ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ ԼԱՎ ԲԱ՞Ն

12.09.2017 19:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
 ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ ԼԱՎ ԲԱ՞Ն


Խորհրդարանի առաջին իսկ լիագումար նիստին, ինչպես եւ սպասվում էր, ընդդիմադիրներն ի ցույց հանրությանը դրեցին բուռն ակտիվության պատկերը: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն «Ելքին», այլեւ` Ծառուկյան դաշինքին: Անձամբ Գագիկ Ծառուկյանը պատվեց հայոց խորհրդարանը ոչ միայն իր ներկայությամբ, այլեւ իր հարցազրույցով, ուր քննադատեց «Ելքին»` ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության համար:
ԻՄԻՏԱՑԻԱ` ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
ԱԺ այս նստաշրջանին ընդառաջ, ընդդիմադիրները «թարգեցին» նիստերի բոյկոտը Գյումրվա եւ Վանաձորի ավագանիներում: Երեւի թե համարեցին, որ կարեւորը մայրաքաղաքային ամբիոնն է: Սակայն այդ ամբիոնի օգտագործումն էլ հետաքրքիր է կազմակերպվում: Ինչքան էլ զարմանալի լինի, բայց կառավարության ներկայացուցիչներին ավելի շատ դժվար հարցադրումներ եւ քննադատական դիտողություններ հղում են ոչ թե ընդդիմադիրները, այլ` ՀՀԿ խմբակցությունը: Երեւի թե, կոնկրետ հարցերով կոնկրետ ընդդիմադիր կեցվածք դրսեւորելը մեր ընդդիմությունը համարում է մանր-մունր բան: Ընդ որում, եթե Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները հարցադրումներ հնչեցնում են, «Ելքի» ներկայացուցիչները թերեւս որոշել են, որ հարկ է կենտրոնանալ «գաղափարական հակասությունների» վրա: 
Դե, բնականաբար, որպես «գաղափարական ընդդիմություն», առաջ են տանում խմբակցության առաջարկությունը` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Չնայած դեռ ամռանից այդ հարցի շուրջ «ելքիչներից» լսեցինք ամենատարբեր կարծիքները` սկսած Էդմոն Մարուքյանի` դա անհապաղ անելու կոչերով, վերջացրած Արամ Սարգսյանի` չշտապելու տարբերակով եւ Նիկոլ Փաշինյանի լռությունով, այնուամենայնիվ, նստաշրջանից առաջ «Ելք» դաշինքը, տեքստային տարբեր կտորներ մի կերպ իրար կցմցելով, երկնեց ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրենքի նախագիծ: Ինչու ենք ասում կցմցելով, քանզի հիմնավորումների մասով ակնհայտորեն ամեն ինչ գլխառադ են արել` հոգ չտանելով, որ դրանք համոզիչ լինեն: Դե, ավելի վաղ էլ հատուկենտ փողոցների անունների «ապասովետականացման» նախագիծը Երեւանի ավագանու գլխադասային հանձնաժողովի նիստում ջրվելուց հետո նույն «Ելքը» դրա վերաբերյալ հաղորդագրություն հրապարակեց եռօրյա ուշացումով: Այսինքն` հիշեցին, որ պարտավոր են տեր լինել սեփական իսկ առաջարկությանը, որը ամռանը դարձել էր բուռն քննարկումների առարկա: 
Այժմյան նախագիծն էլ բուռն քննարկումների առարկա դարձել է: «Ելքին» բավականին կոշտ քննադատում են ՀՀԿ-ի ներկայացուցիչները, փոքր-ինչ ավելի պասիվ` դաշնակները, իսկ չափված-ձեւված ձեւակերպումներով` Ծառուկյան դաշինքը, այդ թվում եւ Ծառուկյանն անձամբ: Ձեւակերպումների ամբողջ սպեկտորն էլ կա` սկսած այդ նախաձեռնությունը հակապետական որակելուց, վերջացրած ամենամեղմ քննադատությամբ: Ի դեպ, ինքը` «Ելքը», Ծառուկյան դաշինքի մոտեցումներն այդ հարցում համարում է բնական եւ սպասելի, եւ միայն ՀՀԿ-ի պարագայում է հակադարձող ձեւակերպումներ օգտագործում: Երեւի թե ելնում են ոչ թե քննադատական խոսքի էությունից, այլ այն հանգամանքից, որ Ծառուկյան դաշինքը համարվում է ընդդիմություն: «Ելքն» էլ թերեւս «կոշտ» ընդդիմության համբավը պահպանելու գործում պետք է շնորհակալ լինի իշխող կուսակցությանը: Սկզբունքորեն ՀՀԿ-ն կարող էր եւ ոչ թե քննադատել, այլ անտեսել «Ելքի» նախաձեռնությունը, քանզի քվեների հաշվարկի տեսանկյունից նախաձեռնության հաջողության շանսերը զրո են: Բայց, այնուամենայնիվ, քննադատում է: 
«ԿՈՄՖՈՐՏԱՅԻՆ» ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Խոշոր հաշվով, «Ելքին» կարելի է ինչ-որ տեղ նույնիսկ մի թեթեւ նախանձել: Ունեն զրո պատասխանատվություն, բայց միաժամանակ կարող են լեզվին եկածը հնչեցնել ցանկացած ամբիոնից, պահպանելով հանդերձ բոլոր արտոնությունները, որ նախատեսված են պատգամավորի կարգավիճակի համար: Եթե Ծառուկյան դաշինքը պատասխանատու է գոնե ԱԺ-ում առկա` Սահմանադրության համաձայն իրենց հասած պաշտոնների համար, «Ելքի» պարագայում դա էլ չկա, չնայած կա անսահման հնարավորություն` տրտնջալու, որ բարի կամք չի դրսեւորվել գոնե իրենց էլ տեղավորելու քվոտայի մեջ: 
Բայց, այնուամենայնիվ, կա այն պահը, որը որոշակի լարվածություն ստեղծում է: Բանն այն է, որ իրենց սկանդալային, բայց ձախողման դատապարտված նախաձեռնություններով «ելքիչները» հանդես եկան ԱՄՆ դեսպան Միլսի հետ հանդիպելուց հետո, ընդ որում` դեսպանը բավականին ոչ դիվանագիտական ձեւով իր անթաքույց զորակցությունն է հայտնել: Իսկ քանի որ մեր տարածաշրջանում նույն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ մրցակցությունը հասած է հակամարտության եւ գրեթե առճակատման աստիճանի, այդ բոլոր նրբերանգները ուշադրության առարկա են դառնում: 
Փաստացի կարելի է արձանագրել, որ նույն «Ելքը» կատարում է ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժի, այլ ամերիկամետ եւ հակառուսական քարոզչական թիմի գործառույթ: Սկզբունքորեն «վաշինգտոնյան մարզկոմին» էլ կարելի է հասկանալ` եթե ընդդիմադիրները ընդունակ չեն ռեալ գործողության, ապա գոնե թող քարոզչական ճակատին միանան եւ ինչպես կրկնօրինակեն քարոզչամիջոցների աշխատանքը, այնպես էլ լրատվական սնունդով ապահովեն այդ նույն քարոզչամիջոցներին: Առավել եւս, որ նույն «Ելքի» նախաձեռնությունների վերաբերյալ Մոսկվայում էլ «շիրա տվողներ» ու կրքեր բորբոքողներ կան: Զորօրինակ, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, որ ժամանակին փորձել էր քարոզչական հարձակում գործել Գարեգին Նժդեհի կենսագրության վրա, բայց հակահարված ստանալով ե՛ւ հայ, ե՛ւ ռուս գործիչներից, հետ էր քաշվել: Իսկ հիմա «Ելքի»` իրականություն դառնալու զրո շանսեր ունեցող առաջարկությունը այդպիսիների համար հարմար առիթ է... 
Բայց, միաժամանակ եւ նույն «Ելքում» կենտրոնախույս միտումներ կան: Իզուր չէ, որ բարեհաջող «կտուրն են գցում» իրենց իսկ նախընտրական խոստումը` միասնական կուսակցություն դառնալու վերաբերյալ: Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» ըստ էության հանդես է գալիս արմատական ամերիկամետ դիրքերից, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»` ավելի չափավոր, իսկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»` ի դեմս Սասուն Միքայելյանի, հնչեցրել է էլ ավելի զգուշավոր մոտեցում: Չպետք է բացառել, որ արդեն 2018-ին «Ելքը» կտրոհվի եւ Մարուքյանը քաղաքական դաշտի այլ հատվածներում առկա արեւմտամետների հետ կկազմի ամերիկամետ կուսակցություն, իսկ մյուսները հարմարավետ կշարունակեն «ընդդիմադիր աշխատել»: Ընդ որում, նույն Մարուքյանին կարող են կցել եւ ձախողակ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով թերեւս համընդհանուր ծաղրի առարկա է, բայց, այնուամենայնիվ, հրավիրված էր ԵԺԿ-ի համաժողովին: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА