ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՆՈՐԻՑ ՓՈՐՁՈՒՄ Է «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

12.09.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՆՈՐԻՑ ՓՈՐՁՈՒՄ Է «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ


Հանգստյան օրերին նորից իր մասին խոսելու առիթ տվեց Վրաստանի նախկին վարչապետ եւ այդ երկրում 11 տարվա կալանքի ենթակա, Օդեսայի նախկին քաղաքապետ եւ վերջերս Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Միխայիլ Սահակաշվիլին: Սկզբում այն տպավորությունն էր, որ որդու հետ միասին հեծանիվով Ուկրաինա մտնելու ցանկության մասին նրա հայտարարությունը հերթական կապիկությունն էր: Բայց իրադարձությունների հետագա զարգացումներն այլ ենթադրությունների տեղիք են տալիս:
Ո՞Վ Է ԿԱՆԳՆԱԾ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԹԻԿՈՒՆՔԻՆ
Այսպես, Սահակաշվիլին, հրաժարվելով հեծանիվից, որոշեց Լեհաստանից Ուկրաինա մեկնել գնացքով: Սակայն գնացքը լեհական կայարանից չշարժվեց, եւ Սահակաշվիլին մյուս ուղեւորների եւ իր կողմնակիցների հետ տեղափոխվեց ավտոբուս: Հասան եւ անարգել անցան լեհական սահմանը, սակայն ուկրաինականը փակ էր ինչ-ինչ անհեթեթ պատրվակով: Եվ հենց այս ժամանակ արձանագրված իրադարձությունն էր, որ ստիպեց Սահակաշվիլու այս արշավանքին բոլորովին այլ հայացքով նայել. նրան ուղեկցողները  եւ սահմանի այս կողմից դիմավորողները պարզապես հարձակվեցին սահմանային ծառայության աշխատակիցների վրա, եւ Սահակաշվիլին, բառիս բուն իմաստով՝ ներխուժեց Ուկրաինա:
Բայց օրենքի տեսանկյունից ուժի մեջ է Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու նախագահական հրամանագիրը, որի հիման վրա փաստացի չգործող ուկրաինական անձնագրով սահմանը հատելու իրավունք Սահակաշվիլին չուներ: Ավելին, այդ նույն անվավեր համարված ուկրաինական անձնագրով նա նաեւ պետք է որ չկարողանար միանգամայն ազատորեն տեղաշարժվեր նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի տարածքներում եւ սահմաններով: Բայց չէ, Սահակաշվիլին միանգամայն հանգիստ հատեց Եվրամիության սահմանը: Իսկ Ուկրաինա նրա ներխուժումը, ինչ խոսք, քրեորեն պատժելի ծանր արարք է...
Այսպիսով, առաջ է գալիս մեկ էական հարցադրում. Սահակաշվիլին ինքնուրո՞ւյն, թե՞ ինչ-որ ուժերի հովանավորությամբ նման ծանր քրեական հանցագործության գնաց: 
Բուշ կրտսերի եւ Օբամայի օրոք Վաշինգտոնի հովանավորյալ Սահակաշվիլին, ինչ խոսք, Թրամփի օրոք իր այդ կարգավիճակը չունի: Օրինակ, անգամ ֆիքսվեց, թե ինչպես էր Սահակաշվիլին Թրամփի երդման արարողությանը հետեւում հեռուներից, բազմության միջից, այն էլ՝ մի մութ անկյուն քաշված: Ուստիեւ ասել, թե նա Սպիտակ տան «դաբրոյով» ուկրաինական սահմանը գրոհեց, այն էլ այն ժամանակ, երբ Թրամփը աննախադեպ փոթորիկներից աչքը չի կարողանում բացել, թերեւս սխալ կլիներ:
Նաեւ իր բարձր հավանականությամբ աչքի չի ընկնում Նինո Բուրջանաձեի տեսակետը, թե անկյուն քշված Սահակաշվիլին պարզապես վա-բանկ է գնում: Նկատենք միայն, որ այս սահմանային միջադեպով Սահակաշվիլին լուրջ դիվանագիտական ճգնաժամ առաջացրեց նաեւ լեհ-ուկրաինական հարաբերություններում, եւ եթե խնդիրը միայն էքս նահանգապետի վա-բանկը լիներ, հազիվ թե Վարշավան այդ լարվածությանը գնար ու կանխավ միջոցներ չձեռնարկեր: Այսինքն այն, որ լեհական իշխանությունները Սահակաշվիլուն հատուկ թույլ տվեցին հասնել Ուկրաինայի սահմանին, արդեն իսկ ակնարկ է, որ նրա արշավանքի թիկունքին այնպիսի խոշոր ուժեր են կանգնած, որ կարողանում են անգամ Վարշավային «տակից» այդ ծրագրի մեջ ներառել: Եվ, վերջապես, միայն այն փաստը, որ Սահակաշվիլու ողջ արշավանքն ուղիղ եթերով ներկայացնում  էր սուպերլիբերալ համակարգի հարվածային քարոզչամեքենան, արդեն իսկ հիմքեր տալիս են ենթադրելու, թե իրականում ովքեր են կանգնած այս արշավանքի հիմքերում:
ԼԻԲԵՐԱԼՆԵՐԻՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ Է ՊԵՏՔ
Կարելի է նաեւ կռահել, թե սուպերլիբերալների ինչին էր պետք Սահակաշվիլու այս արշավանքը: Իհարկե, Ուկրաինայի գործող նախագահ Պորոշենկոն էլ է այդ նույն սուպերլիբերալ համակարգի դրածոն: Բայց քրեաօլիգարխիկ հարուստ անցյալով սույն նախագահն անցյալի կապերը փոխել նոր չէ որ պետք է սովորի: Դեռ այն ժամանակներում, երբ Թրամփը նախագահի թեկնածու էր, պաշտոնական Կիեւը համառորեն փորձում էր նրա դեմ աշխատել: Բայց Թրամփի ընտրվելուն պես՝ Պորոշենկոն նրա դռների մոտ հերթագրվածների ցանկում առաջիններից մեկը դարձավ: Իսկ Կիեւ կատարած վաշինգտոնյան բարձրաստիճան պաշտոնյաների վերջին մի շարք այցելությունները հուշում են, որ Պորոշենկոն նույն պատրաստակամորեն ներկայիս Սպիտակ տան հանձնարարականներով է գործում: Կարճ ասած, սուպերլիբերալները, որ տասնյակ միլիարդներ էին ներդրել Ուկրաինան իրենցով անելու համար, այս կերպ կորցրին իրենց բոլոր ներդրումները:
Հաջորդը. վերջերս տեսանելի դարձավ նաեւ, որ ուկրաինական հակամարտությունը  կարող է լուծվել Մոսկվայի առաջարկած սխեմայով,  թեեւ չբացառենք, որ այդ հարցով կար Վաշինգտոնի հետ քիչ տեսանելի պայմանավորվածությունը: Խոսքը Վլադիմիր Պուտինի առաջարկի մասին է, որ դոնբասյան հակամարտող ուժերի միջեւ պետք է տեղակայել ՄԱԿ-ի խաղաղարար ուժեր, որի արդյունքում ներուկրաինական այս մեծ ճգնաժամը պարբերաբար սրացնող հիմնական գործոնը՝ պատերազմը, վերջնականապես երկրորդ պլան կմղվի՝ ճանապարհ բացելով քաղաքական լուծումների համար: Նման բան առաջներում չէր լինում, սակայն ՌԴ նախագահի առաջարկի հետ համաձայնեց մինչեւ իսկ Վաշինգտոնը, եւ զգացվում է, որ վերջինիս «խորհրդով»՝ նաեւ պաշտոնական Կիեւը: Իսկ  ահա  Գերմանիայից մինչեւ իսկ լսվեց ԱԳ նախարարի մակարդակով հայտարարություն, որ խաղաղարարների տեղակայումը բավարար առիթ կլինի՝ հակառուսական պատժամիջոցները չեղյալ համարելու համար:
Այսպիսով, սա եւս մեկ գործոն է, որը կարող է էապես մեղմել սուպերլիբերալների կողմից անգամ ԱՄՆ նախագահական աթոռը կորցնելուց հետո մշտապես թեժացվող Արեւմուտք-ՌԴ հակամարտությունը:
ՓՈՂԿԱՊՆ ՈՒՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ
Մի խոսքով, նշված բոլոր զարգացումներից խուսափելու համար, սուպերլիբերալիզմին, իրոք, օդ ու ջրի պես  անհրաժեշտություն էր դարձել Ուկրաինայում կտրուկ սրացումներն ու արմատական փոփոխությունը: Եվ միայն այն փաստը, որ ուկրաինական սահմանը դեռ չանցած, Սահակաշվիլու կողքին հայտնվեցին այնպիսի «քյարթու» սուպերլիբերալիստական տարրեր, ինչպիսին է, օրինակ, ոչ անհայտ Յուլյա Տիմոշենկոն, արդեն իսկ ակնարկ է, որ կազմակերպվել է Ուկրաինայում հերթական անգամ «գունավոր հեղափոխություն» իրականացնելու փորձ:
Պատահական չէ նաեւ, որ առաջին պլանում է Սահակաշվիլին: Դեռ նահանգապետության ժամանակներում նա նախագահական աթոռի հավակնություններ քանիցս ներկայացրել է, որն էլ դարձավ պաշտոնական Կիեւի հետ հարաբերությունների այդքան լարման, նրան նահանգապետական աթոռից եւ քաղաքացիությունից զրկելու հիմնական պատճառը: Ընդ որում, Սահակաշվիլին արտաքին տերերի աչքին իր թեկնածությունը հիմնավորում էր նրանով, որ, ի տարբերություն ռուսների հարցով միայն մեծ-մեծ խոսող եւ փաստացի՝ գերզգուշավորություն ցուցաբերող Պորոշենկոյի, ինչը պատրաստ է գնալ հարաբերությունների ծայրահեղ՝ պատերազմական սրման: Ու հիմա էլ, եթե «հեղափոխությունը» հաջողվի, ապա այդ պատերազմական հեռանկարը, թերեւս,կդառնա անխուսափելի: Եվ նկատենք, որ սուպերլիբերալիզմի համար հենց նման հեռանկարն է, որ կարող է դառնալ այն «արմատական փոփոխությունը»:
Բայց որքանո՞վ է իրատեսական ուկրաինական նոր «հեղափոխությունը»: Նախ, սահմանի այս ճեղքումը ցույց տվեց, որ պաշտոնական Կիեւն անվճռական է  տրամադրված, ինչին նպաստեց նաեւ Սահակաշվիլուն ցույց տրված քարոզչական հզոր աջակցությունը: Ապա. ինչ խոսք, երկրի հերն անիծած, Պորոշենկոն բոլորին այնքան է զզվեցրել, որ նրա դեմ մեծ զանգվածներ, թերեւս, դուրս կգան: Ուկրաինական հին եւ ներկայիս օլիգարխիայի զգալի մասը եւս կցանկանար Պորոշենկոյի իրականացրած տնտեսական վերաբաշխումը նորից վերաբաշխել: Այս ամենը «հեղափոխության» օգտին են:
Մյուս կողմից, դեռ չկա եւ, հավանաբար՝ չի էլ լինի որեւէ ազդակ, որ արեւմտյան առանցքային մայրաքաղաքները եւ հատկապես՝ Վաշինգտոնն աջակցում են Սահակաշվիլուն: Բնական է, Սահակաշվիլին նաեւ Մոսկվայից աջակցություն չի ստանա: Այսքանից հետո, եթե ինչ-որ հրաշքով «հեղափոխությունը» հաջողվի, մեկ է, էլի քիչ հավանական է,որ կհաջողվի Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ պատերազմ առաջացնել Ուկրաինայում: Նախ՝ Կիեւի խնդիրը ռազմական առումով Դոնբասն է, որի բանակն այս ավելի քան երկամյա կիսահրադադարային վիճակում այն աստիճան է համալրվել եւ հզորացել, որ փորձագետները անգամ այն համարում են եվրոպական լավագույն բանակներից մեկը: Այսինքն, մեծ պատերազմի փորձը, թերեւս, հենց Դոնբասում էլ կավարտվի:
Մի խոսքով, Սահակաշվիլուն մեծ-մեծ խոստումներով նորից առաջ են գցել, բայց ամեն ինչ կարծես թե կավարտվի նրանով, որ նա ստիպված է լինելու աբխազական պատերազմի օրինակով նորից սեփական փողկապն ուտել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА