ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լոռիում երրորդ անգամ են թալանել ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանին

11.09.2017 17:46 ԻՐԱՎՈՒՆՔ
Լոռիում երրորդ անգամ են թալանել ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանին

Լոռիում թալանել են ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանին:

Կատարված գողությունը դերասանը հայտնաբերել է սեպտեմբերի 11-ին Փամբակում գտնվող իր տուն այցելելուց հետո:

Ավտոտնակից մեքենայի անիվները, գազի բալոնը, ռեդուկտորը, ինչ հարմար են գտել, ավերել են, հանել մեքենայի վրայից  ու տարել են: Նաեւ գործիքներ, ասել է դերասանը:

Ժողովրդական արտիստը վրդովված է. վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում իրեն արդեն 3-րդ անգամ են թալանում: Մինչ այս դեպքը նախորդ տարի երկու ամսվա ընթացքում թալանել են դերասանի բնակարանը:

«Ես շատ վրդովված եմ, որովհետեւ մեկ տարի առաջ էլ Բազումի տունս երկու անգամ թալանեցին»,- նշեց նա:

Առաջին անգամ բնակարանից գողացել են ինչպես գույք, այնպես էլ տարբեր գերատեսչությունների կողմից ստացած թվով 7 ոսկի մեդալները: Երկու ամիս անց էլ ապամոնտաժել ու տարել են ջեռուցման կաթսան: Գողություններից եւ ոչ մեկը, սակայն, մինչ օրս չի բացահայտվել:

Այս անգամ դերասանը վճռական է տրամադրված: Հետեւողական աշխատանք տանելու խնդրանքով դիմելու է  ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության  պետին, ապա անհրաժեշտության դեպքում նաեւ ՀՀ ոստիկանապետին:

«Երեք անգամ իմ նկատմամբ նման անպատիվ վերաբերմունքը ես չեմ հանդուրժի ու իրենք էլ պետք է անհանգիստ լինեն, որ գտնեն»,- նշել է արտիստը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА