ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անհարմար ա, էլի». ԱԺ-ում կրքերը թեժանում են

08.09.2017 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Անհարմար ա, էլի». ԱԺ-ում կրքերը թեժանում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ հերթական նիստում քննարկեց աշնանային նստաշրջանի եւ նիստերի օրակարգերին վերաբերող մի շարք հարցեր: Այդ թվում էր նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը դարձավ պատգամավորների, ավագանու անդամների եւ կառավարության ներկայացուցչի միջեւ լեզվակռվի պատճառ:
Օրենքի նախագծի համաձայն, սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաեւ անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում օրենքով եւ այլ իրավական նորմատիվ ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության, կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով շենք, շինություն կառուցելը, վերակառուցելը, կամ առանց թույլտվության այնպիսի շինարարական աշխատանքներ կատարելը, որոնք իրականացնելու համար պահանջվում է շինարարության թույլտվություն` առաջացնում է տուգանքի նշանակում: Ընդ որում` ո՛չ ավել, ո՛չ պակաս սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
Այս օրենսդրական նախաձեռնությունից խիստ ոգեւորված են «Ելքում», մասնավորապես` Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները, որոնցից Անահիտ Բախշյանն ու Արայիկ Հարությունյանը նույնպես ներկա էին քննարկմանը: Մինչդեռ տուգանքների չափն ու առհասարակ դրա կիրառումը լիովին անընդունելի էր «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների համար:
Առաջինը վերոնշյալ օրինագծին ընդդիմացավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՀՐԱՆՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ: Սակայն, նա առաջարկում էր միայն հարազատ մարզի` Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերին ազատել նման տուգանքներից: «Որ չասեմ, կպայթեմ...», - ասաց ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆՆ ու լռեցրեց Մադաթյանին: Թեմայից բորբոքված արդեն տնավարի խոսեց նաեւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ. «Եկեք վարչական իրավախախտումների մասին օրենքից «տուգանք» բառն ընդհանրապես քցենք 10-րդ տեղ կամ փոխարինենք նախազգուշացումով: Լավ, էս ժողովրդի վիճակը նայեք, շինարարություն յանիմ կա՞, մեկ էլ տուգանեք, ի՞նչ են արել, էս ի՞նչ դարձրեցինք: Նենց արդեն ամեն ինչ իդալական էր, մենք էլ դարձել էինք իդեալական երկիր, հիմա էլ սաղին բռնենք, տուգանե՞նք:  2,5 միլիոն գյուղացուն տուգանես, կխելագարվի: Էլ խի՞ ես տուգանում, սաղ տունը քանդի, թող գնա երկրից: Բացարձակապես հանե՛ք էդ տուգանքը, անհարմար ա, էլի, ո՞ւմ եք տուգանում: 5 հոգի մարդ ենք մնացել, ասում եք` տուգանենք, հա՜ տուգանենք»: Բանավեճին միացավ նաեւ հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ. «Ո՞նց կարող է համայնքում մի բան կառուցվի, էն էլ խոսքը, երբ բնակարանի մասին է, ու հանկարծ այդ համայնքապետը մի 100 անգամ չիմանա: Էդ ո՞նց եղավ, որ գաղտնի բաներ սարքեցին»: Հ. Մադաթյանն էլ վրա բերեց. «Տրակտորը խոդ ես տալիս, սաղ գյուղը լցվում ա, ուր մնաց թե չիմանան...»: Իսկ թե ինչպես կարող է չիմանալ, սեփական փորձով կիսվեց էլի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ. «Մեզ համար ամենակարեւորը ճարտարապետական տեսքն էր, չէինք խեղդում մարդկանց, չէինք տանում-բերում` շինարարության համար»: Այ հենց այստեղ էլ չդիմացավ ու «պայթեց» Անահիտ Բախշյանը` Ղուկասյանին հիշեցնելով անցյալը. «Ո՞նց էիր անում, կիսվում էիր հետները, ապօրինի շինարարություն էին անում, քանի՞սի հետ եք կիսվել»: Դե, բնականաբար, Գյումրու նախկին քաղաքապետն էլ տակ չմնաց. «Ձեզ հետ հավանաբար ավելի շատ են կիսվել, քան մնացածի հետ»: 
Իսկ այս ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ փորձում էր դիմակայել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների «կազմակերպված դիվերսիային»` միակ պաշտպան ունենալով 70-ամյա Ա. Բախշյանին:
Ի վերջո, հանձնաժողովի նախագահ Վ. Գրիգորյանն առաջարկեց հետեւյալը. «Եկեք ուրիշ բան մտածենք, որ նույն էդ քաղաքապետները, գյուղապետներն ավելի լավ աշխատեն, կանխարգելիչ միջոցներ գտնեն, հազար հատ լծակներ ունեն: Մենք էդ հինգհարյուրապատիկ-հարյուրապատիկին դեմ ենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА