ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելք» խմբակցության ղեկավարին մեղադրեցին ՀՀԿ խոսնակի դերը ստանձնելու մեջ

13.09.2017 20:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ելք» խմբակցության ղեկավարին մեղադրեցին ՀՀԿ խոսնակի դերը ստանձնելու մեջ

Երեւանի ավագանիում լարված իրավիճակ է ստեղծվել երկու ընդդիմադիր խմբակցությունների միջեւ: Վերջիններս միմյանց այն աստիճան չեն կարողանում տանել ավագանու նիստերի ժամանակ, որ անցնում են փոխադարձ վիրավորանքների դաշտ: Ընդ որում` «Երկիր ծիրանի» խմբակցության տիկնանց հաջողվում է հունից հանել անգամ «Ելք» խմբակցության ավագանու ամենահավասարակշռված անդամներին: Երեկ ավագանու նիստի ժամանակ բոլոր նախագծերի քննարկման ժամանակ նույն երգը երգող «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին մի կերպ հանդուրժելուց հետո` «Ելք» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ չզսպեց իրեն այն ժամանակ, երբ «Երկիր ծիրանիի» գործընկերները «ռեպլիկներ» սկսեցին բաց թողնել` անդրադառնալով ավագանու անդամների երեխաներին:

Նշենք, որ քննարկումը վերաբերում էր ենթակայանների կառուցմանը, մինչդեռ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները խոսում էին մայրաքաղաքում անտունների, սոցիալապես անապահով խավի եւ այդ տարածքներում ո՛չ ավել, ո՛չ պակաս անտառներ տնկելու մասին: Ավելին` դեռ մի բան էլ մեղադրեցին «Ելքին», թե տպավորություն է, որ իրենց երեխաներն այդտեղ չեն ապրում, քանի որ նրանք էլ կողմ էին նախագծին, ինչպես ՀՀԿ-ական ավագանու անդամները: Ի պատասխան` Դ. Խաժակյանը շեշտեց. «Հարգելիներս, մեր անդրադարձը ձեզ լինելու է համարժեք, եթե դուք տարածքները չեք ուսումնասիրել, իսկ ակնհայտորեն դուք դա չեք արել, ուրեմն` չեք պատկերացնում` ինչ տարածքի մասին է խոսքը: Դուք չեք պատկերացնում` ենթակայանը ընդհանրապես ինչի համար է:  Բազմաբնակարան շենք է կառուցվել, որտեղ բացակայում է ենթակայանը, կամ առկա է շենք, տարածք, որտեղ պետք է լինի ենթակայան, որպեսզի ապահովի տվյալ տարածքի էլեկտրաէներգիան: Հիմա դուք եկել եք, հերիք չի խոսում եք տարածքի նշանակության փոփոխության մասին, մի հատ էլ ասում եք ձեր երեխաներն այդտեղ չեն ապրում... Մենք գնացել ենք, տեսել ենք, դուք էլ գնացեք տեսեք այդ տարածքները: Խմբակցության մեքենան, որը ձեզ տրամադրվում է, նաեւ նման տարածքները ուսումնասիրելու համար է: Եթե ուսումնասիրեիք, կհասկանայիք, որ նման հայտարարություններն ընդհանրապես ակտուալ չեն: Եվ խնդրում եմ` մյուս անգամ նման կերպով չանդրադառնանք, նման ընդհանրացումներ չանեք»: Չուշացավ նաեւ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԻ արձագանքը. «Ըննդիմադիր համարվող ֆրակցիայի կողմից, կարելի է ասել, խոսեց ՀՀԿ խոսնակը»: Թե ինչպես են վերաբերվում «Ելք» դաշինքի կարկառուն ներկայացուցիչները, երբ իրենց ավագանու խմբակցության ղեկավարին «Երկիր ծիրանիում» համարում են ՀՀԿ խոսնակը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՅՔԱՆԻՑ. «Եթե կարիք կա` մեկնաբանելու ու ավագանու որեւէ խմբակցության քաղաքական հայտարարության, դա կմեկնաբանեն մեր ավագանու անդամները: Ես կարիք չեմ տեսնում մեկնաբանելու: Մեր խմբակցությունից ես գոհ եմ, շատ ակտիվ գործում են, եւ դեռ ամեն ինչ նոր է սկսվել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА