ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրաժարվել Լեւոն Մկրտչյանի՞ց, թե՞ վերանայել ԿԳՆ վարած քաղաքականությունը

13.09.2017 19:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
 Հրաժարվել Լեւոն Մկրտչյանի՞ց, թե՞ վերանայել ԿԳՆ վարած քաղաքականությունը

Արդեն չգիտես էլ որերորդ անգամ ՀՀ կրթության եւ գիտության նախարար աշխատող Լեւոն Մկրտչյանի պաշտոնավարման տարիներին կատարված փոփոխությունների դժգոհություններին ու ոչ արդյունավետ աշխատանքին անդրադառնալով` կրթության փորձագետ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ կանգ է առել վերջին դեպքի վրա` ընդգծելով, որ անձամբ չի հանդուրժում եւ պահանջում է Լ. Մկրտչյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ 58-ամյա հետիոտնին Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով մահացու ելքով վրաերթի ենթարկած Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի 17-ամյա որդին ԿԳՆ առաջարկով` Գիտելիքի օրվան նվիրված պետական միջոցառմանը պարգեւատրվեց ոսկե մեդալով: Այս եւ դրան նախորդած ու հաջորդած բացթողումների համար, արդյոք պետք է հրաժեշտ տա իր հարազատ պաշտոնին Լ. Մկրտչյանը, պարզեցինք քաղաքական ուժերի տեսակետները:

«ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԸՆԴՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՄՈՏԵՆԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ»

Ըստ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` կառավարությունն ու ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը չեն պատկերացնում, թե ինչպես են կրթական համակարգը դուրս բերելու այս խորը ճգնաժամից ու խիստ իրավիճակային լուծումներ են տալիս, ինչն էլ ավելի է խորացնելու ճգնաժամը. «Լեւոն Մկրտչյանը, ընդհանրապես, մի քանի տարին մեկ իր կարծիքը փոխում է` կրթական ոլորտի կազմակերպման վերաբերյալ: Պետք է ստեղծել ոլորտի գիտակ մարդկանց խորհուրդ, շտա՛պ, այլապես փլատակների տակ ենք թողելու ամբողջ համակարգը: Լեւոն Մկրտչյանին էլ ընդմիշտ պետք է արգելել մոտենալ կրթական ոլորտին»:

«ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ»

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, ի տարբերություն «Ելքի» ավագանու անդամների, նախ ընդգծեց, որ չի պահանջում ԿԳ նախարարի հրաժարականը. «Պարզապես, պահանջում եմ, որ յուրաքանչյուր երեւույթի տրվի իր գնահատականը: Այստեղ միախառնել տարբեր երեւույթներ, թե մեդալ ենք տալիս ինչ-որ մեկին, որը հայտնվել է ինչ-որ փորձանքի մեջ կամ այլ իրավիճակում, ճիշտ չէ: Մեդալը տրվում է նրա գիտելիքի համար, նրա սովորելու համար, պետք է կարողանալ տարանջատել այս ամենն ու յուրաքանչյուր երեւույթին տալ իր գնահատականը»:

Մեր այն դիտարկմանը, թե ինչպե՞ս կարող է վատ վարք ունեցող աշակերտը ոսկե մեդալակիր դառնալ, Ռ. Մուրադյանը այսպես պարզաբանեց. «Հատուկ վարքի գնահատական չկա, նախկինում կար: Ընդհանրապես, վարքն արդեն իսկ ընդհանուր արժեքային գնահատականն է, բայց այնպես չէ, որ այդ երեխան դպրոցում վատ վարք է դրսեւորել: Երբ ուսուցիչների հետ էլ խոսում ես, փաստում են այն մասին, որ նա եղել է լավ աշակերտ: Այնպես որ, պետք չէ ամեն ինչ իրար խառնել եւ ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որտեղ թացը չորից չկարողանանք տարբերել»:

«ՍԽԱԼՎԵԼԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ»

Ամեն դեպքում, կրթական ոլորտում Լ. Մկրտչյանի վարած քաղաքականության մնացած թերություններին` սկսած երեխային դպրոց չուղարկելու պատճառով, օրինակ, սոցիալապես անապահով ընտանիքներին 30 հազար տուգանելու ծրագրին կամ դպրոցներ փակելուն ու ուսուցիչներ կրճատելուն ինչպե՞ս է վերաբերում ՀՀԿ պատգամավորը, մեր զրուցակիցն ասաց. «Գտնում եմ, որ ընդհանրապես սխալվում է այն կառույցը, այն մարդը, որն աշխատում է: Իսկ սխալվելը դատապարտություն չէ: Եթե կա սխալ, դրա համար միշտ ԿԳ նախարարությունը աշխատում է բաց քննարկումների տիրույթում: Եվ ասեմ, որ շատուշատ քննարկումներ իրականացնում է մեր կազմակերպությունը, եւ այդ քննարկումների միջոցով միշտ պատրաստ են ընդունել հետադարձ կապով արձագանքներ, առաջարկներ` բարելավելու կամ իր գործունեության ուղղությունները ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Այս առումով կարծում եմ` պետք չէ ԿԳ նախարության վրա ցեխ շպրտել եւ այդ ճանապարհով փորձել հերոսանալ: Նույն ԿԳ նախարարությունը կրթության ոլորտի բավականին լուրջ բարեփոխումներ է իրականացնում: Կարո՞ղ ենք օգնել կրթական այդ բարեփոխումներին, ուրեմն` պետք է նպաստենք դրան, եթե ոչ, ուրեմն` չպետք է խոսենք»:

«ՀՐԱԺԱՐԿԱՆԻ ՊԱՀԱՆՋ ԴՆԵԼԸ ԲՈԼՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ էլ, անդրադառնալով ՀՅԴ-ական նախարարի հրաժարականի թեմային` ընդգծեց, որ այդպիսի պահանջ դնելը բոլորի իրավունքն է. «Բայց դրա համար հիմքեր չեմ տեսնում: Երկու բան է իրար խառնվել. նախ` այդ պարգեւատրումը չի եղել նրա համար, որ ավտովթար է տեղի ունեցել, այլ պարգեւատրել են` իր կրթական մակարդակը գնահատելով եւ այդ ուղղությամբ ձեռքբերումները գնահատելով»:

Դե իսկ կրթական ոլորտում առկա մնացյալ խնդիրները ՀՅԴ-ականները ո՛չ տեսել են, ո՛չ լսել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА