ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.09.2017 21:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ


Հիշո՞ւմ եք` կար այսպիսի մարդ-կուսակցություն` ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ: Իհարկե մոռացել եք ե՛ւ նրան, ե՛ւ նրա կուսակցության անունը: Եվ ահա ինչքան էլ զարմանալի լինի, սույն քաղաքական հավերժ անհաջողակը որոշել է դժգոհություն հայտնել ամբողջ ընդդիմությունից: Այսպես, սկզբում նա քննադատեց Զարուհի Փոստանջյանին. «Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ գործընկեր չունեն: Եթե գործընկեր չունեք, ո՞նց եք իշխանափոխություն անում` քաղաքապետարանի դարակները քրքրելով եւ լույսերը հանգցնելո՞վ: Իշխանափոխությունն այն է, որ քաղաքական ուժերն իրար կողք են կանգնում եւ ժողովրդի հետ միասին հասնում դրան, ոչ թե մեկ հոգին ակցիաներ անի կամ չգիտեմ ինչ անհասկանալի բան»: Դե, իսկ «Ելք» դաշինքին էլ մեղադրեց Բաղրամյան 26-ի դուդուկի տակ պարելու մեջ. «Սարգսյանին ձեռք է տալիս, որ այսօր կան ուժեր, որոնք ուզում են ԵԱՏՄ-ից դուրս գալ: Նա դրանով ռուսներին ցույց կտա, կասի` տեսեք ինչ ուժեր կարող են ասպարեզ գալ, եթե ես չլինեմ իշխանության: «Ելք»-ն այս հարցն իր մի քանի պատգամավորով իհարկե չի լուծելու, բայց սա ահագին ժամանակ քննարկվելու է եւ շեղելու է հիմնական օրակարգից»: Զարմանալի է, մի՞թե այս կերպարանքը չի զգում, որ իր կարծիքը ոչ թե հաշվի են առնում, այլ այն ընթերցում են, ժողովրդի խոսքով ասած, «ղժժալու» նպատակով:
Իսկ Հանրապետություն կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ կարեւորագույն քաղաքագիտական բացահայտում արեց: Այն է, որ ավելի լավ է միասին ընտիր քեֆ անել, քան միասնական կուսակցություն ստեղծել. «Խնդիրը սպասելու մեջ չի, նախընտրական շրջանը տարավ նրան, որ թիմերը ավելի մերձ դարձան, շփումները վերածվեցին ընկերական հարաբերությունների: «Ելք» դաշինքի շրջապատում վերջին քեֆում ինձ շատ հարմար էի զգում ու խոստովանեցի, որ վերջին շրջանում ինձ համար ամենահաճելի սեղանն է, անձամբ ինձ համար ավելի մեծ ձեռքբերում է, քան մեկ կուսակցություն դառնալը: Այս առումով համագործակցությունը շատ լավ է, բայց մի քանի կուսակցության միավորվելը, մեկ կուսակցություն դառնալը, այն էլ խորհրդարան մտած կուսակցությունների համար, Հայաստանի պատմութան մեջ չի եղել: Չկա նախկինի փորձը, որից դասեր վերցնես, հետեւաբար այս խնդիրը նուրբ խնդիր է, պիտի շատ զգույշ մոտենալ»: Դե ինչ, տվյալ պարագայում պարոն Սարգսյանը զարմանալիորեն «ջրեց» «Ելքի» խոստումը` ընտրություններից հետո միասնական կուսակցություն կազմելու:  
Չմեռանք, դա էլ տեսանք` զարմանալիորեն պարզվում է, որ տխրահռչակ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ ոչ ավել-ոչ պակաս Հայաստանի դաշնակիցն է: The Guardian թերթի ընդարձակ հրապարակումն Ադրբեջանի վերնախավի կողմից փողերի լվացման եւ կոռուպցիոն գործունեության մասին անմիջապես մեծ թափ հավաքեց` վերածվելով միջազգային սկանդալի: Ոչ ավել-ոչ պակաս այնտեղ հիմնավորվում է, որ Ադրբեջանի վերնախավը արհեստական ձեւակերպած ընկերությունների միջոցով շուրջ 3 միլիարդ դոլար գումար է գողացել, որն օգտագործվել է եվրոպական տարատեսակ չինովնիկներին շռայլորեն կաշառելու համար: Եվ ահա, ինչպես դրան արձագանքեց Բաքուն. «Մեզ հայտնի է, որ դրա ետեւում կանգնած է Ադրբեջանի եւ նրա ղեկավարության դեմ հանդես եկող Ջորջ Սորոսը եւ նրա համախոհները, որոնք միջազգային հանրության մեջ արժանիորեն խաբեբաների, խարդախների եւ կեղծարարների համբավ են վայելում: Այսօր Ջորջ Սորոսի կեղտոտ գործերը պետք է լուրջ քննության ենթարկվեն: Նրա հետ համագործակցող հայկական լոբբին կեղտոտ արշավ է վարում Ադրբեջանի նախագահի եւ նրա ընտանիքի անդամների դեմ»: 
Իսկ ԱՄՆ-ում գրանցվել է առաջին դեպքը, որ մարդուն դատապարտել են «օնլայն բռնաբարության» համար, այն էլ` 16 տարվա ազատազրկման, թեեւ նա մատով չի կպել իր զոհերին: Ամերիկացի ՓՈԼ ԼԵՅԹՈՆԸ ունենալով մանկապղծական հարուստ երեւակայություն, ֆեյսբուքյան մի քանի կեղծ էջ էր բացել, դրանց միջոցով անչափահասների էր գայթակղել էրոտիկ լուսանկարների օգնությամբ, այնուհետ նման լուսանկարներ պահանջել իր զրուցակիցներից: Դրանից հետո նրանց շանտաժի է ենթարկել այդ լուսանկարներով եւ ստիպել բռնաբարել իրենց կրտսեր եղբայրներին, քույրերին, ընկերներին... Այդ ոճրագործությունը եւս մեկ անգամ փաստում է, որ ցանկացած ծնողի պարտականությունն է իր երեխաներին սովորեցնել համացանցային անվտանգության կանոնները, քանզի պարզվում է, որ առցանց հանցագործները սովորական փողոցային կրիմինալից անհամեմատ ավելի վտանգավոր են: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА