ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՐԵՔ ԽՈԶՈՒԿՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԷԻՆ»

13.09.2017 22:45 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԵՐԵՔ ԽՈԶՈՒԿՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԷԻՆ»

Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում իջեւանցիների հյուրն էր: Իջեւանի Մշակույթի պալատում իջեւանցի մանուկների համար թատրոնը նախատեսել էր Նորա Գրիգորյանի բեմադրությամբ Օ. Եմելյանովայի «Երեք խոզուկները» մանկական ներկայացումը: Իջեւանցի փոքրիկներն այնքան էին տարվել ու հրապուրվել հեքիաթի հերոսներով, որ Գայլուկի` Խոզուկներին «վնասելու» փորձերին, հարցի լուծման տարբերակներ էին առաջարկում:
Նույն օրը «Երեք խոզուկները» բեմ բարձրացան նաեւ Հաղարծինի Մշակույթի պալատում: Այստեղ եւս ասեղ գցելու տեղ չկար, ու ծափերի պակաս էլ չգրանցվեց: Ավելին` ներկայացումից հետո փոքրիկները չէին շտապում հրաժեշտ տալ հեքիաթի հերոսներին, լուսանկարվում էին, զանազան հարցեր տալիս ու կիսվում իրենց ստացած տպավորություններով: Նույնիսկ փոքրիկներից մեկն ասաց, որ վճռել է դերասանուհի է դառնալ, թեպետ շեշտեց, որ գիտակցում է, թե որքան բարդ է դերասանի աշխատանքը:
15 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ «ՀԱՅ ՖԵՍՏԸ» ԿՄԵԿՆԱՐԿԻ ՎՐԱՑԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՈՎ
Արդեն 15-ամյա «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական ամենամյա փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը: Այս անգամ փառատոնը կընթանա «We are 15 years old young» («Մենք 15 տարեկան երիտասարդ ենք») խորագիրը, որի ներքո կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների եւ հյուրերի, նրանց թվում` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Իսրայելից, Լիտվայից, Գերմանիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ այլ երկրներից:  
Երեւանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաեւ բացօթյա ներկայացումներ:
«Իրավունքի» հետ զրույցում փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ տեղեկացրեց` նշանավոր ներկայացումներից են գերմանական «Չի Տուլա Լիմնիոս» թատրոնի «Տեմպուս ֆուգիտ», Լիտվական «Ուրբան Դանս Թիեթեր Լոու Էյր» թատրոնի «Խաղի ավարտ» ներկայացումները եւ Սուխումիի դրամատիկ թատրոնի «Յակիշ եւ Պուպչե» ներկայացումը, որով էլ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կմեկնարկի փառատոնը:
Հ.Գ. Արթուր Ղուկասյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունքի» հաջորդ համարում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА