ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սուլթան Համիդի կարգերն են Արա գյուղում»

13.09.2017 20:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սուլթան Համիդի կարգերն են Արա գյուղում»

Օրերս «Իրավունքի» խմբագրություն էին դիմել  Կոտայքի մարզի Արա գյուղի մի խումբ բնակիչներ, ովքեր դժգոհում էին շուրջ երկու ամիս ոռոգման ջրից զրկված լինելուց: «Մեր ապրուստն էլ մենք մեր այգիների բերքերով ենք վաստակում, բայց էս տարի մեր գյուղապետի ու իր բարեկամ ջրբաշխի թեթեւ ձեռքով գյուղում ոռոգման ջրից օգտվեցին ու մինչ օրս օգտվում են միայն նրանք, ովքեր գյուղապետի ծանոթ-բարեկամներն են: Մնացածներիս համար ոռոգման ջուր ասվածը գոյություն չունի: Ասում են` բա էն ունեւորների բերանները ո՞նց փակենք, որ ձեզ ավել ջուր տանք: Ախր ավել ջուր էլ չենք ուզում, մեզ մեր հասանելիք ջրից են կտրել, սաղ այգիները չորացել են: Նայում ենք բերքը վրան չորացած ծառերին ու սրտներս մղկտում է: Բա գյուղապետն էլ էսքան անսրտացավ ու անտարբե՞ր կլինի իր գյուղի ժողովրդի դարդ ու ցավին»,- ասաց խմբագրություն դիմած վերոհիշյալ գյուղի բնակիչներից Նորիկ Մինասյանը:


Թե իրականում ի՞նչ վիճակ է գյուղում, որքանով է իրականությանը համապատասխանում մարդկանց դժգոհությունը, փորձեցինք համոզվելու համար լինել տեղում:
Գյուղ մտնելուն պես առաջինը, որ աչքի էր զարնում, քարուքանդ փողոցներն էին: Այն աստիճան, որ մերթընդմերթ ասֆալտի կտոր տեսնելուց արդեն զարմանում էինք: 
Մի կերպ հասանք գյուղամեջ, որտեղ արդեն ուշադրություն էին գրավում դեռ կանաչ, բայց թոշնած ծառերը, որոնց վրայից կանաչ խնձորները թափվում էին գետնին: Ոչ միայն ծառերն ու բուսականությունն էին ծարավ մի կաթիլ ջրի, հողն այն աստիճան էր չորացել ու ճաքճքել, որ միանգամից զգացվում էր, որ ամիսներով ջուր չի տեսել:

«Թքած ունի գյուղացու հոգսի վրա»

Մեզ դիմավորեցին խմբագրություն դիմած բնակիչները, ովքեր հուզված մատնացույց էին անում այն, ինչ առանց նրանց էլ արդեն տեսել էինք՝ առանց ջրի մնացած ու չորացած այգիները: Սակայն գյուղում փոքր շրջակայությունից հետո մեկ այլ փաստ եւս դժվար չէր ֆիքսել. ոչ բոլոր տարածքներն էին չորացած: Իսկ դա նշանակում էր՝ այգիների մի մասը ջուր ստացել է, մի մասն էլ՝ ոչ: Գյուղացիներն էլի նույնն էին պնդում. 
- Գյուղապետի ծանոթ-բարեկամները, մի քիչ ունեւորները, մեջք ունեցող գյուղացիները ոչ միայն ջրի պրոբլեմ չունեն, այլ՝ ջրի մեջ լող են տալիս իրենց այգիները: Իսկ մեզ`«անտերներիս» զրկում են գոնե շաբաթը մի անգամ այգիները, տնամերձները ջրելու հնարավորությունից: Ու էս անարդարության գլխավերեւում կանգնած է մեր գյուղի ղեկավարը, ով բառիս բուն իմաստով, թքած ունի մեր վրա, բալա ջան,- ասաց Արթուր Թորոսյանը՝ հավելելով.
- Չենք կարողանում հասկանալ մենք մեր գյուղապետին: Հազիվ գյուղի հողերն է վաճառում՝ իր համար ունեցվածք դիզելով: Գյուղացու հոգսը հեչ չի հուզում էդ մարդուն: Պատկերացրեք` իրեն ձայն տվողներն էլ են արդեն հիասթափվել, զզվել են Իսպիրյանի վերաբերմունքից: Ասում են` ձեռքներս կոտրվեր, դրան ձայն չտայինք: Մեր գյուղապետը ոնց ուզում, ինչ ուզում անում է խեղճ ու կրակ գյուղացիների հաշվին: 

Պակաս վրդովված չէր Վանիկ պապը.
- Մենք չունեւոր ընտանիքներով արդեն երկու ամիս կլինի՝ գրամ ոռոգման ջրի երես չենք տեսել, սաղ ծառերը չորացել են: Վարկերի տակ ենք, մենք էլ պետությունից փող ենք վերցնում՝ էս այգիների տված բերքի հույսին: Հիմա չգիտենք, թե գլուխներս որ պատով տանք, որ վարկի տակ չմնանք  ու «սեւ ցուցակ» չընկնենք: Էս տեսակ անտարբեր գյուղապետ տեսած չկանք, թքած ունի գյուղացու հոգսի վրա: Ինֆարկտի է հասցնում ժողովրդին իր անտարբերությամբ: Մտնում ենք կաբինետ, ասում է` թողեք, գնացեք, էդ իմ խնդիրը չի: Բա էդ գյուղապետի պատասխա՞ն է: Իսպիրյանը մի քանի գյուղացու գյուղապետ է, ովքեր ամեն ինչից արտոնյալ օգտվում են, ե՛ւ ոռոգման ջրից, ե՛ւ խմելու ջրից: Գյուղապետը մեր հաշվին արտոնյալներին լավություն է անում` մեզ էլ զրկելով հասանելիք ջրից...

Գյուղի ուսուցչուհիներից` Աննա Բաբայանն էլ ավելացրեց.
- Բերքը ծառերի վրա՝ կանաչ-կանաչ թափվում է: Մի շիթ ջուր էս քանի ամիս է այգիները չեն տեսնում: Դիմել ենք կառավարությանը, Ջրային տնտեսության կոմիտեին, բայց մեկը մյուսի վրա գցելուց բացի ուրիշ հարց չեն լուծում: Հետո ասում են՝ պետք է կանգնել գյուղացու կողքին, էսպե՞ս եք կանգնում...

Ժաննա տատն էլ, մատնացույց անելով իր չորացած ծառերը, ասաց.
- Սուլթան Համիդի կարգերն են Արա գյուղում, դաժե ավելի վատ, գոնե Սուլթան Համիդը թողնում էր՝ ջրեին այգիները, հետո նոր էր գալիս բերքը տանում...

«Բաշխում ենք, ոնց կարողանում ենք»

Ինչո՞վ է պայմանավորված գյուղացիների դժգոհությունը, ինչո՞ւ է գյուղի միայն մի մասը ջուր ստանում, փորձեցինք պարզել գյուղի ջրբաշխ Համլետ Հովհաննիսյանից: Նա կարճ ու կոնկրետ պատասխանեց.
- Ում հնարավորություն ունենք, տալիս ենք, ում չէ` չէ: Հիմա ես հո մեջտեղից չե՞մ կիսվելու՝ հինգ հարյուր տնտեսության ջուր հասցնելու համար:
- Պետք չէ մեջտեղից կիսվել, ընդամենը պետք է հավասարաչափ ջուրը բաշխել:
- Դե, գիտեք ինչ, բաշխում ենք՝ ոնց կարողանում ենք: Գյուղը բողոքական է, ես ի՞նչ անեմ: Մեկին տալիս ես, մյուսն է գոռգոռոցը դնում:
- Բայց փաստորեն մեկին մյուսների հաշվին եք տալիս:
- Չկա էդպիսի բան, բոլորին ոնց հասնում է, տալիս ենք: Էս տարի երաշտի տարի է, ոռոգման ջրի խնդիր բոլորն էլ ունեն, մենակ մեր գյուղը չի: Ես ավել բան չեմ կարող ասել:

Գյուղապետ Արայիկ Իսպիրյանն էլ առհասարակ չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ՝ ասելով.
- Սաղ գյուղն էլ ջրի խնդիր ունի, էդ իմ «պազիցիայի» մեջ չի: Ինչ կարողանում, անում ենք, էսքան բան:

Խնդրի հետ կապված, բնական է, դեռ կփորձենք նաեւ պետական պատկան կառույցների դիրքորոշումը պարզել: Բայց մինչ այդ միտքը հնչեցնենք. եթե գյուղապետն այն մտքին է, որ գյուղի ոռոգման խնդիրն իր «պազիցիայի» մեջ չի, ապա հաստատ նա իր դիրքում չէ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА