ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է ոչ թե մեղքեր վերագրել ԵԱՏՄ-ին, այլ մեղքը փնտրել մեզանում»

08.09.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պետք է ոչ թե մեղքեր վերագրել ԵԱՏՄ-ին, այլ մեղքը փնտրել մեզանում»

Լրացավ 4-րդ տարին այն օրից, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը մտնելու է Մաքսային միություն եւ մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ձեւավորման գործընթացին: Հիմա արդեն միությունը կայացած կառույց է, իսկ Հայաստանը` դրա մի մասնիկը: Սակայն այսօր այս կառույցից պտուղներ քաղելու փոխարեն, ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջարկում է դուրս գալ ԵԱՏՄ-ից, ինչը, ըստ նրանց, փորձելու են առաջիկայում բերել օրակարգ: Վերոնշյալի, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ` ցանկացած միության անդամակցում չի կարող միանգամից արդյունքներ տալ:

ԻՆՉՈՒ 170 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀՍՏԱԿ ՏԵՂ ԱՄՐԱԳՐԵԼ

– Շատ ավելի արդյունքների պետք է սպասել երկարատեւ դիտարկման մեջ, եւ նույնիսկ ամենալավ միությունում, եթե մենք նախաձեռնողական քաղաքականությամբ հանդես չգանք, բնականաբար, կշահեն այն երկրները, ովքեր ավելի նախաձեռնող են, ովքեր կարողանում են ներկայացնել իրենց հանրության խնդիրները եւ հնարավորություններ ընձեռել` ընդհանուր շուկան օգտագործել ի շահ իրենց ժողովրդի: Այնպես որ, պետք է ոչ թե մեղքեր վերագրել ԵԱՏՄ-ին, այլ մեղքը փնտրել մեզանում: Եթե, օրինակ, որեւէ արտադրատեսակի արտադրությունը մոնոպոլիզացրել ենք, բնականաբար, այն չի կարող մրցակցային դառնալ ցանկացած շուկայում, այդ թվում եւ ԵԱՏՄ շուկայում: Այսինքն` նախ առաջին հերթին փնտրենք մեր կառավարման համակարգի մեջ թերացումները, որ այսօր չենք կարողանում այս 170 միլիոնանոց շուկայում որոշակի հստակ տեղ ամրագրել: Մենք թերացել ենք մեր ներքին տնտեսական հարաբերություններում, մենաշնորհել ենք տնտեսությունը եւ նրա պտուղները հիմա քաղում ենք: Այսօր շուկան բաց է, բայց  այն արտադրողները, որոնք ժամանակին պատրաստ էին նույն արտադրանքը արտադրել ավելի որակյալ, բազմերանգ, գեղեցիկ, այլեւս չկան, եւ մնացել է այն մեկը, որին հովանավորել է իշխանությունը, իսկ այս մեկն էլ մրցունակ չէ: Պետք է մրցակցության մեջ գտնվեր այն արտադրողը, որը այսօր ԵԱՏՄ-ում տեղ կունենար, մինչդեռ շատերն այլեւս այլ երկրներում են արտադրող, այլ երկրներ են շենացնում: Ամենահեշտը մեզնից դուրս մեղավորներ փնտրելն է, բայց իրական մեղավորները նախ մենք ենք` մեր կառավարման համակարգով եւ տարիների ընթացքում տնտեսական զարգացման հստակ տեսլական չունենալով: Սրանք բերեցին մեզ այս վիճակին, այլապես այսօր ԵԱՏՄ համակարգում առնվազն կարող էինք ունենալ 10 տոկոսանոց շուկա, որը կփրկեր մեր տնտեսությունը: Իսկ տնտեսությունը փրկել նշանակում է փրկել բոլոր ոլորտները` ե՛ւ սպորտը, ե՛ւ մշակույթը, ե՛ւ մնացյալը: Այսինքն` ԵԱՏՄ-Հայաստան փոխհարաբերության մեջ մեր մեղավորությունն ավելի շատ է: 

««ԵԼՔԸ» ՀԱՎԱՆԱԲԱՐ ԵԼՔ Է ՓՆՏՐՈՒՄ, ԲԱՅՑ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ Է»

– Պարոն Բագրատյան, իսկ որքանո՞վ եք ողջախոհ համարում, որ մեր մեջ մեղքերը փնտրելու փոխարեն, ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջարկում է դուրս գալ ԵԱՏՄ-ից: 

– «Ելքը» հավանաբար ելք է փնտրում, բայց այն ժամանակավրեպ է, չի՛ կարելի որեւէ գործընթաց անել ժամանակավորի հոգեբանությամբ: Եթե մենք անենք առավելագույնը եւ չստանանք ոչինչ, արդարացված կլիներ հիմնավորել եւ դուրս գալ այս միությունից, բայց այսօր մենք մեր պոտենցիալը չենք օգտագործել ԵԱՏՄ շրջանակներում, խնդիրներ չենք դրել եւ լուծել: Հետեւաբար, առավելագույնը չարած մեր երկրի, մեր ժողովրդի համար եւ ձեռքբերումները կիսատ թողած անցնել նոր իրավահարաբերությունների այլ միություններում, ճիշտ չէ: Ես չգիտեմ մի միություն, որը հենց առաջին օրվանից որեւէ անդամ պետության համար ստեղծում է իդեալական պայմաններ, բոլորն էլ նախեւառաջ պահանջներ են դնում, նոր հետո իրավունքներ են տալիս: Մենք պատրա՞ստ ենք որեւէ այլ միության մեջ այսօր ինտեգրվելու, ռեա՞լ է, հաշվարկվա՞ծ է, կա՞ն թվեր... Եթե կբերեն, կապացուցեն, կհիմնավորեն, մենք էլ կտեսնենք, որ իսկապես կա նման հնարավորություն, ինչո՞ւ չքննարկել, բայց այս պահին մենք սեղանին չունենք այդ վերլուծությունը եւ շտապել, ինչ-որ մի բան չստեղծած անցնել հաջորդ միությանը, չեմ կարծում` ողջամիտ է:

«ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՍՑԵԱԿԱՆ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

– Ի դեպ, վերջերս լայն արձագանք գտավ այն, որ «Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու, բայց այդպես էլ խորհրդարան չանցած գործարար Հակոբ Հակոբյանը հայտարարել էր, թե դաշինքից ընտրված որոշ պատգամավորներ ԱԺ-ում լղոզված քաղաքականություն են վարում եւ անգործության են մատնվել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Միշտ ողջունում եմ ազատ մամուլն ու ազատ կամարտահայտման մարդու իրավունքը, որը շատ կարեւոր արժեք է, եւ չեմ ցանկանում որեւէ մեկին առանձնացնել: Մեր քաղաքացիները պետք է ակտիվ լինեն, բոլորս պետք է ակտիվ լինենք, եւ որեւէ մի հարցում պասիվ լինելը չի նպաստելու երկրի զարգացմանը: Ուստի` եթե այդ քննադատության մեջ առողջ ծիլեր կան, ինչո՞ւ չարվի այդ քննադատությունը, բայց պետք է այն հիմնավոր լինի: Եթե որեւէ մեկին քննադատում ենք կամ մեղադրում, պետք է նաեւ ելքեր ու լուծումներ առաջարկենք: Բայց երբ չես մատնանշում, թե դու կոնկրետ ինչ չես արել եւ զուտ քննադատում եմ, որ դու լավ չես աշխատում, այստեղ կարող է թյուրըմբռնում լինել եւ չարդարացված մեղադրանքներ: Ըստ իս, քննադատությունն անհասցեական չպետք է լինի: Եթե կա ասելիք, հստակ թիրախ, կա մարդ, որը իսկապես չի ցանկանում աշխատել կամ իր տեղում չէ, եւ եթե ազնիվ ես, պետք է ասել` ես գտնում եմ, որ այս մարդը չունի նման ընդունակություններ, կամ նա պետք է այլ տեղում լինի, ոչ թե` այս: Այս դեպքում ինձ համար հասկանալի կլինի եւ ձեր հարցին հստակ կպատասխանեմ: Մինչդեռ մամուլից տեղեկացել եմ անհասցե քննադատության մասին եւ հիմնավորում չեմ տեսել: 

«ԱՅՆՔԱՆ ՔԻՉ ԵՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ՈՐ ՆՈՒՅՆԻՍԿ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԷԼ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ»

– Անդրադառնանք նաեւ «Ընտանեկան բռնության» մասին օրենքին, որը Արեւմուտքի կողմից կրկին փորձում են պարտադրել մեզ: Ավելին` շուտով ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովում որոշել են ինչ-որ ՀԿ-ների հետ քննարկել այս թեման: Դուք` որպես հայկական ավանդական ընտանեկան արժեքներ կրող անձ, ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Ընտանիքը հասարակության հայելին է. միգուցե սա չարչրկված խոսք է, բայց իր մեջ լուրջ փիլիսոփայություն ունի: Բոլորս էլ մեր ընտանիքներում հայեցի դաստիարակություն ենք ստացել, որտեղ այլ արժեհամակարգ է դրված, քան եվրոպական ընտանեկան ավանդույթներն են: Եվ որեւէ մեկը իրավունք չունի ասել` որն է լավը, որը` վատը, սա մերն է, մենք հայ ենք եւ այս դաստիարակությամբ ապրել ենք դարեր: Կարծես թե, մեր զավակները երբեւէ չեն թերացել իրենց պարտականությունների մեջ, ավելին` ե՛ւ հայ ծնողներն են զավակապաշտ, ե՛ւ զավակներն են ծնողասեր: Պատահական չէ, որ, երեւի, ամենաքիչ լքված ծերերը Հայաստանում են, կարող եք համեմատել ցանկացած երկրի հետ, ու ամենաքիչ որբ մանուկները հայաստանյան մանկատներում են: Սրանք են այն արժեքները, որոնք փաստում են, որ, համենայնդեպս, սխալ ուղղությամբ չենք ընթացել: Եվրոպացիներն էլ իրավունք ունեն իրենց ընտանեկան ավանդույթները աշխարհին ներկայացնելու, բայց ցանկացած օրենսդրական նախագիծ կարող է կյանքի կոչվել, եթե դա տվյալ ժողովրդի, տվյալ երկրի շահերից ու ավանդույթներից է բխում: Իսկ առանց դրա, ցանկացած օրենսդրություն դատապարտված է: Ինչ վերաբերում է ընտանեկան բռնություններին, հայ ընտանիքը այն եզակի մշակույթն է, որտեղ իսկապես բռնություն չկա, որտեղ ավելի շատ հարգանքն է գերակայում: Այնքան քիչ են ընտանեկան բռնության դեպքերը, որ նույնիսկ քննարկման էլ ենթակա չեն:

– Այս դեպքում արհեստածին չէ՞ քննարկել եւ վաղն էլ «Ընտանեկան բռնության» մասին մի օրենսդրական նախաձեռնություն հրամցնել խորհրդարանին: 

– Եթե ինչ-որ ձեւով այն հակասելու է մեր ընտանեկան արժեքներին, իհարկե, արհեստածին է: Մենք չենք թերացել այս հարցում, որ ցանկանանք անպայման փոփոխություն մտցնել այստեղ: Դրա փոխարեն շատ այլ աշխատանքներ ունենք, որտեղ թերացել ենք եւ այդ թերացումներով վնասել ենք նաեւ ընտանիքին ու ընտանիքի անդամների փոխհարաբերություններին: Օրինակ, երկրի սոցիալական իրավիճակով պայմանավորված` հայ տղամարդը, որը ընտանիքի գլխավոր կերպարն է, այսօր շատ է թուլացել, ինչը վտանգավոր է եւ վնաս է մեր ավանդական ընտանիքը պահելուն: Ըստ էության, ստացվում է, որ սոցիալականը վնասեց նաեւ ընտանիքներին: Այս մասին պետք է մտածել, բայց վերցնել ինչ-որ եվրոպական օրենք եւ նույնությամբ կիրառել այստեղ, ուղղակի, անթույլատրելի է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА