ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.09.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ


Այն, որ հարեւան մազութային սուլթանատում ամենուրեք տեսնում են հայկական դավադրություն, նորություն չէ: Սակայն զարմանալիորեն պարզվեց, որ նույնիսկ հասարակ թիվը նրանց համար նույնպես հայկական դավադրության բաղկացուցիչ մասն է, եւ այդ թիվը ՔՍԱՆՎԵՑՆ է: Այսպես, ոմն պրոֆեսոր Ազիմլին, Բաքվում գործող «26» անունով սրճարանի գործունեության վերաբերյալ դիմել է ոստիկանություն եւ Ազգային անվտանգության ծառայություն. «Սա ի՞նչ է, մի՞թե սա Հայաստան է, ով են նրանք, ովքեր են նրանց թիկունքում: Ադրբեջանցի ժողովրդի հայ դահիճների` Բաքվի 26 կոմիսարների պատվին ռեստորան է բացվում»: Եվ ամենազարմանալին, որ այդ դիմումի հիման վրա ձերբակալել են ռեստորանատիրոջը, Բաքվի քաղաքապետն էլ դադարեցրել է սրճարանի գործունեությունը եւ հայտնել է, որ ունեցվածքն էլ բռնագրավելու է. «Թող այստեղ ապրող հայերի հովանավորները հասկանան, որ քանի դեռ կա ադրբեջանցի ժողովուրդը, Ադրբեջանում դաշնակների համակիրների համար տեղ չկա»: 
Իսկ հիմա անցնենք դաշնակ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ գործերին: Այսպես, Անահիտ Բախշյանը, անդրադառնալով նրա նախարարական հավերժական գործունեությանը, պահանջել է նրա հրաժարականը: Այստեղ ուշագրավ է տիկին Բախշյանի նկատած մի հանգամանք, որը վրիպել է շատերի ուշադրությունից. «Ավարտական քննությունների կազմակերպման մասին Ձեր իսկ հրամանում կա այսպիսի կետ. «18. Քննությունից բացակայած կամ ուշացած Մեդալի հավակնորդ սովորողը զրկվում է Մեդալ ստանալու իրավունքից»: Ստացվում է քննությունից ուշանալն ավելի մեծ վտանգ է հասարակության համար, քան առանց վարորդական իրավունքի մեքենա վարելն ու մարդուն կյանքից զրկելը: Դուք այդ տղային պետք է զրկեիք ոսկե մեդալից ու դպրոցի տնօրենից ու մանկավարժներից պահանջեիք բացատրություն տալ, թե ինչո՞ւ են շրջանցել այնպիսի կարեւոր փաստաթղթի պահանջը, ինչպիսին պետական չափորոշչի սահմանած շրջանավարտի բնութագիրն է»: Իսկապես, ինչո՞ւ քննությունից ուշացողին մեդալից զրկում են, իսկ մահացու ելքով վրաերթի հեղինակին` ոչ:
Իսկ ԲՀԿ առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ հանկարծ զարմանալիորեն հիշեց իր նախընտրական խոստումը, որին հավատացողներ չկային` հենց նախընտրական շրջանում. «Ժողովուրդն իր ձայնը` 50+1, տվեց ՀՀԿ-ին: Իսկ եթե մեզ տային, մենք 15 մլրդ դոլարի ներդրում կբերեինք Հայաստան եւ կկատարեինք մեր ծրագրի բոլոր 15 կետերը»: Բայց միաժամանակ նա դա զուգակցեց մեկ ուրիշ նախադասությամբ. «Ութ ամիս առաջ եմ ասել, որ Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, ինքը խոսք է տվել, ներկայացրել է իր ծրագիրը, աշխատում է անել: Ընկերոջ մասին կարծիք ասելը ես կոռեկտ չեմ համարում: Երբ մենք հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ»: Հիմա ինչ է ստացվում, որ նա ակնարկում է` Կարեն Կարապետյանն ընկերս է, բայց եթե նրա պաշտոնն ինձ տայիք, ես  ավելի լավ կանեի՞...
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում էլ մի զարմանալի նախաձեռնություն ի հայտ եկավ` գնդակահարել Իրմա անունով փոթորկին: Ոմն ՌԻՈՆ ԷԴՎԱՐԴ կատակով Ֆեյսբուքում ստեղծել է միջոցառում «Գնդակահարենք Իրմա փոթորկին» անունով, եւ այդտեղ նախատեսված էր սեպտեմբերի 10-ին, ժամը 10-ին հրազենով դիմավորել փոթորկին եւ ստիպել հետ շրջվել: Բայց ամենազարմանալին այն է, որ 26 հազար հոգի հայտարարել էին, որ գալու են, 53 հազարն էլ նշել էին, որ դա իրենց հետաքրքիր է: Եվ զարմանալիորեն բանը հասավ նրան, որ նահանգի ոստիկանությունը հարկադրված եղավ հորդորել տեղացիներին` կրակոցներով չդիմավորել փոթորիկը, քանզի դրանից ոչ մի օգուտ չկա, այլ հենց իրենք կտուժեն: Դե ինչ, զարմանալի է` այդքան բթամիտներ եւ ընդամենը մեկ նահանգի տարածքո՞ւմ: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА