ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սինգապուրում առաջին անգամ նախագահ է դարձել կին քաղաքական գործիչ

13.09.2017 15:28 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սինգապուրում առաջին անգամ նախագահ է դարձել կին քաղաքական գործիչ

Սինգապուրի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահ է դարձել կին քաղաքական գործիչ. նախագահի պաշտոնը ստանձնել է երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Խալիմա Յակոբը, այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: 

63-ամյա Յակոբը նաև մալայական համայնքի առաջին ներկայացուցիչն է վերջին 47 տարվա մեջ, որ ստանձնում է այս պաշտոնը: 

Նախագահի պաշտոնի համար մրցապայքարում Յակոբը սկզբնական փուլում ունեցել է 4 մրցակից, որոնք բոլորն էլ ժամանակի հետ դուրս են մնացել մրցապայքարից, իսկ Յակոբը ստանձնել է նախագահի պաշտոնն առանց ընտրությունների անցկացման անհրաժեշտության: 

Մրցակիցներից 2-ը չեն կարողացել ստանալ վկայական, որը թույլատրում է մասնակցել նախագահական ընտրություններին. այն տրվում է միայն այն թեկնածուներին, որոնք ունեն պետական ծառայության համապատասխան փորձ կամ ընկերություն են գլխավորում, որի կապիտալիզացիան գերազանցում է 371 մլն ԱՄՆ դոլարը:

Եվս 2 թեկնածու լքել է մրցապայքարն այն պատճառով, որ չի հանդիսացել մալայական համայնքի ներկայացուցիչ: Ըստ անցյալ տարվա նոյեմբերին փոփոխության ենթարկված հատուկ օրենքի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար դա նույնպես պարտադիր պայման է:

Նշենք, որ բացի մալայացիներից Սինգապուրում ապրում են նաև չինական և հինդուսական բազմաքանակ համայնքներ, որոնց ներկայացուցիչները նույնպես պետական ապարատներում զբաղեցնում են բարձր պաշտոններ:

Ի դեպ, Սինգապուրում նախագահի լիազորությունները բավականին սահմանափակ են, իսկ երկիրը փաստացի ղեկավարվում է վարչապետի կողմից: Նախագահը, սակայն, իրավունք ունի կիրառել վետո մի շարք կարևոր որոշումներում, ինչպիսին են երկրի տարեկան բյուջեի ընդունումը, դատապարտյալների համաներումը, ինչպես նաև նրա պահպանությանն են հանձնված երկրի ոսկու պահուստները: Իսկ ամենակարևոր լիազորությունը, որ ունի Սինգապուրի նախագահը, մահապատժի դատապարտվածների համաներման խնդրանքների քննումն է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА