ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վերջապես 50 միլիոն քուրդ ժողովուրդը պետք է ունենա՞ իր պետությունը, թե` ոչ»

06.09.2017 21:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Վերջապես 50 միլիոն քուրդ ժողովուրդը պետք է ունենա՞ իր պետությունը, թե` ոչ»

Հաշված շաբաթներ անց` սեպտեմբերի 25-ին տեղի կունենա Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն: Ի՞նչ աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառ կդառնա այն, եւ դրանում ինչպիսի՞ն կլինի հայերիս դերակատարությունը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ազգությամբ քուրդ պատգամավոր ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԻՑ: Ըստ նրա` Քրդստանի ստեղծումը Հայաստանի համար ոչ մի վտանգ չի կարող լինել, որովհետեւ հայ եւ քուրդ ժողովուրդը դարերի բարեկամություն ունեն:

«ՀՀ-Ն ԻՐԱՔՅԱՆ ՔՐԴՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՑԵԼ»

– Հայաստանի ե՛ւ իշխանությունները, ե՛ւ հայ ժողովուրդը, ում հետ զրուցել եմ, ոչ մեկը դեմ չէ այս պետության ստեղծմանը: Ավելին ասեմ` Հայաստանի Հանրապետությունը Իրաքյան Քրդստանի հյուպատոսություն է բացել, որն ի նպաստ մեր երկու ժողովուրդների բարեկամության է, առեւտրաարդյունաբերական հարցերի քննարկման եւ այլն: Մենք ակնկալում ենք, որ սեպտեմբերի 25-ին հանրաքվեն կանցկացվի, ընդ որում` լավ արդյունքներով, ինչն ուրախություն կբերի ամբողջ աշխարհի քուրդ ժողովրդին: Այս պետության ստեղծումը ողջ քուրդ ժողովրդի համար օգտակար կլինի, որովհետեւ այսօր քրդերը չորս մասի են բաժանված` Թուրքիայում ունենք 20 մլն քուրդ, Իրաքում` 6 մլն, Իրանում` 12-15 մլն, Սիրիայում` 4 մլն, ինչպես նաեւ մեր մեծ սփյուռքը ապրում է եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում` Ռուսաստանում: Մի խոսքով` աշխարհով մեկ, ինչպես հայերն են սփյուռք կազմել, այնպես էլ` մենք, որն, իհարկե, լավ օրերից չի եղել, եւ դրա համար հազարումի պատճառներ են եղել:

– Պարոն Հասանով, գաղտնիք չէ, որ որոշ պետությունների ամենեւին ձեռնտու չէ Քրդստանի ստեղծումը: Հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի փորձեն խանգարել հանրաքվեի կայացմանը:

– Ոչ թե կփորձեն խանգարել, այլ դրանք հենց սկզբից էլ խանգարում են, եւ այդ պետություններն են Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ արաբական մի շարք երկրներ, որոնք չեն ուզում, որ Քրդստան լինի: Իսկ գերտերություններից ԱՄՆ-ն մեկ հայտարարում է, որ պետք է անցկացվի այդ հանրաքվեն, մեկ էլ ասում է` դեռեւս շուտ է, պետք է հետաձգվի: Նույնպիսի հայտարարություններ տեսնում ենք ռուսական իշխանությունների կողմից: Քրդական ինքնուրույն պետության ստեղծմանն ըստ էության դեմ չէ մի պետություն` Իսրայելը, որը միշտ էլ հայտարարել է, որ երկու ձեռքով կողմ է: Պարզ է, իրենք էլ ունեն իրենց շահերը, որովհետեւ այսօր Մերձավոր Արեւելքում չկա մի անկախ պետություն, որ Իսրայելի հետ ջերմ հարաբերությունների մեջ լինի, դրա համար էլ նրանք այդպիսի հարաբերություններ տեսնում են Քրդստանի եւ քրդերի հետ: Բնական է, մենք էլ ենք ողջունում այդ պետությունների բարեկամական ջերմությունը: Այնպես որ, չնայած որոշ պետությունների թշնամական վերաբերմունքին` կոչ ենք անում Իրաքյան Քրդստանի կուսակցություններին այս հարցում համախմբված լինել, որովհետեւ տեսնում ենք, որ թշնամի պետությունները կարողացել են նաեւ հենց Իրաքյան Քրդստանի կուսակցությունների մեջ տարաձայնություններ ստեղծել, որոնք նույնիսկ դեմ են դուրս գալիս այդ հանրաքվեին: Միեւնույն ժամանակ, ասեմ, որ կամաց-կամաց այդ կուսակցություններն էլ են խելքի գալիս, եւ այսօր ամբողջ աշխարհի քրդերը պարսավում են այն մարդկանց, ովքեր դեմ են դուրս գալիս հանրաքվեին: Վերջապես 50 մլն քուրդ ժողովուրդը պետք է ունենա՞ իր պետությունը, թե` ոչ: Եվ անկախ նրանից, թե մենք, որպես քրդական սփյուռք, ովքեր ապրում են Քրդստանից դուրս, կուզենանք այդ պետության մեջ ապրել, թե` ոչ, լիահույս ենք, որ այդ պետությունը կստեղծվի:

«ԱՄԵՆ ՄԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵԼՆԵԼՈՎ ԻՐ ՇԱՀԵՐԻՑ, ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՔՐԴԵՐԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ»

– Փորձագիտական տեսակետներ կան, որ Իրաքյան Քրդստանի ստեղծումը ամերիկյան նախագիծ է, որը ինչ-ինչ նպատակներ է հետապնդում: Դուք ի՞նչ կասեք այս մասին: 

– Իհարկե, ամեն մի պետություն, ելնելով իր շահերից, կարողանում է քրդերին օգտագործել: Բայց արդեն վեց տարի է, ինչ Սիրիայում «Իսլամական պետությունը» քրդերին ցեղասպանության է ենթարկում, եւ ոչ մի պետություն ձեռք չէր մեկնում: Ընդհակառակը` թուրքական իշխանությունները իսլամիստներին զենքով, ֆինանսապես, ամեն ձեւով աջակցում են, որպեսզի քրդերին ոչնչացնեն: Ինչո՞ւ, որովհետեւ Սիրիայի, Իրաքի քրդերը, եթե անկախություն ձեռք բերեն, Թուրքիայի 20 միլիոն քրդերը նորից կձգտեն անկախանալ, նույնն էլ կարող է տեղի ունենալ Իրանում: Դրա համար այս բոլոր պետությունները, որոնք եթե անգամ իրար հետ թշնամական կապերի մեջ են, երբ բարձրացվում է քրդական հարցը, կարծես դառնում են մեկ մարդ եւ ամեն ինչ անում են` քրդերին ոչնչացնելու եւ կոտրելու այդ հեղափոխական տրամադրությունները, որպեսզի չգնան անկախացման եւ այլ պայքարի ձեւերի:

– Քրդական ներկայիս իշխանությունները նշել են, որ մի քանի պետական լեզու է ունենալու Քրդստանը, այդ թվում է նաեւ հայերենը: Կարելի՞ է հույս ունենալ, որ այս անգամ հայերի եւ քրդերի բարեկամությունն առավել առողջ եւ ամուր հիմքերի վրա կդրվի:

– Ավելին ասեմ` մինչեւ Սադամ Հուսեյնին ԱՄՆ-ի միջոցով ջախջախելը, Բաղդադում ահաբեկչական խմբավորումները հարյուր հազարավոր մարդիկ են սպանել: Այդ ժամանակ Բաղդադում ապրող հայերը վտանգից ելնելով` գնացին դեպի Իրաքյան Քրդստան, որտեղ տեղի ղեկավարությունը մեծ սիրով ընդունեց նրանց, տրամադրեց բնակավայրեր եւ այլն: Այսօր շուրջ 4 հազարից ավելի հայեր կան այնտեղ, եւ մեկ հայ էլ ընտրվեց որպես Իրաքյան Քրդստանի մեջլիսի պատգամավոր: Սա նշանակում է, որ քրդերը մեծ տեղ են տալիս ազգային փոքրամասնություններիին եւ ամենակարեւորը` հայերին: Այո, նրանք ընդունում են հայերենը որպես պետական լեզու, հայկական դպրոցներ են բացում: Սա ցույց է տալիս, որ այդ պետությունը ազգային փոքրամասնություններին հարգանքով է վերաբերվում, ընդունում է նրանց լեզվական ինքնուրույնությունները, ուստի` այս ժողովրդավարական պետությունը կարող է հարատեւել, աճել եւ զարգանալ:

«ԱՄԵՆ ՄԻ ՀԱՅ, ԱՄԵՆ ՄԻ ՔՈՒՐԴ ՊԵՏՔ Է ԱՉՔԻ ԼՈՒՅՍԻ ՊԵՍ ՊԱՀԻ ԱՅՍ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ»

– Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի եւ ձեւավորվող նոր քրդական պետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները: Օրակարգային պետք է լինեն հողային, տարածքային հարցերը, թե՞ աշխարհաքաղաքական իրավիճակն այլ բան է թելադրում: 

– Եթե Քրդստանն անկախ պետություն դառնա, այն անմիջապես իր դեսպանությունը կունենա Հայաստանում, եւ ջերմ բարեկամական կապեր կստեղծվեն ինչպես քաղաքական կառույցների միջեւ, այնպես էլ հայ եւ քուրդ ժողովուրդների միջեւ: 
Մեր առաջնորդ Օջալանը միշտ էլ հայտարարել է, որ հայերը եւ քրդերը բարեկամ ժողովուրդներ են եւ հայերի ու քրդերի հողերը գրավել են թուրքական իշխանությունները: Այսօր մենք պետք է միասնական լինենք, պայքարենք ու մեր հողերը հետ բերենք: Եվ որը պատկանում է հայերին, լինի հայերինը, որը քրդերին` լինի քրդերինը: Հետեւաբար, ամեն մի հայ, ամեն մի քուրդ, աչքի լույսի պես պետք է պահպանի այս բարեկամությունը: Թուրքական իշխանություններն են ժամանակին ստեղծել հայերի եւ քրդերի միջեւ ինչ-որ տարաձայնություններ: Այսօր էլ թուրքերը օրուջիներ կոչվող 80 հազար քուրդ մարդկանց զինում են, մեծ ռոճիկ են տալիս, որ գնան քրդերի դեմ պայքարեն: Եվ եթե թուրքական այդ կեղտոտ քաղաքականությունը նույն ազգի ժողովրդին է իրար դեմ լարում, բնական է, որ տարբեր ազգերին իրար դեմ փորձել է լարել ու հիմա էլ կլարի` իրենց ստոր քաղաքականությունը առաջ տանելու համար: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА