ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2017-ի 8 ամսում կատարվել է 376 մլն դոլարի ներդրումային ծրագիր. դա կազմում է նախատեսվածի 45 տոկոսը

13.09.2017 17:16 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017-ի 8 ամսում կատարվել է 376 մլն դոլարի ներդրումային ծրագիր. դա կազմում է նախատեսվածի 45 տոկոսը

2017 թվականի 8 ամիսների արդյունքներով պետական եւ համայնքային բյուջեյից, վարկային ծրագրերով եւ մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 միլիոն դոլար: Այս մասին նշված է ՀՀ կառավարության հաշվետվության մեջ, որը վերաբերում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածին:

Հաշվետվության համաձայն, 2017-ի առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ 328 մլն դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար 36.6 տոկոս եւ 26.3 տոկոս):

Նշենք, որ 2017-ի համար կառավարությունը կանխատեսել է 834 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, իսկ հաշվետու ժամանակահատվածում կատարողականը կազմել է 45 տոկոս:

Ներդրումների ոլորտում կառավարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, հիմնադրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը, որի միջոցներով մեկնարկել են 2 ծրագրեր՝ շուրջ 250 մլն դոլարի ներդրումով: Մասնավոր հատվածից ստացված ներդրումային ծրագրերից 28-ի համար սահմանվել են մաքսատուրքից ազատման արտոնություններ, 19-ի համար՝ ԱԱՀ հետաձգման արտոնություններ։

Ներդրվել է ներդրումների խթանման եւ ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը: Ներդրումների պաշտպանության եւ վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ էլ մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը, ներդրվել է ռեդոմիցիլացիայի (վերաբնակեցման) ինստիտուտը, որով կապահովվի օտարերկրյա նոր 5-10 ընկերությունների մուտք եւ գրանցում Հայաստանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА