ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարեդարձն առանց հոբելյարի, բայց նրա կամրջած անմահ գրի ու գաղափարների հետ

10.09.2017 04:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տարեդարձն առանց հոբելյարի, բայց նրա կամրջած անմահ գրի ու գաղափարների հետ

Ուղիղ 68 տարի առաջ այս օրը Վրաստանի սրտում՝ Թբիլիսում, ծնվեց ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, որի առաքելությունն այս կյանքում ավելին էր, քան մտավորական լինելը: Իր ծննդյան եւ, կարծես, ի վերուստ տրված հայ-վրացական բարեկամության կամուրջը լինելու կոչման մասին՝ մի առիթով ասաց. «Ես  տառապել եմ ու այդ տառապանքով երջանիկ եմ, որովհետեւ երկու  հարազատ երկրի ծառա եմ ինձ համարում` իմ երկրի` մայր Հայաստանի եւ այն հայրենիքի՝ Վրաստանի, որտեղ իմ առաջին ճիչն է լսվել, որտեղ առաջին անգամ նայել եմ արեւին, եւ որն ինձ երբեք չի խանգարում հայ մնալ, ազգային ինքնագիտակցությունս ու կերպս չաղճատել...»:

Եվ ոչ միայն մինչեւ կյանքի վերջին շունչը պահպանեց ազգային ինքնագիտակցությունն ու կերպը, այլեւ դարձավ միակ կենդանի ու ամուր կամուրջը՝ հայ-վրացական ժամանակ առ ժամանակ երերող բարեկամության: Շուրջ 28 տարի ՎԳՄ «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն էր, 1994 թվականից՝ նաեւ «Վրաստան» թերթի թղթակիցն ու բաժանորդագրության եւ տարածման բաժնի վարիչը, այս ամենին զուգահեռ 2003-ից՝  ՀՀ Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչը, 2007-ից՝ «Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ նախագահը: Իսկ 2016-ին Վրաստանի գրողների միությունում վերաբացվեց հայկական բաժանմունքը, որի նախագահ նշանակվեց թիֆլիսաբնակ բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախոս Ա. Բոստանջյանը: Հատկանշական է այն, որ Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը գործել է 20-րդ դարի 20-ական թվականներից մինչեւ Խորհրդային միության փլուզումը: Իսկ հետո միության անդամներից շատերը մահացան, նորերին էլ չէին ընդունում, բայց 10-15-ամյա դադարից հետո՝ կրկին վերականգնվեց այն եւ դեռեւս 2000 թվականի սկզբից նոր թափ ստացավ հենց Ա. Բոստանջյանի ջանքերով…  Սակայն, այս պատմական իրադարձության մասին ժամանակին քիչ գրվեց ու խոսվեց, որովհետեւ սկսվեց ապրիլյան պատերազմն ու մոռացնել տվեց ամեն ինչ:

«Ո՞նց ենք դիմանում… ես մեռածի պես եմ… ահավոր ծանր եմ տանում… ինչ էլ սիրուն երեխեք էին բոլորը…», - այդ օրերին նա գրում էր իր ամենթաց տողերը: Բայց իր մեջ ուժ գտավ ու Հայոց ցեղասպանության նույն տարվա տարելիցին՝ Թիֆլիսում՝ Թուրքիայի դեսպանատան առջեւ՝ ելույթով հանդես եկավ ու ի լուր աշխարհի շեշտեց՝ մեր ժողովրդին` հային, մահ չկա. «Մենք հավերժի ճամփորդներ ենք եւ գնում ենք դեպի հավերժություն` մեր ճշմարիտ ու արդար ձայնով, մեր հաղթանակի համար մղվող պայքարով: Սա է մեզ ուժ տալիս եւ այն ժողովուրդը, որի եղեռնակոծ հեղինակներից մեկը` Սիամանթոն, ունի այսպիսի տողեր. «Ես երգելով կուզեմ մեռնիլ»… Երգելով չեն մեռնում, բայց մեր ժողովուրդն ունի այդ ուժն իր մեջ, որ եթե պետք է, հանուն հայրենայաց, հանուն ճշմարտության, հանուն իր անմեղ միլիոնավոր զոհերի հիշատակի` պատրաստ է մեռնել: Տեսա՞ք` ինչպես հաղթեցինք Արցախում. կամավորները ժպտալով էին գնում ռազմաճակատ: Սա եւս մեր ուժի նշանն է»:

Ի դեպ, Ա. Բոստանջյանի՝ անձնվեր գրական մշակի, գրական-ստեղծագործական գործունեությունը, վերոնշյալ պաշտոններով ու կոչումներով չեն ավարտվում, որին դեռ կանդրադառնանք: Բայց ո՞րին անդրադառնանք, ո՞րը թողենք հաջորդիվ, թերեւս այս դեպքում օգտվենք բոստանջյանական բազմաբովանդակ բազմակետերից, որն ավելի խոսուն էին, քան մեզ ու ձեզ հանդիպած շատուշատ գրողների երկարաշունչ տողերն ու ստեղծագործությունները:

«Որպես պայքարող հայուհի, որպես բանաստեղծուհի, որպես ղարսահայի թոռ` համոզված եմ, որ նման վճռականության, կամքի ու անպարտելիության շնորհիվ` կգա օրը եւ մեր պատմական հայրենիքը անպայման էլի կդառնա  մերը: Մենք պիտի երբե՛ք չկասեցնենք մեր պայքարը, պիտի՛ շարունակենք ամենածանր գնով անգամ պայքարել հանուն այդ օրվա», - այսպիսին էին Ա. Բոստանջյանի պատգամներն ու կոչերը: Այո՛, 500-ից ավելի գրքեր հրատարակած, թարգմանչական տիտանական աշխատանք իրականացրած մտավորականը՝ նախեւառաջ իր հայրենիքի առաջամարտիկն էր՝ նրա ցավով տառապողն ու հաջողությամբ՝ երեխայի պես ուրախացողը:

Բացառիկ անկեղծությամբ՝ նա նաեւ գիտեր հայերիս թերությունների մասին բարձրաձայնել: Անարդարության, կեղծավորության հետ այդպես էլ երբեք չհաշտվելով՝ ընդգծում էր. «Մեր մեջ կա իրար «գցել», եթե հայը հային «գցում է», թուրքից ես ինչո՞ւ պետք է ինչ-որ բան պահանջեմ: Եթե հայը փողի համար կարող է հոգի ծախել, ի՞նչ պահանջեմ թշնամուց: Ուզում եմ, որ թշնամու բերանը լեզու չդնենք, մինչդեռ դնում ենք ու շատ ենք դնում»: 

Իսկ ինչպես շարունակել ապրել, դրա բանաձեւն էլ գիտեր. «Ապրենք այն գաղափարներով, որ պատգամում են մեզ վրացի ու հայ մեծերը, որոնցից շատերին անձամբ ճանաչել եմ ու որոնց գրական -հասարակական կյանքի ուսումնասիրությամբ՝ զբաղվել եմ դեռ երիտասարդ տարիներիցս սկսած…Ավաղ, ընտանեկան հանգամանքները, միաժամանակ հայր լինելուս բեռը` չթողեց պաշտպանել գիտական թեզս…Սա արդեն այլ թեմա է…»:

Թերեւս վերջին խոսքին էլ հետեւելով՝ այլ թեմաները թողնենք հետո եւ ասենք՝ ծնունդդ շնորհավոր, սիրելի տիկին Բոստանջյան…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА