ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սկզբում գաղափարն է ծնվում, ապա այն վերածվում է նյութի կամ կտավի». բացվեց «Մայրամուտից լուսաբաց» խորագրով ցուցահանդեսը

10.09.2017 01:36 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սկզբում գաղափարն է ծնվում, ապա այն վերածվում է նյութի կամ կտավի». բացվեց «Մայրամուտից լուսաբաց» խորագրով ցուցահանդեսը

 Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Շուշան Սարգսյանի ‹‹Մայրամուտից լուսաբաց›› խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է հեղինակի 30 աշխատանք: Նկարիչ, մոդելավորող, ոճաբան, դեֆիլեի մասնագետ Շուշան Սարգսյանն ասում է, որ թեպետ իր աշխատանքներով մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, սակայն հուզմունքն ու պատասխանատվությունը շատ մեծ է, առավել ևս որ այս ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները, ոճային առումով, բավականին տարբերվում են իր նախորդներից:  Ներկայացված բոլոր աշխատանքները ստեղծվել են այս տարի և խորհրդանշում են Շուշանի ստեղծագործական ամբողջ ընթացքը՝ մայրամուտից մինչև լուսաբաց:

Հեղինակն իր գրաֆիկական աշխատանքներին, գունանկարներին, կերպարային-քանդակներին ու դեկորատիվ կիրառական աշխատանքներին տվել է  ‹‹Նոր մոտեցում՝ հնին ու նորին››  կարգախոսը:  ‹‹Կան նյութեր որոնցով առաջին անգամ եմ աշխատել: Օրինակ, փայտ, մետաղ, ցեմենտ, շինարարական փրփուր, կտոր, գիպս և այլն: Նոր ոճային համադրություններ եմ արել, նոր մոտեցում եմ ցուցաբերել: Նախկինում առավելապես ակադեմիական ոճով եմ աշխատել, սակայն միշտ փնտրտուքների մեջ եմ եղել: Հիմա դեկորատիվ մոտեցում եմ ցուցաբերում: Եթե առաջ աշխատում էի յուղաներկով, գուաշով, պաստելով կամ ածուխով հիմա արդեն առավելապես աշխատում եմ ակռիլ ներկերով: Իհարկե կախված նրանից, թե ինչ եմ ստեղծում››:

Շուշան Սարգսյանն անկեղծանում է, որ երբեմն աշխատանքն ավարտելուցը  հետո էլ այն չի կարողանում վերնագրել, երբեմն էլ հենց վերնագրից ոգեշնչված ստեղծում է ինչ-որ մի գործ: Սակայն հիմնականում,ի սկզբանե գաղափարն է ծնվում, որը զարգացում է ապրում, ապա վերածվում նյութի կամ կտավի:

  Իր բոլոր աշխատանքներն էլ յուրովի սիրում է, դրանցից յուրաքանչյուրի հետ հիշողություններ ունի, սակայն առանձնակի սիրով ու հուզումով է պատմում իր ‹‹Սիրիահայ ընտանիք›› գործի մասին. ‹‹Այդ ընտանիքի հետ ես հանդիպել և ծանոթացել եմ փողոցում: Պատերազմից էին փախել ու պատկերացնում եք, հայերը չէին կարողանում ինտեգրվել հայաստանին: Ընդամենը երկու անգամ ենք հանդիպել ու երկար զրուցել: Ցավոք նրանք հեռացան երկրից: Նկարում ես հստակ դիմագծեր չեմ պատկերել, քանի որ լավ չեմ հիշում նրանց դեմքերը, իսկ փոքր աղջկան արցունքներով եմ պատկերել, քանի որ հեռանալիս նա անվերջ լալիս էր››:

Շուշան Սարգսյանին ստեղծագործելիս օգնության է գալիս մասնագիտությունը. «Դրանք կարծես միևնույն ծառի տարբեր ճյուղեր լինեն»,-ասում է նա:

  Իսկ նկարչի շփումը արվեստի հետ եղել է դեռ մանկուց. ‹‹Հայրս պրոֆեսիոնալ լուսանկարիչ է եղել ու ինձ էլ մանկուց ծանոթացրել է հայ մշակույթի գոհարների հետ: Կարծում եմ հենց այդտեղից էլ ծնվել է սերը դեպի արվեստ, ինչն էլ նպաստել է, որ ինքս էլ ստեղծագործեմ››:

Հերմինե Կարապետյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА