ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԸ` ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՄԻՋՈՑ

08.09.2017 17:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԸ` ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՄԻՋՈՑ


Հայոց լեզվի «աղքատիկության» մասին սկանդալային գավառամիտ հայտարարությունից հետո որձ կովերի մեծն մասնագետ Հրանտ Բագրատյանը հերթական սկանդալը եփեց` ադրբեջանական լրագրողներին հերթական անգամ ասելով, որ Հայաստանը ատոմային ռումբ ունի: Ընդ որում` այս անգամ Բագրատյանի հայտարարությունը հնչել է Լեհաստանում: 
ԲԱՑԻ ՄԱՀԱԶԴԻՑ` ՑԱՆԿԱՑԱԾ ԼՈՒՐ ԴՐԱԿԱ՞Ն Է
Բագրատյանը, ինչքան էլ նախկին վարչապետ լինի, բայց, այնուամենայնիվ, քաղաքական տեսանկյունից մոռացության չմատնվելու գերխնդիր ունի: Չէ՞ որ մեզանում հանրությունը քաղաքական դեմքերին բանի տեղ չի դնում, եթե նրանք օժտված չեն պաշտոնական կարգավիճակով: Արդեն նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին են սկսել մոռանալ, էլ ուր մնաց նախկին վարչապետին չմոռանան: 
Ու նման է, որ Բագրատյանը ելքը գտել է` բլթացնել ինչ-որ սկանդալային բան, որը լրատվամիջոցների ու հանրության քննարկման առարկան դառնա: Եվ փույթ չէ, թե օրինակ, հայոց լեզվի մասին իր հայտարարությունից հետո նա հայոց լեզվի հարստության ապացույցը տեսավ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի էջերում, ճիշտ է, փոքր-ինչ յուրահատուկ տեսքով` ճաշակեց հայոց լեզվի հարստագույն հայհոյական բառապաշարը: Բայց, հավանաբար, պարոն Բագրատյանը առաջնորդվում է Մարկ Տվենի թեւավոր խոսքով` որ ցանկացած լուր լավ լուր է, եթե դա մահազդ չէ:
Պարզ է, որ հերթական անգամ ատոմային ռումբի մասին խոսակցություն բացելով` Բագրատյանը հետապնդում էր հիմնականում մոռացությունից փրկվելու նպատակ: Բայց այս անգամ հայկական լրատվական դաշտում այնպես չէր, որ արձագանքները միայն բացասական լինեն: Ճիշտ է, շատերը նշում են, որ նախկին վարչապետը հիմար-հիմար բլթացնում է ու կարող է անգամ իր բլթոցներով խնդիրներ ստեղծել, բայց, օրինակ, քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ընդհակառակը, մի բան էլ դրական գնահատեց որձ կովերի փորձագետի խոսքը. «Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով մասնակցում է լեհական Կրինիցայի տնտեսական համաժողովին, հարցազրույց է տվել ալիեւյան haqqin.az-ին եւ կրկին հայտարարել, որ Հայաստանն ունի միջուկային զենք: Նախ` Բագրատյանը նշել է, որ իր հայտարարություններն այն մասին, որ Երեւանը միջուկային զենք ունի, դեկլարատիվ բնույթ չեն կրում, եւ որ այդ զինատեսակը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից: «Այո, մենք ունենք միջուկային զենք, եւ ես անկեղծորեն եմ ասում»,- ասել է Բագրատյանը: Ազերի լրագրողը վախեցրել է Բագրատյանին միջազգային պատժամիջոցներով, որոնք այժմ կիրառվում են Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ինչին Բագրատյանը պատասխանել է, որ Հայաստանը պետք է ինչ-որ կերպ պաշտպանվի Ադրբեջանից:
Հրանտ Բագրատյանը առաջին անգամը չէ, որ այսպիսի սկանդալային հայտարարությամբ է հանդես գալիս: Պետք է նշեմ, որ ՀՀ-ի նախկին վարչապետի անկեղծությունները բուռն քննարկումների առիթ են դառնում Բաքվում: Ադրբեջանում սարսափում եմ Հայաստանի միջուկային «գերտերություն» լինելու հանգամանքից:
Ի դեպ, ըստ տարածված լուրերի, ԽՍՀՄ տարիներին Հայաստանում իրոք տեղակայված են եղել միջուկային հրթիռներ, որոնց կենտրոնատեղին եղել է Գյումրիից հյուսիս ընկած «Քեթիի սարերը»: Սակայն 1988 թ.-ի երկրաշարժից հետո դրանք իբրեւ թե տարհանվել են»: 
ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Մենք արդեն առիթ ունեցել էինք անդրադառնալու, թե ինչպես Էրեբունիում պատանդառություն կատարած սովորական ոճրագործ Գոռ Հակոբյանին Արթուր Սաքունցի եւ սաքունցների թեթեւ ձեռքով սկսեցին հերոսացնել: Բայց կարեւորն այդտեղ ոչ միայն այն է, որ ակնհայտ քրեական դեմքին, որի ֆիզիկական ոչնչացումը ոստիկանության կողմից միանշանակ ճիշտ էր, փորձում են ներկայացնել դրական լույսի ներքո եւ անգամ հերոսի լուսապսակով, այլ այն, որ փորձ է արվում քաղաքականացնել բացահայտ կրիմինալը: Նույն հաջողությամբ վաղը կարող են քաղաքականացնել եւ հերթական «քուչի պպզող» Վալոդ Անբանյանին, ով թմրանյութի ազդեցության տակ հանցագործություն է կատարել եւ դարձել ոստիկանության փայ: 
Բայց անգամ ոչ միայն կրիմինալին, այլ նույնիսկ սովորական վարչական իրավախախտումը կարող են քաղաքականացնել: Օրինակ, ասմունքող Լիանա Զուրաբյանի` ավտոտեսուչների հետ սարքած տհաճ միջադեպին քաղաքական աստառ տալու փորձեր կան: Իրավական աստառ արդեն ստացել է, քանզի ասմունքողի հրապարակային կոպիտ հայտարարությունները իրավապահների հասցեին լրիվ խախտեց ոստիկանության նյարդերը ու նրանք հրապարակեցին միջադեպի տեսանյութը: Իհարկե, փորձառու փաստաբան վարձելու դեպքում Լիանա Զուրաբյանը շանսեր ունի ոստիկանությունից միլիոնավոր դրամների բարոյական փոխհատուցում կորզել, բայց էլի դրանում քաղաքական ոչինչ չկա:
Իսկ քաղաքականությունը սկսվեց ասմունքող տիկնոջ այն սպառնալիքից հետո, որ ճանապարհային ոստիկանության վարքագծի պատճառով ցանկանում է արտագաղթել: Ցանկանում է` թող արտագաղթի, ինչքան ավելի շատ արտագաղթեն տարատեսակ շանտաժիստները, այնքան ավելի կպակասի գաղջը մեր երկրում: Բայց աչքի առաջ ունենալով այդ սովորական միջադեպի քաղաքականացման փորձերը, այլեւս չպետք է զարմանանք, եթե քաղաքականացման առարկա դառնա արդեն ցանկացած կենցաղային հիմարություն: 
2018-Ի «ԱՆՑՈՒՄԸ» ՈՐՈՇԱԿԻԱՆՈ՞ՒՄ Է
Թե ինչու քաղաքականացվում է ամեն ինչ, եւ ինչու քաղաքական լուսանցքում կամ աղբանոցում հայտնված գորրծիչները ամեն գնով փորձում են փրկվել մոռացությունից, թերեւս բավականին թափանցիկ է: Ինչ-որ փոփոխություններ ակնկալվում են 2018-ի ապրիլին, երբ արդեն վերջնական տեսք է ստանալու երկրի խորհրդարանական կառավարման մոդելը: Անցման պահին առիթից օգտվելու եւ «տեղավորվելու» փոքրիկ շանսերի համար էլտարօրինակ բաներ են անում, էլ ինչ տխմարաբանություն ասես լցնում լրատվական դաշտ: 
Իսկ որոշակիություն, կարծես թե, երեւում է: Այսպես, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ապագա վարչապետի առնչությամբ մատնանշել է որ այժմյան վարչապետը եւ 2018-ի վարչապետը էապես տարբեր վարչապետներ են: Դե պարզ է, եթե այժմ ՀՀ նախագահն է համակարգում պաշտպանության ոլորտը եւ ուժային կառույցների աշխատանքը, 2018-ին դրանք լինելու են վարչապետի գործառույթի բաղկացուցիչ մաս: Իսկ Շարմազանովի հայտարարությունը մեծամասամբ ընկալվել է այնպես, որ Սերժ Սսրգսյանն է ստանձնելու վարչապետի պաշտոնը: 
Հենց հիմնականում դրան են սկսել պատրաստվել բավականին շատերը, բայց քաղաքական լուսանցքում քիչ չեն այնպիսիք, ովքեր հույսեր են տածում, որ Սերժ Սարգսյանն այլեւս իշխանություն չի ունենա: Իսկ առավել ճարպիկները փորձում են պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած տարբերակին: Այդ տեսակետից բավականին «շուստրի» ձեւով է իրեն պահում Գյումրվա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով ամիսներ առաջ խոստովանել էր, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ ոչ մի տարբերություն չի տեսնում: 2018-ի վերաբերյալ նա հայտարարեց հետեւյալը. «Հավատավոր ժողովուրդն ամեն առավոտ, մեկն էլ ես, ամեն առավոտյան ասում եմ` Տեր Աստված, տուր բարեպաշտ թագավոր, աստվածասեր իշխաններ եւ հոգեւորականներ Հայոց ազգիս, տա Աստված, որ նմանատիպ մարդիկ լինեն, թե դա ով կլինի` Աստված գիտի»: 
Բայց չմոռացավ նաեւ գովասանքներ հղել Կարեն Կարապետյանի հասցեին, մասնավորապես. «Իր հետ էդքան շատ մոտ չեմ, բայց որպես մարդ հարգում եմ, իհարկե, երկիրը շատ լուրջ պրոբլեմներ ունի, եւ վարչապետը էդտեղ պիտի լուրջ գործեր անի»: 
Սակայն, անշուշտ, շատ հետաքրքիր կլինի, եթե 2018-ի անցման պահին Սերժ Սարգսյանն առաջնահերթ կարգով հիասթափեցնի հենց «շուստրիներին»: Հենց նրանց ձեռքն ենք կրակն ընկել բոլորս, քանզի նրանց սկզբունքն անսկզբունքայնությունն է, իսկ Հայաստան երկրին էլ վերաբերվում են մոտավորապես այնպես, ինչպես ավարի հույս ունեցող զորքը գրավված  քաղաքին: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА