ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բժիշկները պայքարում են Ալիեւի կյանքի համար»

08.09.2017 22:00 ԶԱՐԿԵՐԱԿ
«Բժիշկները պայքարում են Ալիեւի կյանքի համար»

Սեպտեմբերի 6-ին Բաքվում տեղի ունեցավ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս ձեւաչափով երեք երկրների նախագահներն ու արտաքին գերատեսչության ղեկավարներն արդեն հանդիպում են վեցերորդ անգամ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում` Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության վերաբերյալ հարցեր: Իրականում ո՞րն է այս հանդիպումների իմաստը, այս մերձեցումը որքանո՞վ է վնասում Հայաստանին: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆ.
- Ադրբեջանի ներսում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, եւ իզուր չէ, որ մենք տեսնում ենք այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության, բացի նախագահից, ակտիվացումը: Բանն այն է, որ Ադրբեջանում Իլհամ Ալիեւի առողջական խնդիրների պատճառով նախապատրաստվում են իշխանափոխության, ինչը տարածաշրջանում կբերի այդ երկրի դիրքերի թուլացմանը: Երկար ժամանակ է, ինչ բժիշկները պայքարում են Ալիեւի կյանքի համար, սակայն նրա վիճակն այդքան էլ հուսադրող չէ: Այդ պատճառով էլ արդեն սկսել են նրան փոխարինող գտնելու օպերացիան, որի գլխավոր գագաթնակետն այն էր, որ Մեհրիբան Ալիեւան նշանակվեց երկրի փոխնախագահ: Քանի որ Ադրբեջանում ամբողջ իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի` Ալիեւի շուրջ, ապա նրանից հետո այդ երկրի դիրքերը շատ կթուլանան: Ուստի Ադրբեջանին անհրաժեշտ է արտաքին դաշնակիցների աջակցությունը, որոնցից առաջինը, իհարկե, Թուրքիան է: Ադրբեջանում սպասվող փոփոխությունները Հայաստանի համար լավ են, սակայն այստեղ հարցն այն է, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է այդ փոփոխություններին եւ կկարողանա՞ օգուտներ քաղել: Եթե մենք մնանք դիտորդի դերում, ապա Ադրբեջանում մեկ դիկտատուրան կփոխարինվի մեկ այլ դիկտատուրայով, իսկ վերջինս Արցախի հատվածում կարող է դառնալ մեծ ցնցումների հեղինակ: Այս հանդիպումն, անշուշտ, Հայաստանի համար պարունակում է լուրջ վտանգներ, որի չեզոքացման միակ ճանապարհը արտաքին աշխարհում մեր ակտիվ դիվանագիտություն վարելն է: 
Վրացագետ ԱԼԻԿ ԷՐՈՅԱՆՑ.
- Այստեղ մենք կարող ենք նկատել Թուրքիա-Ադրբեջան համագործակցություն Վրաստանի մասնակցությամբ, ինչը մեզ համար պետք է դիտարկվի որպես ուշադրության արժանի իրավիճակ: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը վարում են Հայաստանին մեկուսացնելու քաղաքականություն եւ այս առումով ջանք չեն խնայում, որպեսզի Վրաստանին եւս ներքաշեն չարաբաստիկ գործընթացում: Թեեւ չեմ կարծում, որ նրանց հաջողվի, եթե նույնիսկ այդ համագործակցությունը տեսնում ենք բավականին բարձր մակարդակով: Այստեղ կա տնտեսական շահ, որը հետապնդում է Վրաստանն այն դեպքում, երբ նրանց համագործակցության հիմնական ոլորտները այս տեսանկյունից առնչվում են էներգետիկ, տրանսպորտային տարանցիկ հաղորդակցության գծերի զարգացմանը: Բնական է, որ այս եռակողմ համագործակցությունը կարող է բացասական դիտվել մեր կողմից, քանի որ ցանկացած նախագիծ, գործընթաց, որտեղ կա Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությունը, մեզ համար պետք է անհանգստացնող լինի: Հայաստանը մշտապես պետք է ուշադրության կենտրոնում պահի երեք երկրների տարբեր ձեւաչափերով համագործակցությունը, եւ կոնկրետ այս հանդիպումը վեցերորդն էր, եւ կողմերը ակտիվ զարգացնում են այս ձեւաչափը: Կարծում եմ` Վրաստանն այնքան խոհեմություն ունի, որ չի ընկնի թուրք-ադրբեջանական համագործակցության մեջ: 
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու, թե Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ինտենսիվ հանդիպումների մեջ վտանգ տեսնո՞ւմ են:
1. Մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական բոլոր քայլերի մեջ էլ պետք է վտանգ տեսնել- 68%:
2. Վտանգ կլինի, եթե Վրաստանը ամբողջովին թուրք-ադրբեջանական քաղաքականությամբ առաջնորդվեր- 13%:
3. Սա նորություն չէ, այդ երկրները վաղուց են նման ձեւաչափով հանդիպում, եւ պետք չէ մտահոգվել- 9%:
4. Դժվարանում են պատասխանել- 10%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА