ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ-ԲՀԿ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ՞

13.09.2017 20:00 ԹԵՄԱ
ՀՀԿ-ԲՀԿ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱ՞

Խորհրդարանական ընտրություններից հետո շատ է քննարկվում այն հարցը, թե ինչ դիրք է զբաղեցնելու ԲՀԿ-ն եւ նրա խորհրդարանական խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքը: Կգործեն ընդդիմադիր դաշտո՞ւմ, կմտնեն ՀՀԿ-ի հետ կոալիցիա՞, թե կգերադասեն չեզոքությունը: Եվ ահա «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկար պաուզայից հետո՝ նախօրեին որոշ փակագծեր բացեց: Ճիշտ է, միայն մի փոքր, բայց դա էլ է ենթադրությունների համար հիմք: Այսպիսով, հնարավո՞ր է, որ նոր Սահմանադրության ընթացքի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ գալիք տարվա  փետրվարին ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմեն: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ էԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. 
- 2018 թվականի ապագա կոալիցիայի, կառավարության վերաբերյալ որեւէ քննարկում ՀՀԿ-ում չի ծավալվել: Մեկ անգամ չէ, որ դրա մասին ասվել է: ՀՀԿ-ն այս պահին իրականացնում է նախագահ Սարգսյանի՝ մայիսի 18-ի ծրագրային ելույթի դրույթները, որի հիմքի վրա է գործում կառավարությունը:

ԱԺ փոխնախագահ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ.
- Ծառուկյանն օրերս էլ ասաց, որ եթե այդպիսի հարց լինի, կքննարկենք: Քաղաքականությունը եթե-ով չի լինում. եթե կոալիցիա կազմելու հարցը չի քննարկվում, ի՞նչը կարող ենք հաստատել կամ մերժել: Կլինի քննարկում, այդ դեպքում հարցը կլինի արդիական եւ կենսունակ քննարկման համար: Իսկ այս պահին մեզ մոտ այդ հարցը չի քննարկվում:

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ.
«Վաղ է խոսել այս մասին, որովհետեւ այսօր կա դաշնակցությունը: Սակայն այն հանգամանքը, որ այսօր «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր-կենտրոնամետ դիրքորոշում ունի, չի բացառում, որ կընդգրկվի կոալիցիայի մեջ: Չնայած ներկա քաղաքական իրավիճակում ավելի լավ է այսքան վաղ եզրակացություններ չանել: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնի հարցին, ապա քաղաքականության մեջ նման հարցեր սովորաբար քննարկվում են մի քիչ անձնավորված, գուցե այստեղ կան պայմանավորվածություններ»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА