկ հիմնական բախումները ամենեւին էլ գաղափարական չէին, եթե չասենք` պարզունակ էին: Օրինակ, «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ողջ նիստի ընթացքում փորձում էր բացատրել «Երկիր ծիրանիի» Մարինա Խաչատրյանին, որ «դու»-ի փոխարեն, իր հետ «Դուք»-ով խոսի: Իսկ «Ելքի» մնացյալ անդամները փորձում էին հորդորել Անի Խաչատրյանին` հեռու մնալ «Երկիր ծիրանիի» «հրետանուց»: Ի դեպ, բավական ուշագրավ էր այն, որ Զ. Փոստանջյանը, չնայած ոչ մի ելույթ չունեցավ, ոչ մի հարց չհնչեցրեց եւ զբաղված էր բացառապես յուր խմբակցության անդամների ուղղորդմամբ, բայց հանկարծ որոշեց արձագանքել «Ժառանգություն» կուսակցության նախկին, այժմ` Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ 70-ամյա Անահիտ Բախշյանին. «Տիկին Բախշյան, փողոցում չեք»: Այս միջադեպին սակայն «Ելքի» պարոնայք նույնքան ակտիվ չարձագանքեցին, որքան Ծիտ մականունով ՀՀԿ-ական Երեւանի ավագանու անդամ Արմեն Սահակյանին, որը եւս ոչ կոռեկտ էր արտահայտվել Ա. Բախշյանի հասցեին:

Ի դեպ, հանուն արդարության, ընդգծենք, որ Ա. Բախշյանը, ընդամենը «Երկիր ծիրանիի» անդամների ագրեսիվ պահվածքից բորբոքված, հորդորում էր վերադառնալ իրականություն ու չշեղվել օրակարգային հարցերից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА