ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նման հարցադրումը չի բխում Հայաստանի արտաքին քաղաքական եւ տնտեսական շահերից»

12.09.2017 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Նման հարցադրումը չի բխում Հայաստանի արտաքին քաղաքական եւ տնտեսական շահերից»

ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամները, թեպետ այդպես էլ միաբերան չասացին, որ դեմ են Եվրասիական տնտեսական միությանը, բայց խմբակցության անունից Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացրեցին խորհրդարան: Ըստ էության, նման նախագծի գոյությունը ցավոտ չի ընդունում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, բայց նաեւ շեշտում է` նման հարց ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում չկա:

– Եթե ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը գլխադասային լինի այս նախագծի քննարկման ժամանակ, լիարժեք կկազմակերպվի այն մեր հանձնաժողովում: Իսկ եթե այդ քննարկումները տեղի ունենան այլ հանձնաժողովում, իմ քաղաքական կարծիքը կհայտնեմ խորհրդարանում: Բայց ինչպես արդեն ասացի` նման հարցադրումը չի բխում Հայաստանի արտաքին քաղաքական եւ տնտեսական շահերից:

– Պարոն Աշոտյան, անդրադառնանք նաեւ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի համատեղ որոշմանը, ըստ որի, երեք երկրների դիվանագետները Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ ընդհանուր դիրքորոշում կարտահայտեն ղարաբաղյան եւ աբխազական խնդիրների վերաբերյալ` շեշտելով Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...

– Զարմանում եմ այս հարցում մեր որոշ շրջանակների զարմանքի վրա: Վրաստանի քաղաքականությունն այս բնագավառում թելադրված է եղել բացառապես իրենց խնդիրներով` Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ կապված: Այնպես չէ, որ վրացական նոր իշխանություններն են այդպիսի հայտարարության տակ փորձում ստորագրել կամ այդպիսի քաղաքականություն վարել: Սա եղել է 90-ականներից սկսած բոլոր վրացական իշխանությունների ժամանակ: Այնպես որ, կարծում եմ` շատ կարեւոր է, որպեսզի հայ-վրացական հարաբերությունների օրակարգը երկուստեք կախված չլինի երրորդ երկրների ազդեցությունից: Եվ այդ տեսակետից որեւէ խնդիր հայ-վրացական հարաբերությունների մեջ` լինի քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային, չեմ տեսնում, որը հնարավոր չէ լուծել կամ քննարկել: Բնականաբար, մեր երկրները լինելով բարեկամական, այնուհանդերձ ունեն տարբերություններ, եւ այդ տարբերությունները նաեւ արտահայտվում են տարբեր շահերով, այդ թվում` նաեւ միջազգային հարթության մեջ:

– ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ձեր դիտարկմամբ` ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից:

– Հայկական կողմի տեսակետները, որոնք հնչեցվել է ԱԳ նախարարության կողմից, անփոփոխ են, եւ ամբողջությամբ կիսում եմ այդ մոտեցումը: Խոսքն այն հանգամանքների մասին է, որոնք պետք է ստեղծվեն, որպեսզի բանակցային գործընթացի միջավայրը վերականգնվի: Իսկ երբ ասում ենք բանակցային գործընթացի միջավայր, նախեւառաջ նկատի ունենք Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունների լիարժեք իրականացում, համապատասխան մեխանիզմների ներդրում, որպեսզի ստեղծվի արժանահավատ, անվտանգային, ռազմական գործողությունները եւ սահմանային բախումները, սադրանքները կանխող եւ հետաքննող միջավայր: Միայն այդ դեպքում կկարողանանք շարունակել փաստաթղթային քննարկումները այն նախագծի շուրջ, որը ներկայացվել է եռանախագահների կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА