ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ են պոլիկլինիկաները հրաժարվում սոցփաթեթներով սպասարկել մարդկանց 

08.09.2017 22:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
 Ինչո՞ւ են պոլիկլինիկաները հրաժարվում սոցփաթեթներով սպասարկել մարդկանց 

 

Վերջերս բազում բողոքներ ստացանք, որ որոշ պոլիկլինիկաներում պարտադիր սոցիալական ապահովագրությամբ նախատեսված բուժզննում չեն իրականացնում: Մեզ դիմած քաղաքացիները պնդում են, որ թեեւ դիմել են պոլիկլինիկաների` սոցփաթեթով նախատեսված բուժզննում անցնելու համար, սակայն ստացել են պատասխան, որ բուժզննում անցնել կարող են  միայն հոկտեմբերի 1-ից սկսած:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ, ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ՝ ՀԵՐՔԵՑ
«Իրավունքը» առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից խնդրի հետ կապված պարզաբանում խնդրեց: Փոխնախարարը նախ զարմացավ, այնուհետ փաստեց, որ բոլոր պոլիկլինիկաներում սոցփաթեթի շահառուներն անվճար կարող են բուզննում անցնել. «Նման բան չկա»,- հերքեց Ս. Խաչատրյանը:
Արդեն քիչ էր մնում հավատայինք նախարարին՝ մտածելով, թե մեզ դիմած քաղաքացիները միգուցե զանգվածային հալյուցինացիայի մեջ են հայտնվել: Բայց չէ, փոխնախարարի հանդեպ մեր հավատը խաթարեց ՀՀ առողջապահության նախարարության մամլո խոսնակ ԱՆԱՀԻՏ ՀԱՅԹԱՅԱՆԸ, հաստատելով, որ, այո, որոշ պոլիկլինիկաներում սոցփաթեթի շահառուներին չեն սպասարկում մինչեւ հոկտեմբերի 1-ը: Խոսնակը դա բացատրեց հետեւյալ կերպ. «Հոկտեմբերի 1-ին նոր կարգ է գործելու: Բայց բոլոր այն հիմնարկները, որոնք սահմանված կարգով ստացել են  համամասնական գումար եւ որոնց մոտ այդ գումարը չի սպառվել, շարունակում են սպասարկել սոցփաթեթի շահառուներին: Տարվա համար մենք տրամադրում ենք համամասնական կարգով ծախսելու գումար, նրանք, ովքեր այդ գումարը սպառել են, բնական է, որ քաղաքացիներին չեն ընդունի»,- նշեց Ա. Հայթայանը եւ փաստեց, որ հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հանգիստ կարող են գնալ եւ բուժզննումն անցնել:
ԷԼԻ ՏՈՒԺՈՂԸ ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ Է
Իհարկե, կարելի է նաեւ առաջ քաշել այն հարցադրումը, թե այդ ինչո՞ւ փոխնախարարի եւ նախարարության խոսնակի խոսքերն այսպես հակասում են իրար: Քանի որ խոսնակի պարզաբանումը մեզ ազատում է զանգվածային հալյուցինացիաների մասին ֆանտաստիկ մտքերից, ուրեմն վստահենք նրան: Լավ, համարենք նաեւ, որ փոխնախարարն այդ մասին տեղյակ չէր: Բայց սրանից հետո էլ շատ ավելի էական այլ հարցադրում է առաջ գալիս: Քաղաքացիները նաեւ պնդում են, որ մինչեւ բուժզննում չանցնեն, չեն կարող օգտվել սոցփաթեթի մյուս՝ հանգստի բաղադրիչից: Մինչդեռ նրանցից շատերը, ամռանն արձակուրդ չստանալով, պլանավորել էին հենց այս աշնանային օրերին մեկնել հանգստի: Մինչդեռ հենց այս պահին որոշել են ինչ-որ նոր կարգեր մտցնել: Բայց այդ դեպքում ինչո՞վ են մեղավոր այն մարդիկ, ովքեր այդ պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հասանելիքից: Ի վերջո, ոչ թե նրանք, այլ պատկան կառույցն է որոշել «խաղի կեսից» կանոններ փոխել: Ավելին, նույն կառույցն է, որ ժամանակին բուժհաստատություններին անհրաժեշտ գումարը ողջ ծավալով չի տվել, որ հիմա պոլիկլինիկաների գումարը չվերջանար, եւ մարդիկ չկանգնեն նման խնդրի առաջ: Եվ ի՞նչ, պատկան չինովնիկության կամ կառույցների փնթիության պատճառով նորից շարքային քաղաքացինե՞ր են տուժելու: Չնայած, եթե անգամ փոխնախարարները տեղյակ չեն, որ մարդկանց նորից վնասել են, երեւի լուծման սպասելն անիմաստ զբաղմունք կլինի:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА