ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այնպես չէ, որ Լեւոն Մկրտչյանը պետք է վերցներ ու բարեփոխում աներ»

12.09.2017 21:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Այնպես չէ, որ Լեւոն Մկրտչյանը պետք է վերցներ ու բարեփոխում աներ»


«Իրավունքը» բազմիցս անդրադարձել է կրթության ոլորտում առկա բացերին, որոնց պատասխանները «դժվարանում է» տալ Կրթության եւ գիտության նախարարությունը: Մինչդեռ ոլորտի վերաբերյալ դժգոհությունների ալիքը գնալով ավելի է խորանում: 
Այսպես, նախօրեին մի շարք ուսուցիչներ եւ դասախոսներ էին դիմել մեզ, ովքեր սեպտեմբերի 1-ին հանկարծ պարզել են, որ ազատված են աշխատանքից: Այս եւ այլ մի շարք կնճռոտ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ԱԺ կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանից, ով անդրադառնալով նախ օպտիմալացման հետեւանքներին, ասաց.

«Կիսում եմ ուսուցիչների մտահոգությունները, բայց...»

- Կիսում եմ ուսուցիչների մտահոգությունները, բայց մենք այլընտրանք չունենք: Իհարկե, հասկանում եմ, որ մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որ ոչ միայն ուսուցիչները, այլ բոլոր համապատասխան մակարդակ, ուժ ու պոտենցիալ  ունեցող քաղաքացիների զբաղվածության հարցն ապահովենք: Դա ցանկացած երկրի կարեւորագույն խնդիրն է: Իսկ մեր երկրում, այո, իսկապես առկա է այդ խնդիրը: Բայց այլընտրանքը, ցավոք, բացակայում է: Որովհետեւ տեսեք, բազմաթիվ մեծ ու փոքր բնակավայրերից մեծ քանակությամբ մարդիկ, այսպես ասած, չվում են, եւ այդ պարագայում շատ ու շատ դպրոցներ, ըստ էության, դադարում են գոյություն ունենալուց: 2 հոգու համար հնարավոր չէ ասենք` 200 աշակերտի համար նախատեսված ֆինանսները, ռեսուրսները հատկացնել: Այդ պարագայում դպրոց պահելը, հասկացեք, ընդամենը գումարների եւ ռեսուրսների փոշիացում է: Բայց միեւնույն ժամանակ, այո, արդյունքում ունենք խնդիր: Այս առումով Ձեր բարձրացրած հարցը ոչ միայն ինձ է մտահոգում, այլ պետք է մտահոգի բոլորիս: 
Ինչ խոսք, այսօր ինչքան էլ խոսեմ խնդրից, միեւնույնն է՝ այն օրակարգից դուրս չի գալու: Բոլոր դեպքերում պետք է հնարավոր ամեն բան անենք, որպեսզի ուսուցիչների զբաղվածության հարցը լուծվի, որպեսզի գոնե կարողանանք մեր քաղաքացիների նվազագույն կենսական պահանջները բավարարենք ¥ի դեպ, այստեղ տեղին կլինի նաեւ պարոն Բոստանջյանին տեղեկացնելը, որ «օպտիմալացվող» դպրոցների ցանկում մեծ թիվ են կազմում նրանք, որոնք գտնվում են Երեւանում, Գյումրիում: Ընդ որում, դրանցից մի քանիսը Երեւանի Կենտրոն համայնքում են: Եվ եթե անգամ դրանք են փակվում, քանի որ, մեր զրուցակցի ասածի պես, 200-ի փոխարեն ընդամենը 2 աշակերտ է մնացել, ապա դա առնվազն տարօրինակ բացատրություն է- Հեղ.¤:

«12-ամյա կրթական համակարգի հեռանկարն ինձ համար մշուշոտ է»

- Պարոն Բոստանջյան, գրեթե ամեն տարի ծնողները եւ աշակերտները կանգնում են մասնավորապես օտար լեզվի գրքերը դպրոցից չստանալու եւ բավականին մեծ գումարով՝ «դրսից» գնելու խնդրի առաջ: Չհաշված աշխատանքային տետրերը, որոնք, ճիշտ է, չեն պարտադրվում, բայց չգնելու դեպքում էլ ուսուցումը կիսատ կստացվի: Բացի այդ, շատ են դժգոհությունները Ինֆորմատիկայի դասագրքերում գերհնացած թեմաներ ներառելու շուրջ: 
- Այստեղ եւս պետք է մեխանիզմներ մշակել, բայց պրոցեսը շարունակական պրոցես է, մենք չպետք է առաջնորդվենք խնդիրը լուծելով:
Ցանկացած ծնող ամենածանր վիճակում անգամ գտնվելու պարագայում մտածում է գոնե նվազագույն չափով ապահովել այն ամենը, ինչը անհրաժեշտ է երեխայի կրթության համար: Ես հասկանում եմ, որ ցածր եկամուտների պարագայում մենք գտնվում ենք խոցելի վիճակում, բայց այլ ելք այս պարագայում դեռ չկա ¥եւ ծնողի այդ տրամադրվածության պատճառո՞վ է,  որ դպրոցը վերածել են մեծ բիզնեսի- Հեղ.¤: 
Բայց ես մտածում եմ, որ ճիշտ զարգացման, համակարգն արդիականացնելու դեպքում կլուծվեն կրթական բոլոր բացերը: Հասկանալի է, որ այս տարիներին բազմաթիվ խնդիրներ են կուտակվել՝ պայմանավորված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, բայց ցանկացած հարց, ի վերջո, ունի լուծում:
- Պարոն Բոստանջյան, այս տարվանից 12-ամյա կրթությունը Հայաստանի  համար դարձավ պարտադիր: Ըստ Ձեզ, Հայաստանի կրթական համակարգը պատրա՞ստ է դրան:
- Շատ հարցեր, որ ընտրվում են, չեն էլ հարցնում` պատրա՞ստ ենք, թե՝ ոչ: 12-ամյա կրթական համակարգի հեռանկարն ինձ համար մշուշոտ է: 11-12-րդ դասարաններ ոչ ոք էլ չի գնում: Հետեւաբար, այս  համակարգը խոցելի է հայ իրականության համար:
- Երեկ տիկին Բախշյանը հրապարակայնորեն հանդես եկավ բաց նամակով, որով պահանջում է Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրաժարականը: Նամակագիրն այն մտքին է, որ նախարարը թեեւ պարբերաբար խոսում է ոլորտի բարեփոխումների մասին, այնուամենայնիվ, տարբեր տարիների նրա պաշտոնավարման ընթացքում որեւէ էական բարեփոխման ականատես չենք եղել:
- Վերափոխում լինի, բարեփոխում լինի, ինչպես էլ որակենք, դա ուղղակիորեն եւ մեծամասամբ պայմանավորված է գործադիր իշխանության գործունեությամբ: Այնպես չէ, որ Լեւոն Մկրտչյանը պետք է վերցներ ու բարեփոխում աներ: Եթե բարեփոխումներ տեղի չեն ունեցել, դրա մեղավորությունը պետք է ոչ թե Լեւոն Մկրտչյանի մեջ փնտրել, այլ գոնե առաջին պահերին՝ մեկ այլ տեղ: Այսքանը ¥անկեղծ ասած, մեծ հարգանք ունենալով պարոն Բոստանջյանի հանդեպ, այնուամենայնիվ, նրա խոսքում առկա երկրորդ տարօրինակ դրվագը չենք  կարող չընդգծել. բա ո՞վ պետք է բարեփոխում անի ոլորտում, եթե ոչ՝ նախարարը: Այն էլ, արդեն երրորդ անգամ այդ պոստը զբաղեցնող նախարարը- Հեղ.¤:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА