ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բախտագուշակ չեմ, բայց հաստատ կտեսնեք այս նախագծի բացասական հետեւանքները»

13.09.2017 20:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Բախտագուշակ չեմ, բայց հաստատ կտեսնեք այս նախագծի բացասական հետեւանքները»

Խորհրդարանում երեկ քննարկվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի, կառավարությունն առաջարկվում է «Քաղաքացիական օրենսգրքում» ներդնել հարեւանային իրավունքը, որը կարգավորելու է հարեւանային հարաբերությունների բնագավառում առկա բազմաթիվ վեճեր, խախտումներ ու անորոշ իրավիճակներ: Ինչպես օրինակ, հստակեցվում է հարեւան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղների նկատմամբ սեփականության հարցը, հարեւան տարածքից արմատների ու ճյուղերի անցումը այլ հողամաս եւ այլն: Այս նախագծին բավական կոշտ արձագանքեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, մասնավորապես նշելով, որ այն կարող է հանգեցնել մարդասպանության, մեծ կռիվների ու պատմությունների:

– Չեմ ուզում որեւէ գյուղացու վիրավորել, դրա իրավունքն էլ չունեմ, բայց էդ մարդը, որ չարչարվել է էդ ծառի վրա, դուք պատկերացնո՞ւմ եք` հարեւանը զանգում, ասում է` եթե ծառերը վաղը առավոտյան կտրած չեղար, ես եմ կտրելու... Իբրեւ ողջամիտ ժամկետ է: Եվ առավոտյան տեսնում է ծառերը կտրած չի, վերցնում` ինքն է կտրում: Սա մարդասպանության հիմք է հանդիսանալու: Կտեսնեք, ես բախտագուշակ չեմ, բայց հաստատ կտեսնեք սրա բացասական հետեւանքները, թե ինչ կենցաղային վեճեր են լինելու` դրանից բխող քրեաիրավական հետեւանքներով: Եվ վերջապես` հարեւան հասկացությունը եկեք չձեւախեղենք այս նախագծով: Գերմանացու համար հարեւանը այլ ընկալում ունի, հայի համար` այլ: Եվ բավական է, որ մենք ընդամենը գերմանական կամ ճապոնական եսիմ ինչ փորձեր յուրացնելու համար ավելորդ իրավակարգավորում տանք իրականում բարիդրացիական հարաբերություններին: Կներեք համեմատության համար, բայց այսպես որ լինի, մեկ էլ հանկարծ կարող ենք լսել, թե հայրենի Կառավարությունը նախաձեռնելու է իրավական կարգավորման ենթարկել ընկերների, քավոր-սանիկների փոխհարաբերությունները, ամուսնության հաջորդ օրվա առավոտյան նախապատրաստվող գործողությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Գ. Պետրոսյանի հետ «Իրավունքի» հարցազրույցը կարդացե՛ք թերթի ուրբաթ օրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА