ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵԼԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

13.09.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
 ՀՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵԼԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ


Չնայած որոշ կանխատեսումներին, աշունը ոչ մի կերպ թեժ չի ստացվում` քաղաքական տեսանկյունից: Այն նույնիսկ գոլ չէ, այլ, ժողովրդական խոսքով ասած` «մարխոշ»: Ընդդիմությունը փոխանակ զբաղվի այն գործով, որի համար ընտրողներից քվե է ստացել` իշխանությանը քննադատելով եւ այլընտրանքներ ներկայացնելով, զբաղված է բուռն գործունեության իմիտացիայով: 
ՉԳԻՏԵՆՔ` ԴԱ ԻՆՉ Է, ԲԱՅՑ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆՔ
«Ելքին» անդրադառնալու առիթ արդեն ունեցել ենք: ՀՀԿ-ական պատգամավորները գործադիրի սեփական պաշտոնյաներին ավելի շատ են նեղը գցում եւ քննադատում, քան` «ելքիչները»: Իսկ վերջիններս ձեւ են անում, թե սկզբունքորեն պաշտպանում են «արեւմտյան արժեհամակարգը», ու դրան օրենսդրական գործունեության տեսք տալու համար Գուգլ որոնողական մեքենայով գտել են ինչ-որ տեքստերի հատվածներ եւ իրար սոսնձել են` անունը դնելով օրենք` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Ախր, չես էլ կարող ասել, որ իրոք արեւմտյան արժեքների կրող են, այլապես ժամանակ առ ժամանակ նույն Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից չէր հնչեցնի մաքուր սոցիալիստական հարցադրումներ եւ առաջարկներ, որոնցից ցանկացած լիբերալի սիրտը կճաքեր: Դե, երեւի թե, «Ելքի» գրասենյակ այցելելիս ԱՄՆ դեսպանն էլ զլացել է կարգին բացատրել, թե արեւմտյան արժեքներն ինչ են իրենցից ներկայացնում, եւ ինչով են դա ուտում: 
Սակայն առավել հետաքրքրական է խորհրդարանական թիվ երկու ուժի` Ծառուկյան դաշինքի քաղաքական վարքագիծը: Ըստ Սահմանադրության` հենց այդ խմբակցության բաժին են դարձել ընդդիմության համար նախատեսված պառլամենտական պաշտոնների քվոտաները: Եվ այդ դաշինքի դիրքորոշումը ԱԺ աշնանային նստաշրջանի հենց մեկնարկին անձամբ ներկայացրեց Գագիկ Ծառուկյանը: Հարկ չկա` երկար մեջբերումներ անելու, նշենք, որ նրա ելույթը ուներ երկու հիմնական թեզ: Առաջինը, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ընկերն է եւ հիմնականում լավ է աշխատում, իսկ երկրորդը, որ ԵԱՏՄ-ն ճիշտ ուղի է, եւ այդտեղից դուրս գալը սխալ կլինի: Եթե դա ավելի կարճ բանաձեւենք, ապա կստացվի հետեւյալը` Ծառուկյան դաշինքը համաձայն է ՀՀԿ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականության հետ: Անշուշտ, այդպիսի մոտեցումը փոքր-ինչ դժվար է ընդդիմադիր համարել, բայց, այնուամենայնիվ, դա երաշխիք է, որ ո՛չ աշնանը, ո՛չ էլ 2018-ի սկզբներին պարոն Ծառուկյանը չի մատուցի «սյուրպրիզներ», որոնք փորձում էր մատուցել 2014-ի վերջում եւ 2015-ի սկզբում` հեղափոխական ինչ-ինչ խաղերի տեսքով: 
Թե ինչու է Կարեն Կարապետյանն ընկեր եւ լավ աշխատող վարչապետ` բավականին պարզ է: Չէ՞ որ ո՛չ ՀՀԿ առաջնորդ երկրի ղեկավարը, ո՛չ էլ ՀՀԿ-ի առանցքային դեմքերը, պաշտոնապես հրապարակավ երբեւէ չեն հայտնել դժգոհություն վարչապետի աշխատանքից: Իսկ արդյո՞ք Ծառուկյան դաշինքը ռեալ վերլուծել է Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը` ճիշտն ասած, այդ հարցում թերահավատ ենք, թեեւ խմբակցությունում կան եւ տնտեսագետ պատգամավորներ: 
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին դրական վերաբերվելը, ապա, դժվար թե, գլխավոր ընդդիմադիր ուժի խոշոր գործարար-առաջնորդը քաղտնտեսական մակարդակով համեմատություններ արած լինի եվրասիական 200 միլիոնանոց ու եվրոպական 500 միլիոնանոց շուկաների միջեւ, ու առավել եւս` արտաքին քաղաքական երկու մոդելների ֆունդամենտալ աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական տարբերությունները: Դա սեփական բիզնեսի կոնկրետ օգուտն ու վնասը չէ, որը հաստատ գնահատվում է գերճշգրիտ, պարզապես քանի որ իշխող կուսակցությունը  ԵԱՏՄ-ի կողմնակից է, ապա պետք է լինել ԵԱՏՄ-ի կողմնակից: 
ԶՈՒՏ ՕԳՏԱՊԱՇՏԱԿԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ
ԲՀԿ-ն միշտ էլ եղել է ռեալ հստակ գաղափարախոսություն չունեցող ուժ, որը կա՛մ իշխանության մաս է կազմում, կա՛մ ինչ-որ բան սակարկում է իշխանության հետ: Հետեւաբար չպետք է առանձնապես զարմանալ այն պարադոքսի առնչությամբ, որ դաշինքի առաջնորդը անում է ԵԱՏՄ-ի գովք, մինչդեռ դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, ով գլխավորում է Եվրաինտեգրման հանձնաժողովը, հարցերին մոտենում է ԵՄ պահանջների տեսակետից եւ անգամ հնչեցնում «Ընտանեկան բռնության մասին» օրենք ընդունելու անհրաժեշտությունը, որը Եվրասիական քաղաքական եւ քաղաքակրթական մոդելի տեսակետից նույնքան նոնսենս է, որքան նոնսենսային էր խոշոր կապիտալիստը սովետական համակարգի շրջանակներում: 
Սակայն գաղափարական տեսակետից` անհամատեղելի մարդկանցով թիմ կազմելը նորություն չէ պարոն Ծառուկյանի գլխավորած քաղաքական թիմում: Այսպես, եթե հիշենք նախկին գումարման խորհրդարանում Վարդան Օսկանյանի ներկայությունը ԲՀԿ խմբակցությունում` իր մի քանի համախոհներով հանդերձ, ապա պետք է փաստենք, որ ուղնուծուծով ամերիկամետ այդ խումբը հանգիստ էլ համատեղվում էր Ռուսաստանի արեւով երդվող կուսակիցների հետ: 
Այդ թիմում գաղափարախոսություն փնտրելը իզուր զբաղմունք է, այդտեղ գաղափարաքաղաքական գույնն ընտրվում է` զուտ օգտապաշտական չափանիշներից ելնելով: Տվյալ դեպքում, օգտապաշտությունը նրանցից պահանջում է հաշտ ու համերաշխ լինել իշխող կուսակցության հետ, հետեւաբար հանգիստ կարելի է համաձայն լինել, որ ԵԱՏՄ-ն լավ բան է` առանց խորանալու դա ինչ է եւ ինչով է տարբերվում, ասենք` ԵՄ-ի հետ ասոցացումից: Ու հենց այդ մոտեցման տրամաբանությամբ է, որ, օրինակ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը շատ սիրալիր ձեւով մանրամասն քննարկման ենթակա է համարում նույն «Ելքի» առաջարկությունը` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Նույն սիրալիրությամբ էլ «Ելքն» է պատասխանում, որ ըմբռնումով է մոտենում Ծառուկյան դաշինքի դիրքորոշմանը: 
Բայց հիմա ի՞նչ են ակնկալում Ծառուկյան դաշինքում ՀՀԿ-ի հետ համերաշխությունից: 
ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԿՈԱԼԻՑԻԱ ԿՄՏՆԻ՞
Իրենք` դաշինքի ներկայացուցիչները, առայժմ այդ հարցի վերաբերյալ ասում են, որ հարցը դեռեւս չի քննարկվել: Բայց մի տեսակ այդ պատասխանները նմանվում են «Չեմ ուզում, դիր գրպանս» բանաձեւին: 
Բայց բոլոր դեպքերում պարզ է, որ Ծառուկյան դաշինքը ինչ-որ ակնկալիքներ ունի 2018-ին իշխող բուրգում տեղավորվելու տեսակետից` լինի դա կոնկրետ պաշտոնական կարգավիճակներով ձեւակերպված, թե` ոչ: Համենայնդեպս, ՀՀԿ-ի նկատմամբ լոյալությամբ նրանք եթե ռեալ օգուտ չստանան էլ, ապա գոնե տուժած լինելու հնարավոր վտանգն են չեզոքացնում: 
Ինչ վերաբերում է կոալիցիայի հարցով ՀՀԿ-ի մոտեցումներին, ապա մի կողմից ՀՀԿ-ականներն ասում են, որ կոալիցիա արդեն կա նույն ՀՅԴ-ի հետ, մյուս կողմից` Վահրամ Բաղդասարյանն առանց այլեւայլության, հայտարարում է, որ եթե կոալիցիայի մասին խոսք լինի, ապա ոչ թե 2018-ին, այլ` 2022-ի ընտրություններին ընդառաջ: 
Իհարկե, խոշոր հաշվով, «Ելքն» էլ է բավականին լոյալ ՀՀԿ-ի նկատմամբ, պարզապես «ելքականները» ընդամենը մի քանի հոգի են, իսկ Ծառուկյան դաշինքի պատգամավորները շատ են: Այս փուլում նրանց քվեները պետք են ՀՀԿ-ին, քանզի նոր Սահմանադրությանը մի շարք օրենքներ համապատասխանեցնելու ընթացքում որոշ դեպքերում պահանջվում է որակյալ մեծամասնություն, այսինքն` ծառուկյանականների քվեները: Բայց արդյո՞ք 2018-ի երկրորդ կեսին, երբ արդեն ամբողջացած կլինի սահմանադրական բարեփոխումը ե՛ւ իշխանության մարմինների կառուցվածքի, ե՛ւ օրենսդրության հարթություններում, ՀՀԿ-ին պետք կլինի սեփական «դուբլիկատը»` զգալիորեն ավելի թույլ եւ խայտաբղետ կազմով: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА