ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՈՒՐՔԻԱՆ, ԹԵՐԵՎՍ, ԿՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐ ԿԱՏԱՐԵԼ

06.09.2017 21:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՐՔԻԱՆ, ԹԵՐԵՎՍ, ԿՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐ ԿԱՏԱՐԵԼ


Վերջին ժամանակներս Թուրքիայի եւ Եվրոպայի, ավելի կոնկրետ՝ եվրոպական լիդեր Գերմանիայի հարաբերությունները շարունակում են հետեւողականորեն փչանալ: Անգամ հայտարարությունները, որոնք ամենաբարձր դեմքերի մակարդակով հնչեցվում են միմյանց հասցեին, արդեն վաղուց է դիվանագիտական էթիկետի նորմերից այն կողմ անցել: Եվ կանցլեր Մերկելի վերջին հայտարարությունն էլ հուշում է, որ այդ ամենն անշրջելի հունի մեջ է:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌԱՋ ԵՎՐՈՊԱՅԻ ԴՌՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՓԱԿՎԵՑԻՆ

Այսպես, Գերմանիայի կանցլերը, ով, ի դեպ, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման, անգամ՝ միգրացիոն գերճգնաժամն Անկարայի օգնությամբ լուծելու ջատագովներից էր, հիմա արդեն այն կարծիքին է, որ Եվրոպան այլեւս Թուրքիայի հետ ճանապարհ չունի  անցնելու: Անգելա Մերկելի խոսքով. «Ես կառաջարկեմ, որ հոկտեմբերին ԵՄ խորհրդում քննարկենք Թուրքիայի հետ հարաբերությունների ապագան, այդ թվում՝ բանակցությունները ¥ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության- Հեղ.¤ կանգնեցնել կամ՝ վերջացնել»: 
Մի խոսքով, դեպի ԵՄ տեղաշարժի ժամանակաշրջանը Թուրքիայի համար կարծես թե վերջնականապես ավարտված է: Բայց նաեւ կարելի է նկատել, որ տիկին Մերկելի այս հայտարարության հասցեատերն ամենեւին էլ միայն Անկարան չէ:
Այն, որ տարիներ շարունակ Եվրոպան դժկամություն էր ցուցաբերում ԵՄ-ին Թուրքիայի հետ կապված գաղափարի նկատմամբ, հայտնի փաստ է: Սակայն միշտ էլ այդ գաղափարը համառորեն առաջ էր մղում Վաշինգտոնը: Եվրոպայի դիրքորոշումը հասկանալ կարելի է. Թուրքիան միշտ էլ լուրջ վտանգ է ներկայացրել մի շարք առումներով, սկսած տնտեսականից, ռազմականից, վերջացրած՝ միգրացիոն գործընթացներով: Ընդ որում, այս վերջին լարվածությունները փայլուն կերպով  ապացուցեցին,որ այդ վտանգն առավել քան ռեալ էր: Նկատի ունենք Էրդողանի այն կոչը, որի իմաստը հետեւյալն էր. թուրքը որտեղ էլ ապրի, որ երկրի քաղաքացին էլ լինի, մնում թուրք եւ առաջին հերթին պետք է ծառայի հենց իր պետությանը: Ընդ որում, այդ գաղափարների ներքո Էրդողանը բացահայտորեն փորձում է գերմանաբնակ թուրքերի միջոցով խառնվել անգամ եվրոպական առաջատարի նախագահական ընտրություններին, ընդ որում, բավականին հաջող: Իսկ ի՞նչ կլինի Գերմանիայի վիճակը, եթե այնտեղ բնակվեր կրկնակի, եռակի, տասնապատիկ ավել թվով թուրք: Կամ` ի՞նչ են անելու ավելի թույլ եվրոպական մյուս երկրները, որտեղ նույնպես թուրքերը հաստատվել եւ արագորեն ծավալվում են: Իսկ այն, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեպքում եվրոպայի թուրքացման գործընթացը շատ ավելի արագ եւ սուր տեմպեր կստանա, հազիվ թե որեւէ մեկը կասկածի: Բայց դա այսբերգի միայն վերին մասն է: Դժվար չէ կռահել նաեւ, որ եվրոպաբնակ թուրքերը սերտորեն դաշնակցում են իսլամական մյուս տարրերի հետ, ավելին՝ փորձելով ստանձնել առաջնորդողի, ուղղորդողի  դեր: Ընդ որում, ԵՄ-ին անդամակցության դեպքում արդեն ոչ թե կփորձի ստանձնել, այլ նույնիսկ մեխանիկորեն կստանձնի այդ դերը: Դե, հիմա պատկերացրեք Եվրոպայի վիճակը, եթե այնտեղ բնակվող ողջ մուսուլմանությունը սկսի գործել Էրդողանից եկած հրահանգների միջոցով...
Բայց վերադառնանք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ծրագրերը Վաշինգտոնի կողմից առաջ մղելու մտքին: Այստեղ էլ մի փոքր ուղղում կա, Վաշինգտոն ասելով` պետք է նկատի ունենալ ամերիկյան սուպերլիբերալիստական հատվածը, որը դեռ ԽՍՀՄ-ի փլուզման պահից է աշխատում Եվրոպան կոսմոպոլիտական, ավելի ճիշտ՝ կոնչիտայական, այն է՝ անհավատ, անհայրենիք, անսեռ, անմիտ, միայն մարդու իրավունքներ  ասվածով ապրողների խառնամբոխի վերածելու գաղափարի ուղղությամբ: Իսկ ներեվրոպական ազգայնական հնարավոր բունտերը ճնշելու համար կար Եվրոպայի գլխին փոքրաքանակ, բնակչության մի 10-15 տոկոսի չափով, բայց կազմակերպված  եւ ագրեսիվ իսլամական տարրին կանխելու տարբերակը: Պատահակա՞ն էր այդ միգրացիոն հոսքը, որը մինչ այժմ էլ նույն կատաղի տեմպերով շարունակվում է: Բավական է միայն հիշատակել, որ միգրանտներին Աֆրիկայից Եվրոպա հասցնելու գործի մեջ խառնված է եվրոպական հանցաշխարհը, որ այդ մեխանիզմը գործում է նաեւ Սորոսի ֆինանսավորմամբ, եւ շատ բան կարելի է պատկերացնել:
Այլ հարց, որ Թրամփի ընտրվելը հարված էր նաեւ այդ հին ծրագրերին: Նախ, դեռ հաղթահարված չէր այն «կարմիր գիծը», որից հետո կբացառվեր ազգայնականության լուրջ վերածնունդը: Երկրորդը. իսլամական տարրը, որ այդ վերածնունդը ճնշի, դեռ բավարար չէր: Պատահակա՞ն էր, որ «քյարթու ֆեմինիստուհի» Մերկելը լայնորեն բացեց Եվրոպայի դռները միգրանտների առաջ...

ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԵՎՐԱՍԻԱՆ Է

Այլ բան, որ իրավիճակի բավականին էական փոփոխություն կա: Նախ, սուպերլիբերալների պայքարը Թրամփի դեմ դեռ էֆեկտիվ չէ նաեւ այն պատճառով, որ բուն ԱՄՆ-ի ներսում եւս ազգայնականությունը ծանրակշիռ դիրքեր ունի: Հաջորդը, առանց Սպիտակ տան աջակցության, միայն Սորոսի փողերով Եվրոպայի իսլամիզացիան դժվար է առաջ տանել: Առավել եւս, որ իսլամական ներհոսքը էապես նվազել է սիրիական պատերազմի ավարտին մոտենալուն զուգահեռ, իսկ ծովով կարելի է Աֆրիկայից նույնիսկ մի քանի հարյուր հազար մարդ հասցնել Եվրոպա, բայց ոչ միլիոնների:
Եվ վերջապես, եթե չկա Սիրիայից փախստականների հոսք, ապա Թուրքիան, բնական է, կորցնում է միգրացիոն այդ մեծ խաղի վրա ազդեցության իր հիմնական լծակը: Իսկ Մերկելն էլ, որ կարող է եւ կանցլերի աթոռը կորցնել, արդեն հանգիստ կարող է Էրդողանին հայհոյելով՝ փորձի գերմանական ազգայնականներին սիրաշահել ու սեփական վարկանիշը բարձրացնել:
Իհարկե, Եվրոպայի իսլամիզացման եւ կոնչիտայացման ծրագրերը այսքանով ամենեւին էլ չեն դադարում: Բայց այս ողջ պատմության մեջ մեզ համար մեկ էական դրվագի առնչությամբ արդեն իսկ որոշակիություն կա. Եվրոպայի դռները կարծես թե վերջնականապես են փակվում Թուրքիայի առաջ:
Թուրքիայի առաջ փակ է նաեւ հարավային ուղղությունը: Այնտեղ նախ Սիրիան է, որի նախագահ Բաշար Ասադը վերջերս հերթական անգամ հայտարարեց, որ չեն ներելու այն ամենը, ինչ Անկարան բերեց իրենց գլխին: Եվ դրանք հաստատ անիմաստ սպառնալիքներ չեն: Նկատի ունենք, որ Ասադը ոչ միայն սիրիական պատերազմից դուրս է գալիս որպես հաղթող, այլ, որքան էլ պարադոքսալ հնչի, պատերազմի ավարտին ունի շատ ավելի ծանրակշիռ բանակ, քան մինչ սկիզբը: Եվ դա հասկանալի է. սիրիական բանակը ձեռք բերեց հարուստ ռազմական փորձ, գրեթե լիովին վերազինվեց ռուսական առաջնակարգ զենքով: Իհարկե, դեռ մասնագիտական գնահատականի կարիք կա, սակայն այն առաջնային տպավորությունն է, որ պատերազմից հետո Սիրիան կունենա թուրքականին գրեթե չզիջող, եթե ոչ՝ գերազանցող բանակ: Բայց կա նաեւ հետպատերազմյան Սիրիայում ՌԴ-ի ռազմական ներկայության փաստը, Իրանի գործոնը: Եվ այս ամենի արդյունքում, Թուրքիայի համար հարավային ուղղությունը յոթ փակի տակ է հայտնվել:
Դեպի արեւելք տեղաշարժը եւս, որ վերջին 25 տարիներին Անկարայի օրակարգում էր, հիմա նույնպես փակ է: Ճիշտ է, դեռ Անկարան փորձում է կենդանի պահել Վրաստան-Ադրբեջան առանցքը, բայց հատկապես սիրիական հաղթանակից հետո ռուսական դիրքերը նաեւ Հարավային Կովկասում այնքան են ամրապնդվում, որ Անկարան ավելորդ պատրանքների հնարավորություն չունի: Վերջապես, վատթարագույն վիճակում են նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, քրդական խնդիրը, ինչը նշանակում է, որ Անկարան, ինչպես վաղուց էր նկատվում, իրականում էլ հայտնվել է խորը աշխարհաքաղաքական փակուղու մեջ:
Եվ ահա այս իրավիճակում Թուրքիայի համար միակ ռեալ ուղղությունը մնում է Եվրասիան: Չնայած, այստեղ էլ խնդիրների պակաս չկա: Հիշեցնենք, որ ԵՏՄ-ի հետ կապված ակնարկներ  Անկարայից վերջերս լսվեցին: Ընդ որում, պատասխան լսվեց ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ՝ ռուսական մասնագիտական աղբյուրներից: Ու հիմնականում արձագանքներն այն սպասելի տրամաբանության մեջ էին, որ դեպի ԵՏՄ Թուրքիայի ճանապարհն անցնում է Հայաստանով: Դրանից հետո այս հարցի հետ կապված Անկարան դեռ լռություն է պահպանում: Սակայն վերջին օրերին թուրքական որոշ աղբյուրներ ակնարկում են, որ լռելով հանդերձ, Անկարայում լրջորեն մտածում են իրենց հետագա քայլերի մասին: Նախ՝ իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն կարծես թե լինելու է, եւ եթե Մոսկվան չօգնի, անգամ՝ չեզոք մնա այդ հարցում, Քուրդիստանը Թուրքիայի համար իրոք կդառնա մահացու վտանգ: 
Այսինքն, պետք է առաջ տանել ԵՏՄ-ի թեման, բայց այդ դեպքում էլ պետք է Հայաստանի հետ կապված խնդրին լուծում գտնել: Մի խոսքով, սպասենք, որ այս հարցով առաջիկայում Թուրքիայի կողմից որոշակի քայլեր  կնկատվեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ 


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА