ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առողջապահության փոխնախարարը վտանգավոր պատվաստմանն այլընտրանք չի տեսնում

08.09.2017 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
 Առողջապահության փոխնախարարը վտանգավոր պատվաստմանն այլընտրանք չի տեսնում

Ընդամենն ամիսներ անց` դեկտեմբերից, Հայաստանում իրականացվելու են պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներ` 13 տարեկան եւ դրանից բարձր տարիքային խմբի աղջիկներին` ամերիկյան Merck ընկերության «Գարդասիլ» պատվաստանյութերով: Վերջին օրերին այս պատվաստանյութի վտանգավոր հետեւանքների մասին, որոնք հիմնված են միջազգային աղաղակող փորձի վրա, բազմիցս բարձրաձայնվել է թե՛ մամուլում, թե՛ տարբեր պրոֆեսորների կողմից: Հիշեցնենք, որ վերոնշյալ պատվաստման հետեւանքով մարդկանց մոտ առաջացել են անպտղություն, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ, վիժումներ, մկանային ցնցումներ, նյարդային համակարգի խանգարումներ, արյան ճնշման փոփոխություններ, գլխացավեր, հոդացավեր եւ այլն: Թե արդյոք այս ամենը հաշվի առնելով` հայրենի Առողջապահության նախարարությունը չի պատրաստվում վերանայել Հայաստանում` այն էլ դեռահաս աղջիկների շրջանում, «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառումը, «Իրավունքը» հետաքրքրվեց առողջապահության փոխնախարար ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ, որը հարցադրումից միանգամից բորբոքվեց:

– Մի՛ հավատացեք այդ ամենին:

– Ամեն դեպքում, եթե կան այդ պատվաստանյութերի վտանգավորությունը փաստող օրինակներ, չե՞ք պատրաստվում հավելյալ ուսումնասիրություն կատարել այս ուղղությամբ:

– Ո՛չ:

– Բայց միջազգային պրոֆեսորներն են անգամ բարձրաձայնում, որ այդ պատվաստումների կարիքը չկա (օրինակ` պապիլոմա վիրուսի «Գարդասիլ» պատվաստանյութի առաջատար հետազոտող, գինեկոլոգիական քաղցկեղի  կանխարգելման հետազոտական խմբի տնօրեն, հասարակական եւ ընտանեկան բժշկության, կենսաբժշկական եւ առողջապահական ինֆորմատիկայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ԱՄՆ պրոֆեսոր Դայան Հարփերը):

– Ես ասացի իմ կարծիքը` ո՛չ: Մենք դրան այլընտրանք չենք տեսնում: Դա շատ արդյունավետ եւ միանշանակորեն ընդունվող ճանապարհ է` պայքարելու մի շարք հիվանդությունների դեմ:

– Իսկ ոչի՞նչ, որ «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած ծանր հետեւանքներից հետո Ճապոնիայի կառավարությունը հրաժարվել է պատվաստումներ կատարելու քարոզչությունից, իսկ ԱՄՆ կառավարության VAERS տվյալների բազայի համաձայն` գրանցվել է HPV պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ավելի քան 50 հազար դեպք...

– Չեն հրաժարվել:

– Պարոն Խաչատրյան, ես չեմ ասում, այլ արձանագրված փաստ է` Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի կառավարությունների կողմից:

– Դուք հիմա բացարձակ խեղաթյուրում եք...

Սա ասելով` առողջապահության փոխնախարարը խոսքը կիսատ թողած շտապեց փախչել հարցերից, հավանաբար հասկանալով, որ «Դուք հիմա բացարձակ խեղաթյուրում եք» արտահայտությունը կոնկրետ վիրավորում է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի կառավարություններին, ինչը ամենեւին հարիր չէ պետական պաշտոնյային:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА