ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.09.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Նման է, որ ոմանք լրիվ պարապ են մնացել: Աշխարհով մեկ լրատվական դաշտը կեղտոտել են կանխատեսումով` հերթական «ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻ» մասին, որը նշանակված է սեպտեմբերի 23-ին, երբ երկրագունդը իբր թե կմոտենա Նիբիրու մոլորակին, եւ տեղի կունենա ապոկալիպսիս: Կարծում ենք` աշխարհի վերջին չհավատացող հայերին հարկ չկա համոզելու, որ աշխարհի վերջը որպես այդպիսին, կատարյալ հիմարություն է` մեր հայրենակիցները դա շատ լավ գիտեն: Պարզապես, օգտվելով առիթից, նշենք, որ ապոկալիպսիս բառը հունարենում նշանակում է ոչ թե կործանում, այլ` վերածնունդ, թարմացում, վերանորոգում: Իսկ որպես փաստարկ, որ ամսի 23-ին ոչ մի աշխարհի վերջ էլ չի կարող լինել` ներկայացնենք միայն այն փաստը, որ սեպտեմբերի 22-ին սկսվելու է նորագույն iPhone 8-ի վաճառքը: Ախր, ինչպես կարող է պատահել, որ մեր պարծենկոտ հայրենակիցները այդ գերթանկ հեռախոսը շրջապատին ցուցադրեն ընդամենը մեկ օր:
Երեւանում հերթական խոշոր վթարի մասնակից է դարձել ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ սպասարկող ավտոմեքենան, որին բախվել է թիվ 39 ավտոբուսը: Արդյունքում կան մի քանի վիրավորներ, իսկ մեքենայում գտնվող մի ուղեւորի փրկարարներն են ստիպված եղել մի կերպ հանել մեքենայից: Այո, Արմեն Աշոտյանը հայի բախտ ունի, բայց պետք է փաստենք, որ նրան բաժին հասած հայի բախտը փոքր-ինչ ուրիշ է` այն ժամանակ, երբ տեղի է ունեցել վթարը, նա գտնվում էր Ստրասբուրգում: Դե ինչ, բոլոր տուժածներին մաղթենք շուտափույթ ապաքինում, իսկ առհասարակ մեր հայրենակիցներին մաղթենք այնպիսի զարմանալի հայի բախտ, ինչպիսին ունի պարոն Աշոտյանը: Ժողովրդի խոսքով ասած` ինչ լինում է, ժեշտին լինի:
Մեզ բավականին զարմացրել էր Ծառուկյան դաշինքի պատգամավոր ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Պատասխանելով այն հարցին, թե իր համար վարչապետի թեկնածուի համար ո՞վ է նախընտրելի թեկնածուն` ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, թե՞ Գագիկ Ծառուկյանը, վերջինս պատասխանել էր, թե իր անձնական կարծիքն իր համար է, եւ այն չի կարող բարձրաձայնել: Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք  հակված է, որ իրենց դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի, Դավիթ Մանուկյանը պատասխանել էր, որ իր անձնական կարծիքը քաղաքական կատեգորիա չէ: Իսկ երբ մեր թղթակիցը դիմել էր պատգամավորի օգնական Վանիկ Էլիզբարյանին` ինչպես կարող է քաղաքական կատեգորիա չհամարվել պատգամավորի կարծիքը, ով ելույթ է ունենում Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից, Վ. Էլիզբարյանը փաստեց, որ Դ. Մանուկյանը չի ասել, որ իր անձնական կարծիքը քաղաքական կատեգորիա չէ. «Նա միայն շեշտել է, որ իր անձնական կարծիքը դա միայն իր համար է»: Ինչ ասես, ինչպես միշտ զարմանալի իրավիճակի մեղքը հերթական անգամ գցեցին լրագրողների վրա, բայց, այնուամենայնիվ, ոչ պակաս զարմանալի է, որ պատգամավորը պարտիզանի համառությամբ թաքցնում է իր կարծիքը: 
Մենք արդեն անդրադարձել էինք բրիտանական «Գարդիան» թերթի հրապարակմանն այն մասին, որ Ալիեւների կլանը հանցավոր ճանապարհով լվացել էր շուրջ 3 մլրդ դոլար, որոնք օգտագործվել են Եվրոպայի պաշտոնատար անձանց կաշառելու նպատակով: Իսկ ահա այդ թեմայի շրջանակում հունգարական մամուլը մանրամասներ հաղորդեց, որ Ադրբեջանի կողմից այժմ հերոսացվող ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ Հունգարիայի իշխանությունը արտահանձնեց Բաքվին այն բանից հետո, երբ վարչապետ Վիկտոր Օրբանի մերձավոր գործարարների հաշիվներին Ադրբեջանից փոխանցվեց շուրջ 7 մլն դոլար: Զարմանալով հանդերձ, մնում է փաստել, թե ինչ աստիճանի «դիշովկա» գյադա է եվրոպական այդ երկրի վարչապետը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА