ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սահմանամերձ Խաչիկում կայացավ «Նա, ում սպասում էին» ֆիլմի համահայկական պրեմիերան

11.09.2017 14:29 ՄՇԱԿՈՒՅԹ
Սահմանամերձ Խաչիկում կայացավ «Նա, ում սպասում էին» ֆիլմի համահայկական պրեմիերան

Երեկ սահմանամերձ Խաչիկ գյուղում կայացավ հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Նա, ում սպասում էին» ֆիլմի պրեմիերան: Սահմանում ապրող խաչիկցիների առօրյայի, ապրելակերպի եւ Խաչիկում պատահաբար հայտնված ֆրանսիացի դերասանի մասին պատմող ֆիլմը նկարահանաել է հենց Խաչիկում` երկու տարի առաջ: Ի տարբերություն այլ ֆիլմերի պրեմիերաների, որոնք սովորաբար տեղի են ունենում կինոթատրոններում, կարմիր գորգով, այս անգամ ֆիլմի պրեմիերան կայացավ Խաչիկի դպրոցի բակում` բացօթյա, հանդիսատեսն էլ ոչ թե կինոլորտի ներկայացուցիչներն էին, այլ խաչիկցիները:

Մինչ ֆիլմի ցուցադրությունը, ստեղծագործական խումբը պատմեց ֆիլմի ստեղծման եւ ֆիլմի համար գյուղի ընտրության նախապատմությունը:

Ֆիլմի բեմադրող ռեժիսոր ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԻ խոսքով`ֆիլմը նվիրված է ժողովրդին եւ այն հիշեցնում է, թե ինչպես են մարդիկ  շփվում մեկը մյուսի հետ, չիմանալով միմյանց լեզուն. «Եթե մի ֆրանսիացի ինչ-որ պատճառներով հայտնվել է սահմանամերձ գյուղում, ինչպես է նա շփվելու ժողովրդի հետ: Ֆիլմում կարծես թե ժողովուրդը միակողմանի որոշել է, որ այդ մարդը եկել է իրենց օգնելու, նրան դեր են տալիս, չիմանալով որ դերասան է: Ֆիլմը կատակերգություն է»,-նշեց Ս. Ավետիքյանը եւ հավելեց, որ Խաչիկ գյուղը ընտրել է որդու հորդորով. «Իմ ավագ որդին Հովնաթան Ավետիքյանը տարիներ առաջ մի խմբի հետ եկել էր Արենի, ոտքով բարձրացել էին Խաչիկ եւ սահմանապահները նրանց բռնել էին: Ամեն ինչ բարեհաջող էր անցել եւ Հովնաթանը շատ էր կապվել Խաչիկի հետ: Մի օր ինձ ասաց, թե գյուղի համար ինչ կարող ենք անել, դե ասացի ինչ ես ուզում, որ անենք: Այդպես էլ ժամանակի ընթացքում որոշեցինք ֆիլմը նկարահանել Խաչիկում: Ֆիլմի աշխատակազմն աշխատեց շատ ցածր աշխատավարձով, քանի որ ֆիլմի բյուջեն փոքր էր, Խաչիկի զորքի մասնակցությունը քիչ չէր ֆիլմում, զինվորները մի քանի դրվագներում նկարահանվել են»,-փաստեց Սերժ Ավետիքյանը: Նրա բնորոշմամբ, Խաչիկում ֆիլմի պրեմիերան ունի հետաքրքիր խորհուրդ, քանի որ նման երեւույթ առաջին անգամ է, երբ ֆիլմի պրեմիերան կայանա այնտեղ, որտեղ նկարահանվել է:

Ֆիլմը դիտելու համար Երեւանից Խաչիկ էր եկել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան  ԺԱՆ ՖՐԱՆՍՈՒԱ-ՇԱՐՊԱՆՏԻԵՆ, ով մեկ անգամ արդեն հասցրել էր դիտել ֆիլմը: Նա շնորհակալություն հայտնեց ստեղծագործական անձնակազմին եւ ընդգծեց, որ ֆիլմը նշանակալից է հայ-ֆրանասիական բարեկամության համատեքստում եւ  համոզված է, որ այն բոլորին դուր կգա:

Իզուր չէր ընտրված  ֆիլմի պրեմիերայի վայրը, քանի որ դերասանական  խումբը խոստացել էր, որ ֆիլմի համահայկական պրեմիերան պետք է կայանա Խաչիկում:
Կինոռեժիսոր ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ նկատեց, որ դերասաններն իրենց խոստումն իրականացրեցին. «Սա մեր մեծ խոնհարումն է Խաչիկ գյուղին, որովհետեւ անչափ մեծ էր Խաչիկի բնության, օդի եւ այս մարդկանց մասնակցությունը մեր ֆիլմում»,-նշեց Մ. Դովլաթյանը:


Ֆիլմի գլխաբոր դերասաններից ՌՈԲԵՐՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նկատեց, որ ամեն անգամ հաճույքով եւ կարոտով է վերադառնում Խաչիկ գյուղ, քանի որ մեկ ամիս գյուղում է անցկացրել եւ իրեն զգացել է ինչպես տանը.«Մենք տեսնում էինք, թե սահմանին ապրող այս ժողովուրդն ինչ հերոսաբար է ապրում, այստեղի բնակիչներն իրենց պարտքն են համարում լինել այնպիսին, որ սահմանը լինի կայուն, կանգուն: Այսօր թեթեւ ինչ-որ պատճառ ունեի չգալու` մի քիչ վատառողջ էի, բայց Խաչիկ գյուղի անունը լսելուց հետո պատճառն իսպառ վերացավ: Երբ սցենարը կարդացի ,չգիտեի, թե ինչպես կլինի իմ կերպարը, բայց Խաչիկ գալուց հետո հասկացա, որ կերպարս պետք է լինի այնպիսին, ինչպես խաչիկցիներին է»-նշեց դերասանը եև դիմելով խաչիկցիներին փաստեց. «Ես ձեզանից ո՛չ մտածելակերպով, ո՛չ հոգով չպետք է տարբերվեմ, եւ աշխատել եմ այդ ուղղությամբ: Կերպարս պետք է լիներ ձեզ նման, այդքան հայրենասեր, այդքան հյուրասեր, մարդկային: Մենք միշտ ցանկություն ենք ունենում վերադառնալու Խաչիկ: Չնայած վատ հայ չի լինում, բայց դուք հայերի լավ տեսակն եք: Շնորհակալ ենք, որ կաք, գյուղին ցանկանում եմ հավերժություն, ձեր նման մարդիկ են, որ կարողանում են այս սահմանն այդքան ամուր պահել մենք էլ Երեւանում հանգիստ քնենք, չնայած հանգիստ չեն քնում միշտ ձեր մասին ենք մտածում»-շեշտեց Ռոբերտ Հարությունյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА