ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամառվա ընթացքում շաքարավազի 1 կգ-ի գինը նվազել է 50 դրամով. ՏՄՊՊՀ գնահատականը

07.09.2017 10:26 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ամառվա ընթացքում շաքարավազի 1 կգ-ի գինը նվազել է 50 դրամով. ՏՄՊՊՀ գնահատականը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից կատարված վերահսկողության արդյունքները փաստում են, որ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում տեղի է ունեցել շաքարավազի գնի մոտ 10-12 տոկոսով նվազում:

ՏՄՊՊՀժ-ից հայտնում են, որ եթե հունիսին 1 կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 400 դրամով, այսօր այն կազմում է 350 դրամ: Նվազումը խիստ կարեւոր հանգամանք է նաեւ այն առումով, որ, սովորաբար, պահածոների պատրաստման ժամանակահատվածում հանրապետությունում մի քանի անգամ ավելանում են շաքարավազի սպառման ծավալները: Չնայած սպառման ծավալների կտրուկ աճին, դիտարկվել է էական գնանկում:

Տեղեկացնենք, որ դեռեւս 2016 թվականի ապրիլ ամսից սկսած՝ շաքարավազի միջազգային գները սկսել էին շարունակական աճ գրանցել: Մասնավորապես, ըստ միջազգային հեղինակավոր ընկերությունների տվյալների, 2016 թվականի ապրիլ - հոկտեմբեր ամիսներին շաքարավազի միջազգային գների աճը կազմել է 44 տոկոս, ինչը էական բարձրացում է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում շաքարավազը արտադրվում է Բրազիլիայից ներմուծված շաքարավազի հումքից, ուստի միջազգային գների աճը կարող էր հանգեցնել նաեւ երկրի ներսում վաճառքի գների բարձրացմանը: Այդ իսկ պատճառով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2016 թվականից ամենամսյա կտրվածքով սկսել էր ուսումնասիրել շաքարավազի ձեռքբերման գների եւ վաճառքի գների փոփոխությունները, կատարել գնագոյացման հաշվարկներ` գերիշխող ապրանքային շուկան պահելով վերահսկողության տակ, որպեսզի թույլ չտրվեն չհիմնավորված գնային փոփոխություններ:

Արդյունքում, այն պարագայում, երբ միջազգային շուկաներում շաքարավազի հումքի գինը աճել է 44 տոկոսով, մեր երկրում աճը կազմել է 9 տոկոս: Ընդ որում շաքարավազի առավելագույն գինը կազմել է 390-400 դրամ՝ 1 կիլոգրամի հաշվով:

Այսինքն, կարող ենք փաստել, որ, չնայած միջազգային շուկաներում գնային կտրուկ բարձրացումներին, մենք կարողացել են խուսափել գների ցնցումներից եւ մեր երկրում շաքարավազի գների փոփոխությունները կրել են ավելի սահուն ընթացք, ինչը չի հանգեցրել էական տատանումների:

Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ վերջին տարիներին այս ոլորտում Հանձնաժողովը արձանագրել է նաեւ դրական միտումներ՝ կապված մրցակցության խորացման եւ նոր տնտեսվարողների ի հայտ գալու հետ: Մասնավորապես, ԵՏՄ անդամակացությունից հետո այս ոլորտում սկսել էն գործունեություն իրականացնել մի շարք ընկերություններ, որոնք պատրաստի շաքարավազ են ներմուծում նաեւ Ռուսաստանի Դաշնությունից: Այսպես, եթե նախկինում ՌԴ-ից շաքարավազ ներմուծում էր մոտ 10 տնտեսվարող, ապա ներկայումս այդ ընկերությունների թիվը ավելացել է, կազմելով՝ 23:

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ տարածքից օրինակ 2017 թվականի առաջին կիսամյակին ներմուծվել է 11 հազ տոննա շաքարավազ, ինչը մոտ 10 անգամ ավել է նախորդ տարիների ցուցանիշներից: Այս հանգամանքը եւս իր ազդեցությունն է ունեցել մեր երկրում շաքարավազի գնի կտրուկ բարձրացումից խուսափելու առումով:

Ընդ որում, ներմուծմամբ զբաղվում են ինչպես խոշոր առեւտրային ցանցերը, այնպես էլ անհատ ձեռնարկատերեր, որոնք շաքարավազը իրացնում են տարբեր մարզերում: Այսինքն, կարող ենք փաստել, որ այս ոլորտում եւս ուժեղացել է մրցակցությունը, առկա են նոր ընկերություններ, որոնք մուտք են գործել շուկա եւ սկսել են մրցակցել տեղական արտադրության հետ:

Հանձնաժողովը շարունակում է հետեւել շուկայում տեղի ունեցող զարգացումներին եւ հետագայում եւս ուսումնասիրվելու են գնային փոփոխությունների համարժեքությունը: ՏՄՊՊՀ գնահատմամբ, անշուշտ, այս երեւույթը դրական է անդրադառնում շուկայի վրա ընդհանուր առմամբ, իսկ առաջիկա կանխատեսումներով ակնկալում ենք, որ մրցակցությունը էլ ավելի կուժեղանա, ինչը կհանգեցնի շուկայի կենտրոնացվածության աստիճանի նվազեցմանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА