ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ ԳՆԱԼՈՎ ԲԱՐԴԱՑԱՎ

12.09.2017 22:45 ՍՊՈՐՏ
ԱՐՈՆՅԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ ԳՆԱԼՈՎ ԲԱՐԴԱՑԱՎ


Թբիլիսիում շարունակվում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանին  թեեւ հաջողվեց հեշտությամբ հաղթահարել առաջին շրջանի արգելքը, սակայն երեկվա մրցափուլը նրա համար բարդ ստացվեց: 
Հիշեցնենք. Արոնյանը հարավաֆրիկացի Դենիել Քոդերիի հետ դիմակայությունում հաղթանակով ավարտեց երկու պարտիաներն էլ եւ 2:0 հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ: Երկրորդ շրջանը ավելի բարդ ստացվեց. կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանի արգելքը Արոնյանը հաղթահարեց միայն թայ-բրեյքի կայծակնային խաղի երկու պարտիաների արդյունքում. դասական շախմատի եւ արագ խաղի երկուական պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի: 
Եվ ահա երրորդ շրջանը Արոնյանը հաղթանակով սկսեց: Նրա մրցակիցը ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովն էր: Առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը խաղաց սպիտակներով եւ հաղթեց 40-րդ քայլում, սակայն սեւ ֆիգուրներով պատասխան խաղում հայ գրոսմայստերը պարտվեց, եւ դիմակայությունը տեղափոխվեց թայ-բրեյք: Այստեղ էլ գրոսմայստերները արագ խաղի երկու պարտիաներում ոչ-ոքի խաղացին: Պայքարը տեղափոխվեց կայծակնային խաղ: Եվ միայն երկրորդ թայ-բրեյք` 5+5 րոպեանոց երկու պարտիաներից հետո Արոնյանին հաջողվեց հաղթահարել Մատալկովի արգելքը եւ դուրս գալ 1/8 եզրափակիչ:
Այսպիսով, մրցապայքարն Արոնյանի համար գնալով միայն բարդանում է, ինչը հուշում է որոշակի խնդիրների առկայության մասին: Ընդ որում, համաշխարհային առաջատարներից Արոնյանը միակը չէր, որ նման ընթացիկ դժվարությունների բախվեց: Բայց լավ է, որ Աշխարհի գավաթի պայքարում ֆավորիտներից Կարլսենը, Կրամնիկն ու Նակամուրան այլեւս մրցապայքարում չեն: Աշխարհի գործող չեմպիոնին պայքարից դուրս է թողել Բու Սյանչժին, Կրամնիկին՝ Իվանչուկը, Նակամուրային՝ Ֆեդոսեեւը: Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: 
Հայ պատանի շախմատիստները նույնպես պայքարում են տիտղոսների համար: Օգոստոսի 21-31-ը Բրազիլիայի Պոսուս-դի-Կալդաս քաղաքում անցկացվել է աշխարհի մինչեւ 12 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնություն, որին մասնակցել է ավելի քան 400 շախմատիստ: Տղաների մինչեւ 8 տարեկանների մրցաշարին մասնակցել է նաեւ 7-ամյա հայազգի Արեն Էմրիկյանը՝ Չիկագոյից: Խաղացված 11 տուրից նա վաստակել է ամենաշատ միավորներն ու նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: 
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА