ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ տեղի կունենա, եթե «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի եվ ՀՅԴ-ի հետ

13.09.2017 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ի՞նչ տեղի կունենա, եթե «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի եվ ՀՅԴ-ի հետ

Խորհրդարանական «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հենց մեկնարկին իր հայտարարությամբ բավական ուշագրավ իրավիճակ ստեղծեց: Ըստ էության, ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդը չբացառեց, որ հնարավոր է իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմի` ընդգծելով, թե կյանքում ոչինչ չի բացառում: Մինչդեռ նոր Սահմանադրությամբ` ընդդիմությունը խորհրդարանում պետք է ունենա ԱԺ մանդատների 1/3-ը, անկախ այն հանգամանքից, թե որքան ձայն է ստացել: Հետեւաբար, «Ծառուկյան» դաշինքի կոալիցիայի մաս դառնալու դեպքում, ինչպե՞ս պետք է ապահովվի ընդդիմադիր մանդատների 1/3-ը, միգուցե, ընդդիմադիր «Ելքի» մանդատներն ավելացնելո՞վ, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ.

– Եթե տեսականորեն քննարկենք կոալիցիաների ձեւավորումը, ապա դա չի հանգեցնելու արդեն իսկ բաշխված քվոտաների փոփոխության, բացի դրանից, Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքի համաձայն` խմբակցությունները իրավունք ունեն ցանկացած ժամանակ քաղաքական կոալիցիա կազմելու այլ խմբակցությունների հետ, ինչպես նաեւ դուրս գալու կոալիցիայից: Քվոտաների բաշխման վերաբերյալ Ընտրական օրենսգրքի առկա կարգավորումները վերաբերում են ընտրության արդյունքները ամփոփելու դեպքերին, ոչ թե արդեն իսկ ձեւավորված խորհրդարանում նոր վերաբաշխումներ կատարելուն կամ նոր կոալիցիաներ ստեղծելու դեպքերին: Ձեր
նշված կարգավորումը սահմանված է Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, որը սահմանում է, որ եթե որեւէ կուսակցություն սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքում ստացել է 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցություններն ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ (ԼՄ), որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ից ոչ պակաս:
Սակայն եւս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել` այս կարգավորումը վերաբերում է միայն ընտրության արդյունքերը ամփոփելու դեպքերին, երբ որեւէ մեկ կուսակցություն ստանում է բաշխված մանդատների ընդհանուր թվի 2/3-ից ավելին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА