ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղաղակող բացահայտումներ՝ դեկտեմբերից ՀՀ-ում կիրառվող վտանգավոր պատվաստման մասին (Տեսանյութ)

06.09.2017 23:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Աղաղակող բացահայտումներ՝ դեկտեմբերից ՀՀ-ում կիրառվող վտանգավոր պատվաստման մասին (Տեսանյութ)

Աչք փակելով միջազգային դառը փորձի, մի շարք պրոֆեսորների զգուշացումների վրա՝ այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է այս տարվա դեկտեմբերից Հայաստանում իրականացնել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներ՝ 13 տարեկան եւ դրանից բարձր տարիքային խմբի աղջիկներին՝ ամերիկյան «Merck» ընկերության «Գարդասիլ» պատվաստանյութերով: Ավելին՝ «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ առողջապահության փոխնախարար ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ շեշտեց, թե այն այլընտրանք չունի, ինչին հանգել են հենց միջազգային փորձն ուսումնասիրելով ու պրոֆեսորների հետ քննարկելով:

Ըստ էության, պարոն փոխնախարարը հենվում է վերոնշյալ պատվաստանյութը գովազդելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից Շվեդիայից Հայաստան ժամանած պրոֆեսոր ՋՈՀԱԿԻՄ ԴԻԼՆԵՐԻ հայտարարության վրա: Վերջինս նշել էր, թե Շվեդիայում պատվաստումների ազգային ծրագիրը ներդրվեց 2012-ին եւ 10-11 տարեկան աղջիկները պատվաստումը ստանում են դպրոցում. «Այն արդյունավետ է եւ կատարվում է  մինչեւ սեռական կյանքով ապրելը»:

Իսկ ո՞վ է Ջոհակիմ Դիլները, որը պատվաստանյութը Հայաստանին հրամցնելու համար շտապեց Երեւան եւ ինչո՞ւ է թաքցնում դեռահասների եւ կանանց մոտ «Գարդասիլ» պատվաստանյութի առաջացրած առողջական ծանր հետեւանքների մասին, որին առիթ ունեցել ենք անդրադառնալու:

Պարզվում է՝ Ջոհակիմ Դիլները Շվեդիայի «Karolinska» բժշկական համալսարանի պրոֆեսոր է: Իսկ 2016 թվականին «Karolinska» համալսարանի եւ «Գարդասիլ» պատվաստանյութի արտադրող «Merck» ընկերության միջեւ կնքվել է 5 տարվա համագործակցության պայմանագիր: Ըստ այդ համաձայնագրի, համալսարանը յուրաքանչյուր տարի ստանալու է, ո՛չ ավել, ո՛չ պակաս մեկ միլիոն դոլարի ֆինանսական օժանդակություն: Եվ սա դեռ ամենը չէ. ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական ինֆորմացիայի ազգային կենտրոնի տվյալների համաձայն, պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները դրամաշնորհներ է ստանում «Գարդասիլ» պատվաստանյութի արտադրող «Merck» ընկերությունից:

Այսինքն՝ ստացվում է, որ շվեդացի պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները անձնական ֆինանսական շահագրգռվածություն ունի «Գարդասիլ» պատվաստանյութը գովազդելու համար, եւ նա այս հարցում միայնակ չէ:

Կրկին Երեւան ժամանած Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ-պրոֆեսոր ՊԱՈՒԼ ԲԼՅՈՒՄԸ պնդում է, թե պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի ներդրումը հնարավորություն է տալիս վերահսկել եւ կանխել արգանդի պարանոցի քաղցկեղը, տարբեր երկրներում. «Անցած 10-ը տարիների ընթացքում ներդրվել է այն եւ զգալի հաջողություն է գրանցվել»:

Մինչդեռ իրականում պարոն Պաուլ Բլյումը կեղծում է՝ ասելով, թե իբրեւ «Գարդասիլ» պատվաստանյութը 10 տարի հաջողությամբ կիրառվել է աշխարհում, ինչը մասնագիտորեն բացահայտում է «Գարդասիլ» եւ «Ցերվարիկս» պատվաստանյութերի առաջատար հետազոտող, ԱՄՆ պրոֆեսոր ԴԻԱՆԱ ՀԱՐՓԵՐԸ՝ մասնավորապես ընդգծելով հետեւյալը. «Բազմաթիվ մասնագետներ վկայում են, որ պահանջվում է առնվազն 30 տարի, որպեսզի 3-րդ աստիճանի նախաքաղցկեղային ախտահարում ունեցող կանանց 40 տոկոսի մոտ այն վերածվի քաղցկեղի: Հետեւաբար, ոչ ոք չի կարող ճշմարտապես փաստել, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը կանխարգելում է արգանդի վզիկի քաղցկեղը»:

Ի դեպ, նույն Դիանա Հարփերը պատվաստումների թեմայով չորրորդ ամենամյա բաց կոնֆերանսի ժամանակ անկեղծացել է ու որոշակի մանրամասներ հանրայնացրել «Գարդասիլ» պատվաստանյութի մասին՝ ասելով, որ այն զգալի չափով անօգուտ է. «Երբեք լիովին չի փորձարկվել մինչեւ 15 տարեկան աղջիկների վրա: Այդ պատվաստանյութի մեծ կարիքը չկա: Չարժե անել այդ պատվաստումը, որովհետեւ այն փորձարկումներ չի անցել եւ սանիտարական վերահսկողության վարչությունը շրջանցելու շնորհիվ է կիրառվում: Սա միլիարդավոր դոլարների խնդիր է…»:

«Գարդասիլ» պատվաստանյութի մասին ուշագրավ տեղեկատվություն է տալիս նաեւ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր ԷԼԻՍՈՆ ՓՈԼՈՔԸ. «Խնդիրն այն է, որ մենք չգիտենք արդյոք պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը աշխատում է, թե՝ ոչ: Եվ մենք դա չենք իմանա դեռ 30 տարի»:

Իսկ չտեսնել կամ չցանկանալ նկատել այն, ինչի մասին բարձրաձայնում է ռուս վիրուսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու ԳԱԼԻՆԱ ՉԵՐՎՈՆՍԿԱՅԱՆ, ուղղակի, անհնար է:  Նա առանձնացրել է այն, թե ինչ է գրում արտադրող ընկերությունը պատվաստված աղջիկների ծննդաբերել չկարողանալու մասին. «Կանանց վերարտադրողական ֆունկցիայի եւ հղի կանանց մոտ պտղի վրա պատվաստանյութի պոտենցիալ ազդեցության վերաբերյալ հետազոտությունները բացակայում են»: Գ. Չերվոնսկայան ելնելով վերոնշյալից՝ գալիս է այսպիսի մի եզրահանգման. «Փաստորեն՝ ամենակարեւորը հետազոտված չէ»:

Հիշեցնենք, որ անգամ ԱՄՆ կառավարության VAERS տվյալների բազայի համաձայն՝ գրանցվել է HPV պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ավելի քան 50 հազար դեպք:  Մարդկանց մոտ առաջացել են անպտղություն, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ, վիժումներ, մկանային ցնցումներ, նյարդային համակարգի խանգարումներ, արյան ճնշման փոփոխություններ, գլխացավեր, հոդացավեր եւ այլն:

Իսկ թե ո՞ւմ պատվերով են փորձում «ստերիլիզացնել» մեր երեխաներին, կներկայացնենք հաջորդիվ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք սկզբնաղբյուր տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА