ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հակոբ Հակոբյանի քննադատությունը «Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավորի համար անհիմն է

05.09.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
 Հակոբ Հակոբյանի քննադատությունը «Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավորի համար անհիմն է

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորների քաղաքական գործունեությանն ուշիուշով հետեւում է նույն դաշինքով առաջադրված, բայց այդպես էլ խորհրդարան չանցած գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը: Այս մասին նա օրերս բարձաձայնեց թե՛ մամուլում, թե՛ հեռուստատեսությամբ` ուղղակիորեն շեշտելով, որ դաշինքի որոշ պատգամավորներ Ազգային ժողովում լղոզված քաղաքականություն են վարում, չունեն ընդդիմադիր կեցվածք եւ անգործության են մատնվել: Քաղաքական թիմակցի նման քննադատության մասին «Իրավունքը» զրուցեց «Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության նորընտիր պատգամավոր ԼՈՒԻԶԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՅՀՈՅԵ՞Լ, ԳՈՌԱ՞Լ...»

– Տիկին Սարգսյան, որքանո՞վ եք արդարացված համարում Հ. Հակոբյանի հնչեցրած քննադատությունը, եւ արդյոք պատրաստվում է «Ծառուկյան» դաշինքը հետայսու առավել ընդդիմադիր դիրքերից հանդես գալ:

– Արդարացված չեմ համարում: Հենց նոր ընտրվելու օրերին, երբ արդեն ստացա իմ պատգամավորական մանդատը, սա առաջին արդի հարցերից էր, որը շատ անգամ մեզ հղվում էր: Ինձ թվում է` ուղղակի, մեր երկրում ընդդիմություն կոչված հասկացողության վերաբերյալ ինչ-որ կարծրատիպեր պետք է փոխվեն: Մարդիկ կան, որոնք ասում են միայն մի կետը. Ա-ի մասին խոսում են, Բ-ի մասին` ոչ: Ի՞նչ է նշանակում, թե ընդդիմադիրն ավելի շատ ընդդիմադիր չէ: Ընդդիմություն լինել նշանակում է հայհոյե՞լ, գոռա՞լ... Այդպես չէ: Եթե նայենք մեր գործընթացին,  «Ծառուկյան» դաշինքը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր ընդդիմադիր դիրքերում է եւ բոլոր տեսակի հարցերին մոտենում է իր տեսակետից: 

– Ըստ Հակոբ Հակոբյանի` «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, ուղղակի, խորհրդարանում հաստատում են այն, ինչ ներկայացվում է կառավարության կողմից...

– Եթե կան այնպիսի որոշումներ, օրենքներ, որոնք բերված են իշխանության կողմից, բայց դրանք պետք է նպաստեն մեր ժողովրդի շահերին, այդ ժամանակ, այո՛, հանդես ենք գալիս որպես մի ժողովրդի մասնիկ: Օրինակ, վերջերս Ազգային ժողովում կոռուպցիայի դեմ պայքարի մասին որոշումն ընդունեցինք, եւ «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկել: Այստեղ կա՞ ինչ-որ ոչ ընդդիմադիր կեցվածք: Ընդդիմադիր լինելը միշտ շատ ավելի բարդ է, որովհետեւ ընդդիմությունը եթե անգամ տալիս է դրական պատասխաններ` իշխանության կողմից բերված ինչ-որ օրենքների եւ նախագծերի, այստեղ նաեւ գալիս է երկրորդ խնդիրը` մենք պետք է հետեւողական լինենք, թե արդյոք ընդունվածը կիրառվում է մեր երկրում, թե` ոչ: Այնպես որ, այդ քննադատություններն անհիմն եմ համարում, սա արդեն բամբասանքի է վերածվում, անընդհատ ծեծվող թեմա է դառնում:

«ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱՅԻՆ, ԵԹԵ «ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔՆ ՈՒՆԵՆԱՐ 50+1 ՁԱՅՆ»

– Բայց «Կենտրոն» հեռուստատեսությամբ Հակոբ Հակոբյանի տված հարցազրույցից տպավորություն էր, որ նույնպիսի մտահոգություն ունի նաեւ  Գագիկ Ծառուկյանը, թե իր ծրագրերը կիսատ են մնում, եւ երկրի թիվ երկու քաղաքական ուժը չի կարողանում այն իրագործել:

– Գագիկ Ծառուկյան անհատի մասին` ե՛ւ իբրեւ կուսակցության նախագահ, եւ իբրեւ մարդ, կարող եմ այսպիսի ձեւակերպում տալ` մարդ է, որը սիրում է հաղթանակներ, եւ անձ է, որը գնահատում է այն մարդկանց, որոնք կարող են հասնել այդ հաղթանակներին: Մենք ունեցանք շատ լուրջ քարոզարշավ` ընտրություններից առաջ, եւ ասեմ անկեղծորեն, որ եղանք ՀՀ բոլոր մարզերում, համայնքներում, գյուղերում ու ժողովրդին շատ պարզ, մատչելի, ժողովրդական լեզվով ներկայացրեցինք, որ ունեինք ծրագրեր, որոնք այսօր, երեկ եւ վաղը մնալու են այս երկրի համար լրջագույն խնդիր: Եվ այդ խնդիրների լուծումներն էինք ցույց տալիս, ընդ որում` ոչ թե ասում էինք, որ մի գիշերում մեր երկիրը կդառնա Շվեյցարիա, այլ պետք է գնալ դանդաղ քայլերով, բայց վերջում տեսնել այդ լույսը: Եվ այո՛ կան ծրագրեր, որոնք մնացին կիսատ: Այսինքն` ոչ թե կիսատ, այլ հարցն այն է, որ «Ծառուկյան» դաշինքն էլի բարձրացնելու է այդ խնդիրները, դնելու է Ազգային ժողովում քննարկման, բայց կա արձանագրված փաստ` ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, եւ մենք այսօր չունենք մեծամասնության ձայնը: Բոլոր տեղերում էլ շեշտել ենք, որ այդ ծրագրերն իրականություն կդառնար այն դեպքում, եթե «Ծառուկյան» դաշինքն Ազգային ժողովում ունենար 50+1 ձայն: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց այնպես չէ, որ հիմա ինչ-որ դեպրեսիվ վիճակում ենք, էլի աշխատելու ենք, ձգտելու ենք եւ  խնդիրներ ենք բարձրացնելու: Այդ խնդիրները չեն վերացել, եւ այնպես չէ, որ դրանք միայն «Ծառուկյան» դաշինքի անդամներն են տեսնում: Սա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար ակնհայտ խնդիրներ են, որոնց պետք է անդրադառնալ` սկսելով հայ գյուղից` վերջացնելով մինչեւ ուսման հարցերով: Ինչքան այդ խնդիրները մնան, ուռճանան, հասնեն մեծ թվերի, մենք արտագաղթ ենք ունենալու: Իսկ եթե կա արտագաղթ, գտնում եմ, որ յուրաքանչյուր բնագավառում լինելու են խնդիրներ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА