ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ԿԳՆ-ն Հրազդանի քաղաքապետի որդուն կասկածյալից դարձրեց մեդալակիր

08.09.2017 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչպես ԿԳՆ-ն Հրազդանի քաղաքապետի որդուն կասկածյալից դարձրեց մեդալակիր

Դեռեւս ամիսներ առաջ մամուլում լայն արձագանք գտավ այն, որ Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել ճանապարհը հատող 58-ամյա հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով` մահացավ: Մի շարք լրատվամիջոցներ պնդում էին, որ ղեկին եղած 17-ամյա երիտասարդը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին է եղել: Սակայն, քաղաքապետ հայրիկին, կարծես, հաջողվեց կոծկել այս պատմությունն ու արդարացնել որդուն: Ավելին` Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ էլ 2016-2017 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար ոսկե մեդալով պարգեւատրված դպրոցականների թվում հայտնվեց ո՛չ ավել, ո՛չ պակաս քաղաքապետի սիրասուն որդին` Ռազմիկ Դանիելյանը: Այս պարադոքսի մասին, երեկ կառավարության նիստից հետո` փորձեցինք պարզել ՀՀ կրթության եւ գիտության նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ տեսակետը.

– Մեդալ ստանալու համար ներկայացնում է դպրոցը, անցնում է համապատասխան ընթացակարգեր, աշակերտը 12 տարվա գիտելիքի արդյունքում է մեդալ ստանում: Խոսքը վերաբերում է երիտասարդի, անկախ նրանից, պաշտոնյայի երեխա է, պաշտոնյայի երեխա չէ: Նա ստանում է ոսկե մեդալ իր աշխատանքի հիման վրա: Ես հետաքրքրվել եմ, իսկապես, լավ սովորող երիտասարդ է, դպրոցից էլ կարող եք հետաքրքվել: Հիմա եթե եղել է դժբախտ դեպքը, ի՞նչ հիմքով իր ուսման, գիտելիքի համար նախատեսված պարգեւն իրեն չտրվի: Բոլորովին տարբեր խնդիրներ են: Դուք գիտեք, որ անգամ ազատազրկման մեջ գտնվող մարդիկ ունեն իրավունքներ, այդ թվում` կրթության: Եվ եթե արժանի է պարգեւի, պետք է ստանա: Իրար հետ մի խառնեք: Քրեական գործ հարուցված է, ընթացքով գնում է, բայց ինքը կարող է, օրինակ, լինել շատ բարձր սպորտսմեն: Մեդալը հե՞տ վերցնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Իհարկե, կարելի էր արժանահավատ համարել ԿԳ նախարարի դիտարկումները եւ նույնիսկ հուզվել, բայց հիշեցնենք, որ թե՛ բուհերում, թե՛ դպրոցում ամենքիս հավատացնում էին, որ գնահատվում է նաեւ վարքը: Սակայն, Լ. Մկրտչյանի խոսքից կարելի է ենթադրել, որ վարքը գնահատվում է միայն այն դեպքում, եթե հայրդ քաղաքապետ չէ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА