ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հոգեւոր առաջնորդների հանդիպումը շահեկան էր». Գեւորգ Դանիելյան

13.09.2017 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Հոգեւոր առաջնորդների հանդիպումը շահեկան էր». Գեւորգ Դանիելյան

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի նախաձեռնությամբ` վեց տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում տեղի ունեցավ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի միջեւ հանդիպումը: Եռակողմ հանդիպման արդյունքում հոգեւոր առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Տեղի ունեցած հանդիպման ուշագրավ մանրամասների վերաբերյալ, «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ, որը, որպես Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ, ներկա է եղել այս հանդիպմանը: Նա նախեւառաջ առանձնացրեց ինչպես բանակցությունների ընթացքը, հատկապես, այդ փուլում Վեհափառ Տիրոջ կողմից հնչեցրած առանցքային մտքերը, այնպես էլ արդյունքներով ստորագրված ուղերձը:

ԱԼԼԱՀՇՈՒՔՅՈՒՐ ՓԱՇԱ ԶԱԴԵՆ ՓՈՐՁԵԼ Է ԱՐԴԱՐԱՆԱԼ

– Իմ համոզմամբ` երկու ասպեկտով էլ այդ հանդիպումը շահեկան էր, թեպետ` առավելությունը կտայի բանակցությունների ընթացքում Հայոց կաթողիկոսի հնչեցրած հայտարություններին: Դեռ 28 տարի առաջ, երբ Ադրբեջանի տարածքում արձանագրվում էին ազգությամբ հայ մարդկանց նկատմամբ դասական իմաստով ցեղասպանության փաստեր, ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետն էի եւ այդ կարգավիճակով բազում առիթներ եմ ունեցել մասնակցելու տարաբնույթ բանակցությունների: Այդ համատեքստում ես միանշանակ կառանձնացնեի հոգեւոր առաջնորդների հանդիպումը. այստեղ Վեհափառ Տերը համոզիչ փաստերով հրապարակայնորեն իրերը կոչեց իրենց իսկ անուններով: Ընդ որում, յուրաքանչյուր փաստի հիմքում անզեն աչքով նկատվում էր իր անվերապահ բարձր իրազեկվածությունը եւ հանգամանքների գնահատման տեսանկյունից` բարեխիղճ ու ճշգրիտ վերաբերմունքը: Թերեւս, այդ կեցվածքի շնորհիվ էր, որ փաստաթղթի վերանայումը, վերջինիս առավել ազդեցիկ բնույթ հաղորդելը, դարձավ միանգամայն ակնկալելի: Ավելին, Վեհափառ Տերն անթաքույց այն միտքը հնչեցրեց, ըստ որի` ինքն ակնկալում է, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը դադարի մամուլում բանակցությունների ոգուց շեղվող, իրականության հետ աղերսներ չունեցող հայտարարություններ անել, ինչին ի պատասխան, վերջինս փորձեց դրանք բացատրել Ադրբեջանի մամուլի որոշ հատվածի` իրավիճակը կեղծիքներով լարելու դիտավորությամբ: Տպավորությունն այն էր, որ քրիստոնեական հանդուրժողականությանը նվիրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին` համբերատար ու համոզիչ խոսքով կարողացավ իրավիճակը` իր բոլոր նրբություններով հանդերձ, հանրամատչելի դարձնել, զերծ պահել միջազգային հանրությանը հատվածաբար ու խեղաթյուրված տեղեկատվությունից: Չմոռանանք, որ հանդիպման մի զգալի հատված լուսաբանվում էր միջազգային մամուլի կողմից:  

 Պարոն Դանիելյան, իրավագետի սուր աչքով՝ ի՞նչը կառանձնացնեք կամ հիմնաքարային կհամարեք այս հանդիպումից եւ արդյոք հնարավոր համարում եք կրոնական երկխոսության ճանապարհով Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միանգամայն համարժեք է գնահատում իրադարձություններն ու երեւույթները, ըստ այդմ էլ՝ այս նախաձեռնությունից դրական արդյունքներ է ակնկալում ճիշտ այնչափ, որչափ որ սկզբունքորեն հնարավոր է հոգեւոր առաջնորդների ուղերձի գործադրմամբ: Իրատեսական կլինի խոսել ոչ թե Արցախի հիմնախնդրի կարգավորման, այլ այդ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն նպաստող հնարավոր բոլոր միջոցներին դիմելու մասին:

Նկատենք, որ այս բնույթի հանդիպումները, որպես կանոն, այնքան էլ հաճախակի չեն, սակայն ռազմական բախումներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արձագանքը, դրանց ողջամիտ եղանակներով միջամտելու ու հնարավոր միջոցներով այդպիսիք կանխելու առաքելությունն իրականացվում է մշտապես:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ միայն Սահմանադրությամբ է ճանաչված, որպես Ազգային, այլեւ իր էությամբ է այդպիսին, անվերապահորեն վայելում է ողջ հայության վստահությունն ու հարգանքը, ինչը խիստ կարեւոր գործոն է՝ հնչեցրած խոսքի արժեքը երաշխավորելու եւ, ընդհանրապես, համազգային շահերն առավել պաշտպանված դարձնելու տեսանկյունից: Վերջին հաշվով, դժվար չէ նկատել, որ Հայ Եկեղեցին իր ողջ առաքելությամբ առանցքային դերակատարում ունի ազգապահպանության տեսանկյունից, ուստի` առնվազն խելամիտ չէ այդ գործընթացին դիմակայելը:

Ինչեւէ, իմ համոզմամբ, առավել արժեքավոր են փաստաթղթի այն կետերը, որոնք առնչվում են քաղաքական ուժերին ռազմատենչ հայտարություններից զերծ մնալուն, հիմնախնդիրները բացառապես բանակցային եղանակով լուծելուն եւ մարդասիրական ուղղվածության մյուս հարցադրումների հետ:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՆ Ի ՉԻՔ ԴԱՐՁԱՆ

– Որոշ քաղաքագետներ կարծիք էին հայտնել, թե կաթողիկոսն առանց օրակարգի հարցերը ճշտելու է գնացել Փաշա Զադեի հետ հանդիպման: Կա՞ր հանդիպման ժամանակ չնախատեսված քննարկում: 

– Արդեն նկատեցի, որ իրազեկվածության, բանակցություններին առաջադրված ու հնարավոր հարցադրումներին պատրաստվածության ասպեկտով Վեհափառ Տերը միանշանակ շահեկան դիրքում էր, իսկ ենթադրություններին անդրադառնալու առանձնակի իմաստ չեմ տեսնում: Հավելեմ, որ օրակարգի կետերը նախապես համաձայնեցված են եղել, ինչը բնավ չի խոչընդոտել նոր կետեր ավելացնելուն կամ լրամշակելուն, ինչը եւ արվել է մեր նախաձեռնությամբ:

– Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն էլ բացահայտում էր արել, թե Բաքվի ծրագիրն է այս հանդիպման արդյունքում «քարվաճառյան» մարդասպաններ Դիլգամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին ամեն գնով վերադարձնել Ադրբեջան: Այսինքն` գերիների հարցի քննարկման տակ` որոշում ընդունել երկու կողմերի ձեռքում գտնվող գերիներին փոխանակել «բոլորին բոլորով» սկզբունքով, այդ թվում` այս երկու մարդասպաններին: Արդյո՞ք անդրադարձ եղավ այս հարցին:

– Ադրբեջանը կարող է հավակնել նաեւ այլ ոչ իրավաչափ արդյունքների, սակայն դա իրողության վերածելու որեւէ հնարավորություն չունի: Վերջին հաշվով, յուրաքանչյուր այսպիսի բանակցային գործընթացի հիմքում դրված է առողջ տրամաբանության սկզբունքը: Մյուս կողմից` մենք դեմ չենք, որ ռազմական գործողություններին որեւէ մասնակցություն չունեցած եւ սահմանը հատած խաղաղ բնակիչները վերադարձվեն, ավելին` ինքներս ենք դրանում շահագրգռված: Հետեւաբար, հստակ արձանագրվեց, որ որեւէ խոսք չի կարող լինել խաղաղ բնակչության դեմ ոտնձգություններ կատարած անձանց մասին: 

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՀԱՄՈԶԻՉ ԷԻՆ

– Ալլահշուքյուր Փաշա Զադեն հանդիպումից ամիսներ առաջ անդրադարձել էր Շուշիի մզկիթի վերականգնմանը` հայտարարելով, թե հայերն այն իրականացնում են սադրիչ նպատակներով: Հետաքրքիր է` նո՞ւյնն էր մնացել մահմեդական հոգեւոր առաջնորդի հռետորաբանությունը:

– Բնականաբար` ոչ, անգամ ինքը փորձեց հավաստել, որ պատասխան քայլեր են ձեռնարկվում` հայկական եկեղեցիների վերանորոգման ուղղությամբ, ընդ որում` հրավիրում էր Բաքու, որպեսզի համոզվենք, որ վերանորոգման աշխատանքներն արդյունավետ են: Այս առնչությամբ Վեհափառ Տերը մեկ անգամ եւս ընդգծեց, որ առանձին դրվագային հարցերը չեն կարող կշիռ ունենալ` Նախիջեւանում հազարավոր խաչքարերի բացահայտ ոչնչացմամբ ուղեկցվող բարբարոսությունների համատեքստում:

– Բավական հատկանշական էր, որ Հայոց Հայրապետն իր խոսքում հասցեական, փաստերով շեշտեց, թե ով է Արցախյան հարցում ագրեսորը, ով` հանուն խաղաղ կյանքի պայքարողը: Ինչպիսի՞ն եղավ այս հայտարարության արձագանքը:

– Ինչպես արդեն նկատեցիք, Վեհափառ Տիրոջ խոսքն ուղիղ էր եւ հասցեական` բոլոր կետերի առնչությամբ, բացառություն չեղավ նաեւ այդ հարցադրման պարագայում: Փաշա Զադեն փորձում էր ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռազմական գործողությունները իբր թե ամբողջովին տեղի են ունենում հենց Ադրբեջանի տարածքում, սակայն բերվեց հակափաստարկ, ըստ որի` նախ, ռազմական հարձակումներից զերծ չէ նաեւ սահմանամերձ խաղաղ բնակչությունը, բացի այդ, տարածքի պատկանելության հարցը սոսկ Ադրբեջանի պատկերացումների առարկան չէ:

«ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՁԵՌՆՊԱՀ ԷՐ ՄՆՈՒՄ»

– Իսկ առհասարակ ինչպիսի՞ն էին Համայն Ռուսիո Պատրիարքի մոտեցումները:

– Ինչ խոսք, բանակցությունների ձեւաչափը թելադրում էր հնարավորինս չեզոքություն եւ սոսկ բանակցային գործընթացին աջակցելու պահվածք: Համայն Ռուսիո պատրիարքը ձեռնպահ էր մնում կողմերի այն գնահատականներից, որոնք դեռեւս վիճահարույց են եւ չեն կարող երկուստեք հավանության արժանանալ ու իրատեսական լինել:

– Ի դեպ, Դուք նշել էիք, որ հոգեւոր առաջնորդների կողմից ստորագրված ուղերձը մինչեւ վերջին րոպեներին էլի լրամշակվում էր, մասնավորապես` ո՞ր հարցերում հոգեւոր առաջնորդները չէին կարողանում համաձայնության գալ:

– Նախորդ հարցերին անդրադառնալիս նկատեցի, որ քննարկման փուլում եղան առաջարկություններ, ինչը եւս համապատասխանում էր հանդիպման ձեւաչափին, եւ Վեհափառ Տիրոջ հանձնարարությամբ` ներգրավվեցինք վերջնական տեսքով խմբագրման աշխատանքներին: Միաժամանակ, ադրբեջանական կողմը փորձեց «խնդրանքի» տեսքով առաջարկել անդրադառնալ նաեւ Արցախին չպատկանող շրջանները վերադարձնելու կոչին, ինչը միանշանակ մերժվեց Վեհափառ Տիրոջ կողմից, եւ հարցը փակվեց: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА