ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԽԱՂԸ

08.09.2017 17:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԽԱՂԸ


Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հարցը մեծ աղմուկ առաջ բերեց մեր տեղական արեւմտամետների մոտ: Բայց այդպես էլ հստակ հասկանալի չդարձավ, թե ինչու մեր երկիրը խուսափեց դրանից:

ԻՍԿ ՎՐԱՑԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ ԷԱԿԱ՞Ն ԷԻՆ ՆԱՏՕ-Ի ՀԱՄԱՐ

Հայաստանյան արեւմտամետները փորձում են համառորեն միայն այն վարկածն առաջ տանել, թե Հայաստանը զորավարժություններից հրաժարվել է Ռուսաստանի պատճառով: Իհարկե, հնարավոր տարբերակ է, բայց նաեւ այս վարկածը մի շարք հարցեր է առաջ քաշում: Եթե պատճառն իրոք ռուսական ճնշումն էր, ապա հայաստանյան պատկան մարմինները չէին կարող ի սկզբանե չկռահել, որ նույնիսկ զորավարժություններին մասնակցելու ակնարկը առաջ են բերելու նման ճնշումներ: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է թեկուզեւ ոչ պաշտոնապես զորավարժություններին մասնակցելու նախնական ծրագրեր մշակեին: Կամ, եթե ՆԱՏՕ-ի Հայաստանի հետ կապերն այդքան նյարդայնացնում է ռուսներին, եւ նրանք ի զորու են հասնել նրան, որ Հայաստանը հետ քաշվի, ապա չմոռանանք, որ մեր երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ բազում այլ կապեր ունի: Ուրեմն՝ ինչո՞ւ ՌԴ-ն չի հասնում նրան, որ այդ բոլոր կապերը սառեցվեն եւ կենտրոնացավ միայն վրացական զորավարժությունների վրա, որին, ի դեպ, նախնական ծրագրերով Հայաստանը միայն խորհրդանշական մասնակցություն էր ունենալու: Ինչ է, հենց Վրաստանում անցկացվող զորավարժություննե՞րն են Մոսկվային առանձնապես մտահոգում: Դա էլ է հնարավոր, ՌԴ-ի համար հարավային ուղղությունը շատ կարեւոր է: Բայց նաեւ դժվար չէ կռահել, որ ՆԱՏՕ-ի ներսում արդեն այնքան խորը հակասություններ կան, որ ներկայումս այդ կառույցից գլոբալ ստրատեգիական քայլեր դժվար է սպասել: Օրինակ՝ հարավկովկասյան հարթակում ռեալ ռազմավարական ծրագրեր, առանց ԱՄՆ-Թուրքիա փոխվստահելի հարաբերությունների, հազիվ թե հնարավոր լինի: Մինչդեռ՝ այդ  երկրների հարաբերությունները ոչ միայն փոխվստահելի չեն, այլ մի շարք կոնկրետ հարցերով նույնիսկ թշնամական են դարձել:
Մյուս կողմից էլ, ՆԱՏՕ-ի ներքին այդ հակասությունները տեսանելի են դառնում այլ հարթակներում: Օրինակ՝ հյուսիսկորեական ճգնաժամի այս օրերին, թեեւ ԱՄՆ-ը, այն էլ՝ նախագահի մասին մինչեւ իսկ խոսեց միջուկային զենքի օգտագործման հավանականության մասին, սակայն ՆԱՏՕ-ն այդպես էլ դիտորդի կարգավիճակից այն կողմ չանցավ: Եվ միայն փաստը, որ ճգնաժամի ամենասուր փուլում Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի նախագահները՝ Մուն Չժե Ինն ու Սինձո Աբեն մեկնեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, արդեն իսկ ակնարկ է, որ նրանք հիմնախնդրի հետ կապված լուծումներն արդեն առնվազն միայն ԱՄՆ-ի հետ չեն կապում: Առավել եւս, որ Աբեն, առաջարկելով վերջապես «վերջակետ դնել» Երկրորդ աշխարհամարտի ավարտից չկնքված ՌԴ-ի եւ Ճապոնիայի միջեւ հաշտության պայմանագրի թեմային, սկսեց նաեւ գովերգել Պուտինի ձյուդոիստական հմտությունները: Իսկ նրա հարավկորեացի գործընկերն էլ ավելի առաջ գնաց՝ Պուտինին համեմատելով կորեացիների կողմից սրբազան համարվող ամուրյան վագրի հետ: Եվ այս սիրալիրությունները պարզ հուշում են, որ, մեղմ ասած, նրանց վստահությունը միանձնյա կերպով հարցերը լուծելու ԱՄՆ-ի երբեմնի հնարավորությունների նկատմամբ, առավել եւս, որ Թրամփն արդեն հյուսիսկորեական խնդրի ռազմական լուծման գաղափարից հերթական անգամ աստիճանաբար ետ է քաշվում: Իսկ դա էլ նաեւ քիչ տեսանելի ակնարկ է այն մասին, որ ՆԱՏՕ-ի էֆեկտիվությունն էլ առաջվանը չէ:
Նույն ակնարկը ստացվեց նաեւ Եվրոպայից: Այն բանից հետո, երբ ՌԴ նախագահն օրերս առաջ քաշեց ուկրաինական ճգնաժամի կարգավորման նոր մեխանիզմ, այն է՝ ՄԱԿ-ի խաղաղարարներ տեղակայել Դոնբասի եւ Ուկրաինայի միջեւ, շատերի թվում ԱԳ նախարարի մակարդակով հավանություն տվեց Գերմանիան: Ավելին, չնայած նրան, որ ԵՄ-ն հերթական անգամ հետաձգեց պատժամիջոցների ժամկետը ¥ընդ որում, կուլիսներում դա բացատրեցին Անգելա Մերկելին նախընտրական փուլում օգնելու ցանկությամբ¤, գերմանացի նախարարը նաեւ հայտարարեց, որ խաղաղարարների այդ նոր ծրագիրը ԵՄ-ի կողմից հակառուսական պատժամիջոցները դադարեցնելու լավ առիթ է: Եվ հասկանալի է, որ գերմանո-ամերիկյան այսքան ընդգծված դարձած հակասությունները չեն կարող չարտահայտվել նաե ՆԱՏՕ-ական կուլուարներում:

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՆՈՐԻՑ ԿԹԵԺԱՆԱ
Մի խոսքով, ՆԱՏՕ-ում արդեն այնքան են խորքային հակասությունները, որ դրանց պարագայում դժվար է խոսել Դաշինքի կողմից իրականացվող ռազմավարական նշանակության քայլերի մասին. գործնականում ամենուր են կառույցի, անգամ երկրների շահերը սուր կերպով բախվում՝ առաջ բերելով կարապի, խեցգետնի եւ գայլաձկան էֆեկտը: Եվ կոնկրետացնելով՝ շատ ավելի նման է նրան, որ վրացական այդ զորավարժանքները ՆԱՏՕ-ի համար հաշվետվություններում «պտիչկա դնելու» իմաստ ուներ, միգուցե մի շարք պաշտոնյաներ էլ լավ փողեր աշխատեցին: Այսինքն ասել, թե Մոսկվային սա ինչ-որ արտառոց ձեւով մտահոգում էր, տեսանելի հիմք չկա: Հետեւաբար, համեստ է նաեւ հավանականությունը, որ հենց ՌԴ-ի պատճառով Հայաստանը չգնաց այդ զորավարժանքներին:
Բայց կա նաեւ չմասնակցելու պատճառի մասին մյուս վարկածը, որին պետք է լուրջ ուշադրություն դարձնել: Խոսքն այն մասին է, որ բուն զորավարժություններում, ինչպես նաեւ՝ դրան նախորդող եւ հաջորդող փուլերում պարզ նկատելի էր Թուրքիայի ակտիվությունը: Միաժամանակ, հատկապես վերջին ժամանակներս Ադրբեջանը եւս վրացական ուղղությամբ մի շարք քիչ տեսանելի, սակայն ոչ պակաս ակտիվ քայլերի գնաց: Եվ այդ երեք երկրների ԱԳ նախարարների «հաջող» որակված հանդիպումը եւս հուշում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հնարավորինս ամրապնդվել վրացական ուղղությունում:
Այդ ցանկության իմաստը կարելի է կռահել: Բոլոր աշխարհաքաղաքական ուղղություններում խորը փակուղու առաջ կանգնած Թուրքիայի համար Վրաստանով դեպի թյուրքական աշխարհ տեղաշարժը փրկության օղակի պես մի բան է: Ադրբեջանի համար եւս վրացական ուղղությունը սկսեց նույն դերն ունենալ այն բանից հետո, երբ վերջերս Վրաստանի եւ Մոսկվայի ներկայացուցիչները սկսեցին խոսել աբխազական երկաթուղու վերագործարկման մեծ հավանականության մասին: Իսկ դա ոչ միայն հիմքից ջարդում է Հայաստանի շրջափակման Ադրբեջանի երկարամյա ողջ ռազմավարությունը, այլ շատ ավելի լուրջ վտանգ էլ է պարունակում: Ռուս-վրացական հարաբերությունների զարգացումը, առավել եւս, եթե վրացիները հանկարծ մտածեն դառնալ ՌԴ-Իրան առանցքի մասին, հենց Ադրբեջանին են կանգնեցնում աշխարհաքաղաքական շրջապատման շեմին: Այսինքն, Մոսկվան հնարավորություն էստանում այդ օղակը ցանկացած պահի փակել, ինչն ադրբեջանական ողջ քաղաքականությունը դնում է ՌԴ-ից կախված վիճակում:
Մի խոսքով, Վրաստանը սկսել է թուրք-ադրբեջանական տանդեմի համար կարեւորվել առավելագույնս, ինչը զգացվեց նաեւ ՆԱՏՕ-ի զորավարժություններում: Տարբեր կողմերից հարվածների տակ գտնվող Ալիեւի հետ հարաբերությունները լրիվ ծավալով ի ցույց դնելուց Էրդողանը, թերեւս, զգուշանում է: Սակայն ՆԱՏՕ-ն լավ տանիք է թուրք-ադրբեջանական այդ ընդհանուր շահերի համար: Եվ շատ ավելի մեծ է հավանականությունը, որ հենց այդ տեսանելի հանգամանքը Հայաստանին ետ պահեց վրացական զորավարժություններից:
Իհարկե, այս իրավիճակը Վրաստանին տալիս է մանեւրելու նոր հնարավորություններ, ինչից, ակնհայտ է, որ Թբիլիսին չի հրաժարվի: Բայց նաեւ այս հանգամանքը պետք է հաշվի առնել: Վրաստան-Ադրբեջան ուղղության ամրապնդումը ձեռնտու է նաեւ Վաշինգտոնին: ԱՄՆ-ը մեծացնում է Աֆղանստանում իր ռազմական ներկայությունը, որի մատակարարումների համար Բաքվի դերը, այսինքն՝ նաեւ Թբիլիսի-Բաքու ուղղությունը զգալի է: Այլ բան, որ Թուրքիայի վերահսկողության պարագայում՝ Վրաստան-Ադրբեջան գիծը դառնում է Անկարայից կախված: Ընդ որում, ԱՄՆ-Թուրքիա խորքային հակասությունների պարագայում Անկարան ինչպե՞ս կօգտագործի այդ հանգամանքը, սա արդեն Վաշինգտոնի համար պետք է որ լուրջ մտահոգություն լինի: Մյուս կողմից էլ, անշուշտ, ռուսներին եւս մտահոգում է իր սահմանների հարեւանությամբ ծավալվող այդ դիրքային խաղերը: Դրա դեմ ամենառեալ քայլը, հասկանալի է, Վրաստանի հետ հարաբերությունների արմատական զարգացումն է: Բայց Թբիլիսին էլ, որ սկսել էր քննարկել մինչեւ իսկ Աբխազական երկաթուղու հարցը, ՆԱՏՕ-ական այս զորախաղերով ցույց տվեց, որ դեռ կփորձի այս ընդհանուր բախումից  առավելագույնը քաղել: Մինչդեռ, եթե լուծումները ձգձգվեն, դա միայն խոստանում է ավելի կոշտացնել այս բոլոր բախումները: Ու թերեւս, Հայաստանը հենց դրան էլ պետք է պատրաստ լինի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА