ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ»` ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

06.09.2017 21:25 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
 ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ»` ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ


Մեր տիտղոսային արեւմտամետների` «Ելք» դաշինքի մոտ, կարծես թե բան չի ստացվում: Մայրաքաղաքի ավագանին բարեհաջող «ջրեց» նրանց` փողոցների անունների «ապասովետականացման» նախաձեռնությունը: Ինչ վերաբերում է ԱԺ-ում ԵԱՏՄ-ից դուրս գալու հուլիսյան նախաձեռնությանը, ապա «Ելքի» պատգամավորները դեռ իրենք էլ չգիտեն, թե երբ դա դնեն քննարկման եւ որպես շարունակություն, ինչ անեն: 
«ԻՆՉ ՄՆԱՑ ԻՆՁ` ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ»
Ի դեպ, խորհրդարանի հանձնաժողովների նիստերին էլ «ելքականները» առանձնապես չեն աղմկում: Համենայնդեպս, չեն փորձում հանձնաժողովների մակարդակով քննարկման հարց դարձնել ԵԱՏՄ-ից հեռանալու նախաձեռնությունը: Երեւի թե սպասեն առաջին լիագումար նիստին, որպեսզի կարողանան ամբիոնից աղմկել: Դե, իսկ քանզի հանձնաժողովների նիստերը առանձնապես հրապարակային չեն, եւ այդտեղ մեծ ամբիոն չկա, ապա էլ ո՞ւմ համար լեզու թրջեն: 
Հանձնաժողովների նիստերին նրանք չեն բարձրացնում նաեւ այն հարցը, որը շահարկման եւ քննարկման առարկա է դարձել լրատվական դաշտում: Այն է` թե ինչու հայկական կողմը որոշեց չմասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին Վրաստանի տարածքում: Մինչդեռ այդ հարցը դարձել է մատի փաթաթան` որոշ քարոզչամիջոցների կողմից: Է՛լ դա ներկայացնում են որպես Սարգսյան-Պուտին վերջին հանդիպման հետեւանք, է՛լ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանին քիչ է մնում ստախոս հանեն, քանզի վերջինս հանրությանը տեղեկացրել է, որ կոնկրետ այդ զորավարժություններին մասնակցելու համաձայնություն Հայաստանը չի տվել: Իսկ քարոզիչները պնդում են իբր նախնական համաձայնություն եղել է, սակայն այնուհետ ՀՀ իշխանությունները` որպես «մոսկովյան վասալ», Ռուսաստանի ճնշման ներքո դրանից հրաժարվել են... 
Բայց պարզ տրամաբանությունը հուշում է` եթե նախնական համաձայնություն իրոք եղած լիներ, ապա փաստաթղթի պատճենները հաստատ գցած կլինեին մամուլի բերանը: Այսինքն` փաստը մնում է փաստ, որ Արտակ Զաքարյանը ընդամենն արձանագրել է ինչ որ կա: Բացարձակ անհիմն են նաեւ պնդումները, իբր Մոսկվան ինչ որ ճնշումներ պետք է բանեցներ` այդ զորավարժությունների առնչությամբ: Այդ ինչո՞ւ անգամ փորձագիտական մակարդակով ռուսները ոչ մի անգամ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին ե՛ւ զորավարժությունների, ե՛ւ խաղաղապահ առաքելությունների տեսքով չեն քննարկել որպես ռազմավարական դաշնակցի դեմ ուղղված քայլ, եւ հանկարծ պետք է ջանքեր գործադրեին, որպեսզի մի քանի հայ զինծառայողներ չգնան Վրաստան եւ չկանգնեն այդտեղ ամերիկացի, վրացի եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների զինծառայողների կողքին: Եթե մինչ այդ հյուսիսային ռազմավարական դաշնակիցը այդ հարցին խանդով չէր վերաբերվել, ապա ինչո՞ւ պետք է հիմա խանդի տեսարաններ սարքեր: Մինչդեռ մեր «ծակպրոֆեսորները» դեմքի լուրջ արտահայտությամբ փորձում են պնդել` իբր գործել է «ճնշումները փոխանցելու» սխեման` Թրամփը ճնշեց Պուտինին, Պուտինն էլ հերսը թափեց Սարգսյանի վրա...
Այդ ամենն առնվազն անլուրջ է, ինչպես նաեւ անլուրջ են ծամծմվող «ավանդական» թեմաները, որոնք վերաբերում են «հող հանձնելուն»: Հիշենք, թե ինչ դավադրության տեսություններ էին պտտվում ՀՀ եւ ՌԴ նախագահի վերջին հանդիպման «թարմ հետքերով»` իբրեւ թե Սերժ Սարգսյանը համաձայնվել է զիջումների, եւ իբրեւ թե արդեն խոսվել է Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայելու ծրագրի մասին: Դրա պոչից էլ կպցրել էին անհեթեթ վարկած, իբր տխրահռչակ Հոգլանդի հայտարարությունը կոչված էր կանխելու ռուս խաղաղապահների մուտքը Արցախ... Սերժ Սարգսյանն ինքն անձամբ հրապարակավ հայտարարել է, որ հանդիպման ժամանակ Արցախի խնդիր չի քննարկվել, ընդամենը համառոտակի հիշատակվել է ադրբեջանական սադրանքների ակտիվացման փաստը... Առավել եւս չի խոսվել խաղաղապահներ բերելու մասին: Բայց խելոքին մինն ասա, իսկ ստախոս քարոզչին` հազար ու մին: 
ՀԻՄԱ ԷԼ ՊԱՏԱՆԴԱՌՈՒ ՈՃՐԱԳՈՐԾԸ ԴԱՐՁԱՎ «ՀԵՐՈՍ»
ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի դատավարությունները կրկեսի վերածելը շարունակվում է: Բայց, կարծես թե, հանրությունը անգամ նվազագույն հետաքրքրությունն է կորցրել ինչպես այդ դատավարության, այնպես էլ զինյալներին «հերոսացնելու» ջանքերի նկատմամբ: Համենայնդեպս, հակառակ դեպքում զինյալների «գաղափարախոս» Վարուժան Ավետիսյանը չէր տարածի անհեթեթ հայտարարություն, իբր այն, որ իրենց բանտում չեն ծեծում եւ կերակրում են, ընդամենը նշանակում է, որ իշխանությունն իրենց դեմ մղում է «հիբրիդային պատերազմ»: Այդ եզրույթի կիրառումը նման ենթատեքստում, փորձագետների մոտ միայն ծիծաղ կարող է առաջացնել, ու տարօրինակ է, որ ինքը` Ավետիսյանը, լավ իմանալով այդ եզրույթի իմաստը, դա կիրառում է այդ աստիճանի աբսուրդային ձեւով... 
Բայց սա դեռ ծաղիկներն են: Իսկ պտուղները էլ ավելի անհասկանալի են: Այսպես, դեռ նոր էր տեղի ունեցել Էրեբունիի պատանդառուի ֆիզիկական վերացումը, երբ Ֆեյսբուքում հայտնվեցին կատակային կանխատեսումներ, որ այդ ոճրագործին էլ հերոսացնողներ կգտնվեն: Ու զավեշտալին այն է, որ այդ կատակը վերածվեց իրականության... 
Սկսվեց տխրահռչակ Սաքունցից, ով հայտարարեց, որ պատանդառուի ազգականները կարող են դիմել իրեն, եւ դա զուգակցված էր հեքիաթով, թե պետությունը օժտված չէ որեւէ մեկին կյանքից զրկելու իրավունքով: Իսկ շարունակությունը... Դժվար էր պատկերացնել, որ համացանցում կհայտնվեն հեքիաթներ ԱՄՆ-ում հինգ հոգու սպանած այդ ոճրագործի մասին, իբր նա մեծ եւ ռոմանտիկ սխրանքներ է գործել` ի պաշտպանություն ամերիկահայ համայնքի: 
Ըստ էության, արեւմտյան «գաղափարական ճակատում» ոչ մի ռեալ տեղաշարժ չկա: Քաղաքական գործընթացները` որպես այդպիսին, բացակայում են, արեւմտամետ գործիչները զբաղված են անլուրջ առաջարկություններով, որոնց տիրություն էլ չեն անում, եւ ամբողջ դաշտը մնացել է քարոզիչներին... Նույնիսկ գործիչների մի մասը (զորօրինակ, որձ կովերի մասնագետ Բագրատյանը) իրենք են դարձել քարոզչական կեղտոտ աշխատանք կատարող: 
Բուն քարոզիչներն էլ լրատվական դաշտը լցնում են աներեւակայելի աբսուրդով: Եթե տարատեսակ դավադրությունների տեսություններին գումարվում է արդեն վտանգավոր ոճրագործի, այն էլ քաղաքական չնչին իսկ երանգ չունեցող ոճրագործի կերպարի ռոմանտիկացումն ու հերոսացումը, ապա հարց է ծագում` ինչ նպատակ է հետապնդում հանրությանը այդպիսի տեղեկատվական աղբով, այն էլ այդպիսի դոզաներով կերակրելը: 
Սովորաբար տեղեկատվական դաշտը աղբով լցնելը հետապնդում է ինչ-որ կարեւոր բան քողարկելու նպատակ: Հիմա հարց` ի՞նչն է քողարկվում... Համենայնդեպս, մթնոլորտում ինչ-որ անորոշ անհանգստացնող բան է կախված, որն ավելին է, քան` սովորական գաղջը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА