ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» առաջարկի վերաբերյալ Սասուն Միքայելյանը հորդորում է չշտապել

08.09.2017 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» առաջարկի վերաբերյալ Սասուն Միքայելյանը հորդորում է չշտապել

Այս շաբաթ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մի շարք այլ հարցերի կողքին դրական եզրակացություն տվեց «ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու օրինագծին, որը կընդգրկվի ՀՀ ԱԺ նստաշրջանի առաջիկա օրակարգում: Բավական երկար տեւած քննարկումից հետո հանձնաժողովի անդամներից միայն մեկը դեմ քվեարկեց այս օրինագծին` ո՛չ ավել, ո՛չ պակաս, ազատամարտիկ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ: Իսկ թե ինչի՞ն էր դեմ պատերազմի բովով անցած ընդդիմադիր պատգամավորը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից: 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

– Պարոն Միքայելյան, ՌԴ Պետական դուման մոտ մեկ ամիս առաջ, ընդ որում` միաձայն, վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Ինչպե՞ս կբացատրեք նախագծին Ձեր «դեմ» քվեարկելը:

– Մենք առանձին պետություն ենք, ի՞նչ կապ ունի... Պետք է հանդես գանք որպես դաշնակից, ոչ թե պետդուման ինչ ընդունի, ինչ անի` մենք էլ անենք:

– Իսկ տեսնո՞ւմ եք մեկ այլ անվտանգության հավելյալ երաշխիք, քան հայ-ռուսական զորախումբը կարող է լինել: 

– Անվտանգության այլընտրանք միշտ էլ կա: 

– Օրինա՞կ...

– Հարցն այստեղ դա չէ, այլ այն, որ սա շատ վտանգավոր է նաեւ Ղարաբաղի հարցում, որովհետեւ վաղը կարող է հարձակվեն Ղարաբաղի վրա, եւ համաձայնագրի շրջանակներում չկարողանանք օգնել կամ ինչ-որ հատուկ նշանակության զենքով միջամտել` կանխելու համար:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻՑ «ԿՈՒՐՍԻ» ՉԵ՞Ն

– Ի դեպ, կանխելու մասին. բավական ուշագրավ էր, որ այդպես էլ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որի անդամ եք նաեւ Դուք, այդպես էլ քննարկման առարկա չդարձավ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղական դիվերսիայի նմանվող հրդեհների պատճառներն ու իրականացվող միջոցառումների բացթողումները: Ի՞նչ կասեք այս մասին:

– Պարզ ասեմ` առանց թաքցնելու, էդքան էլ կուրսի չեմ` այդ հարցի հետ կապված, չեմ կարող պատասխանել այդ հարցին:

«ՇՏԱՊՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԷՍ ՕՐՆ ԵՆՔ ԸՆԿԵԼ»

– Անդրադառնանք նաեւ «Ելքի» որոշ պատգամավորների կողմից Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկին: Հետաքրքիր է` Դուք ե՞ւս այն համարում եք օրակարգային:

– Մեր մոտ քննարկումներ են լինելու, հետագայում կիմանաք:

– Ամեն դեպքում, Ձեր անձնական տեսակետն այս հարցում ինչպիսի՞ն է:

– Իմ տեսակետը կարտահայտեմ...

– Հիմա չունե՞ք տեսակետ:

– Ո՞նց չունեմ, բայց որ քննարկումներ են գնում, ես հո չեմ ուզում առաջ ընկնեմ: Իսկ տեսակետ հստակ ունեմ, բայց հիմա չեմ արտահայտի:

– Գոնե կասե՞ք, թե հարցը քննարկման ո՞ր փուլում է:

– Մի՛ շտապեք, շտապում ենք, որ էս օրն ենք ընկել: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА