ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորը պատասխանում է Հրանտ Բագրատյանին

12.09.2017 12:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորը պատասխանում է Հրանտ Բագրատյանին

Ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ ինձ հետաքրքրել է աշխարհի ժողովուրդների և հայ ժողովրդի պատմական անցյալը, մեր ազգի ազնվական գերդաստանների ու արքայական, հոգևոր, նախարարական, իշխանական, զինվորական տոհմերից սերվող մտավորականների ով լինելը, Հայոց լեզվի տեղն ու դերը հնդեվրոպական լեզվաընտանիքում և պետության անվանման հարցերը:

Վերջին շաբաթներին հայ մամուլում լուսաբանվում է Հրանտ Բագրատյանի պատկերացումը, թե համոզմունքը դժվարանում եմ գրել, հայերենի աղքատ լինելու է, ինչպես նաև Հայաստան պետության անվանման մասին: Ես որպես Ձեր թերթի մշտական ընթերցողը միանգամից ասեմ. Փա՛ռք Աստծո, 20-րդ դարում հայերը կարողացան երեք անգամ ստեղծել Հայաստան պետություն: Նախ առաջին Համաշխարհային պատերազմի հետևանքով օսմանյան կայսրության փլուզումից հետո (չնայած ժողովրդի տեղահանման ու եղեռնին) հայերը՝ Արշակունիների թագավորության կործանումինց հետո՝ 1531 տարի անց՝ կարողացան կազմավորել մարտունակ բանակ և 1918-ի մայիսի 21 – 28-ը թուրքերին հաղթեցին Սարդարապատի ճակատամարտում: Կարծում եմ՝ մայիս ամիսը և մայիսի 28 – ը պատահական թիվ չէ. հայ քաղաքական և ռազմական վերնախավը ընտրել է այս թիվը, որպեսզի Աշխարհին՝ հատկապես թուրքերին՝ հիշեցնի Բյուզանդական կասրության վերջին օրը՝ 1453 թվականի մայիսի 28 – ը, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 29 -ը՝ կայսրության կործանման օրն էր…1918 մայիսի 28-ը` Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման օրը՝ եղավ ապագա երկուսուկես տարեկան պետության ծննդյան օր: Փա՛ռք ու պատի՜վ արյան գնով ձեռք բերված Առաջին Հանրապետության արյունաքամ եղած ժողովրդին և հիմնադիրներին: Առանձնահատուկ պատմական փաստ է այն, որ 1920 թվականի նոյեմբերի 29-ին հայ ժողովուրդը կազմավորեց բոլշևիկյան Երկրորդ Հանրապետությունը:

Փա՛ռք ու պատի՜վ Երկրորդ Հանրապետության առաջադեմ ժողովրդին և հիմնադիրներին, որոնք պարարտ հող ստեղծեցին Անկախ Հայաստանի կայացման համար: Արդեն իրականություն է, որ հազարամյակներով պետականությունը կորցրած, եղեռնազարկ հայերը 20 – րդ դարում ապացուցեցին, որ առաջադեմ, կարող, կենսունակ, բազմաշնորհ ու բազմակողմանի և յուրօրինակ ազգ են, փաստ է այդ: Այո՛, փաստ է. հայ ժողովուրդը, ընդամենը 71 տարիների ընթացքում ստեղծեց իրար հաջորդող Երեք Հանրապետություններ: Եվ ներկա սերունդը հայի ամենաերջանիկ սերունդն է և կենդանի առասպելը` քանի որ Անկախ Հայաստանի կերտողներն են: Անկախության պայմաններում հայը հնարավորություն է ստացել ինքնուրույն ներկայանալու և միասնական գործելու ժամանակակից մարդկության թատերաբեմում... խավարի մեջ լույսի ճանապարհ գտնելու, ոչ թե լույսի մեջ խավար փնտրելու, ինչպես անում են որոշ քաղաքական և պետական գործիչ «մասնագետներ»: Նշենք որ, ըստ լեզվագետների` լեզվի բառապաշարը 4000 տարիների ընթացքում 48 տոկոսի սահմաններում է փոփոխվում, իսկ սա ահռելի ժամանակաշրջան է իր հայտիներով և անհայտներով: Թե ինչու՝ Խորհրդային Հայաստանի հարուստ տնտեսության «բարեփոխիչ» վարչապետ Բագրատյանը հայոց լեզուն աղքատ է համարում, թողմում եմ նրա խղճին և ողջամտությանը: Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի անվանափոխմանը, ապա այս հարցը պահանջում է լուրջ մասնագիտական և գիտական հիմնավորումներ, այն էլ գիտական լսարաններում, ոչ թե քաղաքական և հրապարկախոսական ատյաններում:

 Ինչ վերաբերվում է հայերենի աղքատիկ լինելուն, իմ կողմից ուսումասիրված նյութերը ապացուցում են, որ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի՝ մայր կամ առանցքային լեզուն է եղել անտիկ շրջանից, երբ եվրոպոիդների նախնիները՝ դեռ եղել են Հայկական լեռնաշխարհի և լեռնաշխարհին հարակից տարածաշրջանների բնակիչներ: Ես ինձ թույլ չեմ տա մտնելու այլ մասնագիտական ոլորտ, սակայն գիտամասնագիտական, պատմական և այլ տեղեկատվական նյութերի համեմատականները վկայում են, որ հայերենը ոչ թե աղքատ է կամ հարուստ՝ այլ ուժեղ լեզու է. առաջին, միգրացիոն տեսության կողմնակից գերմանացի Հ. Հյուբշմանը գրում է. «Հայերը համարվում են առաջավորասիական հնագույն ժողովուրդներից միակ պահպանվածը…», իսկ Նիկողայոս Մառը հայտնել է մի տեսակետ, որ հայերենը ազատ է մնացել օտար լեզուների հետ ձուլվելուց և պահել է իր ընտանեկան «կայսրությունը» ու հնդեվրոպական լեզվաընտանիքում ստեղծել իր լեզվախմբի կայսրությունը: Բայրոնը փոթորկված հոգով հեռանալով Անգլիայից, գալով Վենետիկ, ընտրել է հայերեն լեզուն և իր բարեկամ Թոմաս Մյուրին ուղարկած նամակներց մեկում գրել է. «Դա մի հարուստ լեզու է, այսուամենայնիվ, և կարող է մեծապես հատուցել իրեն սովորողի նեղությունը»: Հավանական է հայերեն լեզվի հնչելը և առոգանությունը այնքան դրական է ազդել նրա ծանր հոգեկան վիճակի վրա, որ թեթևացել է նրա նեղությունը: Վալերի Բրյուսովը հայոց պոեզիայի մասին խոսելիս, հայոց բանաստեղծությունն անվանել է հայ ժողովրդի «ազնվականության վկայական, հայ հանճարի մեծ անհատականության բոցե կնիքով է դրոշմված և միջնադարյան հայ պոեզիան»: Բանաստեղծ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արտեմ Հարությունյանը իր ելույթներից մեկում նշել է. «ԽՍՀՄ ժամանակներում մեզ հետ պոեզիայի հարցում կարող են մրցել լիտվացիները որոշ չափով, մյուսները հետ են մեզանից, գրականությունը հանպատրաստից բան չէ»: Այսպիսի գնահատականը մեկնաբանության կարիք չունի, քանի որ յուրաքանչյուրիս պարզ է, թե որ ժամանակներից է գալիս հայի գրական ընդունակությունները: Իսկ գրականության, և ամեն բանի հիմքը, նրա արմատն է՝ հայերենը. այս է իմ՝ ճարտարագետ մասնագետի համոզմունքը:

Երկրորդ. պատմական փաստերն ապացուցում են, որ հայոց լեզուն թարգմանչական լեզու է, քանի որ մեկ օտար լեզվից մեկ այլ օտար լեզու, ինչպես նաև այլ լեզուներից հայերեն՝ լավագույն թարգմանությունը հայերի կողմից կատարված թարգմանություններն են, և հակառակը: Խնդրեմ: Փաստեր որքան ցանկանանք, բերեմ մի քանի օրինակներ: Մառը անդրադառնալով Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը ասում է. «Նախքին հայկական թարգմանությունը, որի նման մենք, եթե բացառենք նրա եղբայրակից վրաց ժողովրդի թարգմանությունը հայերեն բնագրից կախված, նույն եղանակով չեն պատահում բնավ ուրիշ քրիստոնյա ազգերի մոտ»:

 Կան շատ հայեր, որոնց գործունեության նկարագիրը մի քանի տողից չի անցնում, սակայն այն անհամեմատ բովանդակալից է և եզակի: Մասնագիտությամբ ուսուցիչ Ջոն Լասար անունով հայտնի Հովհաննես Ղազարյանը Չինաստանի համար 1805 թ. առաջին անգամ «Աստվածաշունչը» անգլերենից թարգմանել է չինարեն և չինագետները համարում են չինարեն լավագույն թարգմանված «Աստվածաշունչը»: Ով է Ղազարյանը: Չէ որ Չինաստանը Անգլիայի գաղութն է եղել, պետք էր, որ քրիստոնությունը անգլիացիները քարոզեին Չինաստանում: Հարց է առաջանում, կարող է պատահականությու՞ն է, նման թարգմանությունը, ո՛չ, պատահականություն չէ: Կամ, Գևորգ Գևորգյանը Վենետիկում հայտնի պաշտոնական թարգմանիչ է եղել՝ ում որդին վենետիկցի բժիշկ Նիլոլո Մասսայի խնդրանքով արաբերանից իտալերեն է թարգմանել արաբ բժիշկ Իբն Սինայի անմահ գործերը: Հիշենք Մառին: Մառի խորհրդով իր սան, մեծատաղանդ Վահան Տերյանը թարգմանել է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորի» նախերգանքը և այդ թարգմանությունը Մառը նույնացրել է բնագրին հավասարազոր ու անվանել «Արևի կտոր»: Ավելին, Նիկողայոս Մառի համոզմամբ` «Շնորհիվ հայերի` քրիստոնեական կորած գոհարների փրկումը: Ավելին ևս: Եվրոպայի վայրենացման դարերին հայ ազգը իր թարգմանություններով հունարենից` անփոխարինելի ծառայություն է մատուցում եվրոպական համամարդկային քաղաքակրթությանը, ոչ միայն պահելով դասական գրականության հիշատակարաններն, այլև հունագիտական ամենաեռանդուն ախոյան հանդիսանալով և նպաստելով այն լեզվի ուսումնասիրությանը Արևելքում և մինչև անգամ Հունաստանում»: Վրաստանի Իրակլի երկրորդ թագավորի պալատական դիվանագետ Միրզա Գուրգենին (իրական ազգանունը Մամիկոնյան) արևելյան շատ լեզուների տիրապետելու համար անվանել են «էնիկոլոպ», որը վրացերենից թարգմանվում է «լեզուների պարկ», որտեղից էլ նրան կոչել են Գուրգեն Ենիկոլոպով (Միրզա Գուրգեն Ենիկոլոպաշվիլի) ազգանվամբ: Կամ` «…նոր հիմնադրված թուրքական լեզվագիտական ընկերության գլխավոր մասնագետը և առաջին քարտուղար»` Ա. Դիլաչարը (Հակոբ Վահանի Մարթայան) համակարգել է արաբատառ օսմաներենից ժամանակակից թուրքերենի լատինատառ այբուբենի անցնելու աշխատանքները, Դիլաչար թուրքերենից թարգմանվում է որպես լեզվի բանալի, լեզու բացող:

Վերոգրյալ օրինակները, հայի՝ օտար լեզուներին տիրապետելու վերաբերյալ, վկայում է, որ հայը և հայերենը հնդեվրոլեզվաընտանիքի հինական կրողն է, որ հայը օտար լեզուները հեշտ է ընկալում և դյուրությամբ վերարտադրելով` մատչելի է դարձնում այլ լեզուներին, տիրապետում ցանկացած լեզվի առոգանությունը՝ ի շնորհիվ մեր այբուբենի կատարելության և հայերենի ճգունության ու ուժի: Հիշենք Նուբար Նուբարյանին, ով 1848 թվականին՝ 23 տարեկան հասակում, Եգիպտոսի պատվիրակության կազմում մեկնում է Ֆրանսիա և Անգլիա: Նրա լեզվիմացության կարողությունները և դիվանագիտական հմտությունները Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպի վրա այնպիսի տպավորություն են թողնում, որ թագավորն իր պալատականի միջոցով հայ երիտասարդին հետ է կանչում և կողքին գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կրծքից հանում է «Պատվո լեգեոն» խաչը և ամրացնում նրա Բուրարի լամբակին` ասելով. «Ձերդ վեհապետին հայտնի լինի, որ ոչ թե Ֆրանսիայի կառավարությունը, այլ անձամբ թագավորը այս շքանշանը Ձեզ է պարգևել»: Փաստեր, որոնք խոսում են հայի` թարգմանչական արվեստի մատչելիության մասին, որպես մարդկությանը ստույգ տեղեկություն և իմաստներ հաղորդելու միջոց: Կամ պրուսիացի ճանապարհորդ Հաքստհաուզենը, որտեղից և ինչ հանգամանքներից ելնելով է ասել, որ հայը աստվածային տեսչությամբ ընտրված է իբրև միջնորդ քրիստոնեությունը և քաղաքակրթությունը տարածելու Արևելքում: Այստեղ հարց է առաջանում. հայը ինչպես կամ ինչ միջոցով պետք է տարածեր քրիստոնեությունը և քաղաքակրթոիթյունը, եթե ոչ իր մայրենի լեզվի օգնությամբ: Մեկ ուրիշ նախադեպ, ըստ պատմագիտական աշխատության, մ.թ.ա. Աքեմենյանների թագավորության Կյուրոս Մեծը Հայոց թագավորից պահանջում է ուղեկիցներ և միջնորդներ, որպեսզի իր դեսպանին ուղեկցեն հնդկաց թագավորի մոտ և միջնորդեն, որ վերջինիս «մեծաքանակ» դրամ տրամադրի իր առաջիկա ռազմական ծախսերի համար: Այս ուշագրավ տեղեկությունը պատմաբան Լևոն Շահինյանը մեկնաբանում է տարբեր տեսանկյուններով: Նախ` որպես հայ – հնդկական հնամենի և բարիդրացիական փոխհարաբերություններ հաստատող փաստ, երկրորդ, հայերի հանդեպ հնդիկ թագավորի կամ, ավելի ճիշտ, թագավորների վստահության ապացույց, որն ուներ իր նախապատմությունը և ավանդները: Մի խոսքով, այս փաստը ցույց է տալիս, որ հնում հայերի նախնիները միջազգային հեղինակություն են ունեցել և լավ թարգմանիչներ են եղել:

Մեր ժամանակների տրամաբանությամբ, լեզուները դարձել են միջազգային, ոչ այն պատճառով, որ հարուստ լեզուներ են, այլ յուրաքանչյուր կայսրություն ունեցել է իր սեփական կայսրության միջազգային լեզուն: Իսկ համաշխարհային քաղաքակրթության և գաղափարախոսության պայմաններում, կայսրություններից մեկի լեզուն դարձել է միջազգային լեզու, ինչպես անգլերենը: Անգլերենը միջազգային է, քանի որ անգլիացիները՝ հատկապես 18-19-րդ դարերի ընթացքում՝ կապիտալիզմի ձևավորման և զարգացման ընթացքում տարածել են իրենց մշակույթը և լեզուն ամենուր, այսպիսով անգլերենը դարձել է միջազգային լեզու: Նույնը 20-րդ դարում կոմունիզմ-սոցիալիստական քաղաքակրթության ձևավորման և ազգային պետական միավորումների կազմավորման շրջանում, քանի որ այդ հասարակարգը ձևավորվել է ռուսական տարածքում, ռուսերեն լեզուն դարձել է այդ սոցիալիստական գաղափարախոսությունը կրող ազգերի միջազգային լեզու: Նույն տրամաբանությամբ, մ.թ.ա. հավանական է տարբեր գաղափարախոսություններով բաբելոնացիները, ասորիները, պարսիկները, հայերը՝ ստեղծել են իրենց գաղափարախոսություններին համապատասխան կայսրություններ, հետևաբար այդ լեզուները դարձել են տվյալ կասրության մեջ մտնող և հարակից շրջանների ժողովուրդների ու երկրների համար միջազգային լեզու:

Տեղին է հիշել` Գինեսի Գրքի անդամ` կինոյի միջազգային Վարպետ - դերասան (նկարահանվել է մոտ 300 դերերում) Արմեն Ջիգարխանյանին, նա ասում է. «Արվեստը տրված է մեզ, որ մենք չհեռանանք իրականությունից»: Իրո՛ք, հայը տիրապետում է թարգմանչական արվեստին: Հիրավի, իմ կարծիքով, թարգմանությունը` որպես արվեստ` հիմնաքարն է և շունչը միջազգային գրականության ու խոսքի, ինչը արել են հայերը հազարամյակների ընթացքում:

 Օտար լեզուների նկատմամբ հայերենի առավելությունը երևում է նաև ըստ մեկ ուրիշ տեղեկության` 8 հազար հայ հեղինակների 25 հազար ծածկանունների քանակով, որոնք բերել է Բ. Հովակիմյանը «Հայոց ծածկանունների բառարան» – ի մեջ: Հեղինակը 54 տարի ուսումասիրել է 1200 անուն հայերեն պարբերականներ, սկսած 18 – րդ դարից մինչև մեր օրերը: Նա միաժամանակ նշում է աշխատության ոչ լիապես լինելը, քանի որ անմատչելիության պատճառով հնարավորություն չեն ունեցել օգտվելու սփյուռքահայ հայերեն և օտարալեզու պարբերականներից, Սփյուռքի հարուստ գրապահոցների հավաքածուներից, երկարամյա ու բացառիկ այլ հրատարակություններից, ինչպես նաև միչև գրքի հրատարակման թվին (2005թ. դրությամբ) նախորդած 10 տարիների ընթացքում Երևանում և Հայաստանի շրջաններում լույս տեսած պարբերականներից («վերջինները վերծանելու հարկ չի եղել»): Ուշագրավ է հեղինակի այն փաստը, որի մասին գրում է. «Մեր կազմած ծածկանունների բառարանն իր պարունակությամբմեծ է ուկրանականից, բելոռուսականից, վրացականից և ադրբեջանականից միասին վերցրած»: Փաստ, որը կարող է նաև վկայել միջազգային ասպարեզում հայոց լեզվի մտքի ու մտորումների, ճկունության և հայերեն լեզվի ուժի, թեկուզ և ինձ համար անընդունելի հարստության մասին:

 Ամփոփելով հոդվածը բերեմ ակադեմիկոս Աճառյանի խոսքերը. Հրաչյա Աճառյանը գրում է. «Գիտունները առհասարակ զբաղուել են ուսումնասիրելով հայէրէնի ծագումը, զարգացումը և նրա կրած ազդեցութիւնը օտարներից: Ո՛չ մէկը չի հետաքրքրուած, թէ հայերէնն էլ ուրիշների վրայ ի՛նչ ազդեցութիւն է գործել…»: Աճառյանը, հետևելով Առաջին ուսուցչի` Մաշտոցի գործելաոճին, և վստահ լինելով, որ հայկական բառեր կլինեն անպայման այլ լեզուների մեջ` երկար տարներ «թափառել» է երկրե – երկիր, հետևողականորեն ուսումնասիրել լազերեն, վրացերեն, ուտիերեն, չերքեզերեն, թուրքերեն, ‎ֆիններեն, քրդերեն, եբրայերեն, արաբերեն, ասորերեն, գնչուերեն (հայ բոշաերեն), ալթայական լեզվախմբի, կովկասյան և եվրոպական մի շարք լեզուներ, ու դուրս է բերել օտար լեզուների մեջ հարյուրավոր հայերեն փոխառություններ: Նա գտել է նաև թուրքերենից` անուղղակի հայերեն փոխառություններ այլ լեզուների մեջ և համարում է, որ «առհասարակ արևելյան լեզուները բաւական զօրեղ ազդեցութիւն են գործել եւրոպական լեզուների վրա»: Ահա այպիսին է հայերնը իր որակական հատկություններոն՝ ուժով, բովանդակությամբ, հնչումայնությամբ, կարևորությամբ և ճկունությամբ ու թարգմանչական արվեստով…հաջորդ որակական արժեքի բացահայտումը թողնում եմ ընթերցողին: Իմ տրամաբանությամբ աղքատ և հարուստ հասկացությունները սոցիալական է և տնտեսական, որոնք «անհրաժեշտության» դեպքում օգտագործվում են քաղաքական նպատակների համար:

 

ՍԱՄՎԵԼ ՏՈՆՈՅԱՆ

Ճարտարագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու,

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր,

«ԳԽ պատգամավոր ակումբ» հ/կ անդամ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА