ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք չենք ուզում Վրաստան պետության դեմ գնալ». Հենզել Մկոյան

05.09.2017 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մենք չենք ուզում Վրաստան պետության դեմ գնալ». Հենզել Մկոյան

Ջավախքում տերյանական եւ ջիվանիական օրերից հետո` աշնան առաջին կիրակի օրը տեղի ունեցավ ջավախահայության տարվա երրորդ կարեւոր տոնակատարությունը` այս անգամ նվիրված աշուղ Հավասուն: Այս առթիվ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Ջավախք» հայրենակցական միության ջանքերով` առիթ ունեցանք հայաբնակ Ծալկայի շրջանի Այազմա գյուղում մասնակցելու նախ անվանի աշուղի հուշարձանի բացման արարողությանը, ապա նաեւ տոնական համերգին: Ի դեպ, Այազմայի գյուղացիներին իրենց մեծ հայրենակցի` Հավասու տոնի կապակցությամբ, շնորհավորելու էր եկել նաեւ Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» իշխող կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրված հայազգի պատգամավոր ՀԵՆԶԵԼ ՄԿՈՅԱՆԸ, ում հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը: Սակայն, մինչ քաղաքական հարցերին անդրադառնալը, Հ. Մկոյանը նախ խոսեց օրվա խորհրդի մասին:

ՀԱՅ ԵՎ ՎՐԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՁԵՌՆԱՄՈՒԽ ԿԼԻՆԵՆ ՀԱՎԱՍՈՒ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

– Այս օրը մեծ տոն է Այազմա գյուղում, որովհետեւ, ինչպես գիտեք, գուսան Հավասին ժողովրդի կողմից շատ սիրված է եղել: Նրա արձանը Ախալքալաքում ունեինք, բայց հարազատ գյուղում` ոչ, եւ մեր ժողովուրդը միշտ խնդրում էր, որ լինի: Ուրախալի է բոլորիս համար, որ այսօր շատ գեղեցիկ արձան կառուցվեց մեր հայրենակցի` մոսկվաբնակ գործարար Էդգար Արամյանի ջանքերով: Ասեմ, որ միշտ մասնակցել եմ գուսան Հավասու տոնին, բայց երբեք այսքան շատ ժողովուրդ չէի տեսել: Իսկապես ուրախալի է, որ ժողովուրդը շատանում է, բոլորի աչքերի մեջ կա ուրախություն, ջերմություն, ու այսպես պետք է մենք օր օրի գնանք առաջ, որպեսզի ավելի համախմբված լինենք: Եվ ուզում եմ նաեւ մեծ շնորհակալություն հայտնել Ծալկայի շրջանից ընտրված մեր մեծամասնական պատգամավոր Կախաբեր Օքրիաշվիլիին: Արդեն 12 տարի է մենք միասին Վրաստանի խորհրդարանում ենք եւ նույն խմբակցությունն ենք ներկայացնում, եւ այսօր որոշեցինք, որ անպայման պետք է մի հարմար տուն գտնվի Այազմայում, որպեսզի Հավասու տուն-թանագարանն էլ կառուցենք: Մենք երկուսով այդ հարցը վերցրել ենք մեզ վրա եւ անպայման կյանքի կկոչենք:

«ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅՍՕՐ ԽՆԴՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ»

– Պարոն Մկոյան, որպես Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր, բնականաբար, ջավախահայությունը մեծ սպասումներ ունի Ձեզնից: Այսօր օրակարգային ի՞նչ խնդիրներ կան, որոնք պատրաստվում եք բարձրաձայնել  խորհրդարանում կամ արդեն իսկ բարձրաձայնել եք:

– Ասեմ, որ ամեն ամիս` մինիմում երկու անգամ, կատարում եմ ընդունելություններ Նինոծմինդայում եւ Ախալքալաքում: Երբ ժողովուրդը գալիս է քեզ մոտ, դու լսում ես նրանց, ամեն ինչ քեզ համար պարզ է դառնում, թե ինչ պահանջներ կան ժողովրդի համար: Հիմնականում ժողովուրդն այսօր խնդրում է քաղաքացիություն, վերջերս վրացական քաղաքացիություն չունեցող 800 անձանց օգնել եմ, որպեսզի ստանան վրացական քաղաքացիություն: Իհարկե, այլ պահանջներով էլ են դիմում` կապված ջրի խնդրի հետ կամ ասֆալտապատման: Այսօր Նինոծմինդան, կարելի է ասել, ջրով 100 տոկոսով ապահովված է: Ախալքալաքի գյուղերում դեռ մի քիչ խնդիրներ կան, բայց նոր ընդունված բյուջեով նախատեսել ենք եւ, երեւի, ամենաուշը 2018 թվականին այս խնդրին լուծում կտրվի: Նինոծմինդան եւ Ախալքալաքը 70 տոկոսով գազաֆիկացված են, իսկ ասֆալտապատման աշխատանքները քաղաքներում վերջացրել ենք, ու անցել ենք գյուղերին: Արդեն շատ գյուղեր էլ են ասֆալտապատված, տարեկան մոտ 6-7 մլն միայն ասֆալտապատման վրա ենք ծախսում ու այսպես կամաց-կամաց կատարում ենք ժողովրդի խնդրանքներն ու գնում ենք առաջ:

«ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՇԱՏ ԽԻՍՏ ԿԱՊՎԱԾ Է ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ»

– Իսկ բացի ամենօրյա սոցիալական, կենցաղային խնդիրներից, արդյոք չե՞ք պատրաստվում Վրաստանի խորհրդարանում բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

– Ցեղասպանության ճանաչման հարցով ժամանակին նույնիսկ դիմել եմ պատգամավորներին, շատ պետությունների դեսպաններին, որոնց գրավոր պատասխանները մինչեւ այժմ ինձ մոտ են: Բայց, գիտեք, խնդիրը հետեւյալն է. Վրաստանի տնտեսությունն այսօր շատ խիստ կապված է իր հարեւան պետությունների հետ (հասկանում եք, թե որ երկրներին նկատի ունեմ): Եթե այդ հարցը շատ խիստ դնես, կարող է տուժել երկրի տնտեսությունը: Վրաստանում շատ լավ գիտեն Ցեղասպանության մասին, բայց հիմա իր հարեւանների հետ հարաբերություններն այնպիսին են, որ սպասողական վիճակում է ամեն ինչ: Միեւնույն ժամանակ, նշեմ, որ Նինոծմինդայում երկու տարի առաջ`  Ցեղասպանության 100-րդ տարելիցին, կառուցել ենք 5 մետրից ավել բարձրություն ունեցող մի շքեղ հուշարձան: Շատ դժվար էր այն իրականություն դարձնել, որովհետեւ առաջ չէին թողնում կառուցել, բողոքներ էին հնչում դրա դեմ: Բայց մենք մեծ դժվարությամբ կարողացանք Վրաստանի ղեկավարության հետ համաձայնեցնել եւ օրենքով, կենտրոնական փողոցի վրա կառուցել այդ հուշարձանը: Ընդ որում` նշեմ, որ հուշարձանը կառուցվել է մեր բարերարների ջանքերով. ծախսերի մի մասը հոգացել են Գալստյան եղբայրները, մյուս մասը` իմ եղբայրները` Մկոյանները: Այն բավական թանկարժեք հուշարձան է` 100 հազարից էլ ավել է ծախսվել, թեպետ գլխավորը ծախսված գումարը չէ, այլ այն, որ ժողովրդի համար դարձել է ուխտատեղի: Սրանով ուզում եմ շեշտել, որ եթե Վրաստան պետությունն ուրիշ ձեւով նայեր հարցին, ապա թույլ չէր տա այդ հուշարձանի կառուցումը: Հիմա էլ Ախալքալաքում ենք ուզում այդպիսի մի հուշարձան կառուցել, տեսնենք` ինչպես կստացվի...

«ԵՐԲ ԱՇԽԱՏԻ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ ԿԵՐԵՎԱ` ԱՅԴ ԵՐԿԱԹԳԻԾԸ ՄԵԶ ՕԳՈ՞ՒՏ Է, ԹԵ` ՎՆԱՍ»

– Թե՛ Ջավախքում, թե՛ Հայաստանում մեր հայրենակիցները բավական սրտնեղեցին Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման որոշումից, որի շինարարությունը արագ տեմպերով ընթանում է: Որպես Վրաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչ` Դուք ի՞նչ կասեք այս մասին:

– Սա պետական ծրագիր է, որը որոշել է իրագործել պետությունը: Իսկ այսօր մենք չենք ուզում դեմ գնալ Վրաստան պետությանը եւ ասել` ինչո՞ւ եք կառուցում: Մարդիկ կան, որ իրենց դուր գալիս է այդ երկաթգծի կառուցումը, մարդիկ կան` ոչ, բայց երբ աշխատի, այդ ժամանակ էլ կերեւա` այդ երկաթգիծը մեզ օգո՞ւտ է, թե` վնաս: 

– Իսկ ի՞նչ օգուտ կարող է լինել Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումից, երբ անգամ ջավախահայերը վստահ են, որ նոր աշխատատեղեր իրենց համար չեն բացվելու...

– Օգուտներ կարող են լինել... Այսօր մեզ մոտ շատ ուժեղ գործընթաց է սկսվել, հատուկ դպրոցներ ենք բացում, որտեղ մեր հայրենակիցները սովորում են պետական լեզուն` վրացերենը: Ես երիտասարդների մեջ տեսնում եմ, որ նրանց մեջ մեծ եռանդ կա, որ լեզու սովորեն: Եվ այսօր եթե նախկինում նման մի դպրոց կար Նինոծմինդայում, մի դպրոց էլ` Ախալքալաքում, ապա հիմա արդեն մի քանիսն են բացվել այդ շրջաններում: Գլխավորն այն է, որ երիտասարդությունն իր կամքով է գնում սովորելու, մինչդեռ առաջ չէին գնում: Մեծ մասը, որոնք գիտեն պետական լեզուն, մեր կառավարության հետ համաձայնեցված է, որ աշխատատեղեր ունենան:

«ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ»

– Մենք, անդրադառնալով ջավախահայության, վիրահայության խնդիրներին, առաջին հերթին կարեւորում ենք հայապահպանության հարցը: Արդյոք Ձեր նշած տենդենցը չի կանգնեցնի հայությանը ուծացման վտանգի առաջ:

– Առաջ կարող էիք այդ մասին մտահոգվել, բայց այս վերջին երկու տարին հակառակ գործընթացն է տեղի ունենում: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում ապրող մեր ջավախահայ քաղաքացիները վերադառնում են ու ասում` ուզում ենք մեր պապական տներում ապրենք: Եթե առաջ տների դռները փակված էին մեծ կողպեքներով, ապա այսօր դրանք բացվում են: Շատերն են հիմա ուզում վրացական քաղաքացիություն ստանալ, ասում են` երբ 15 տարի առաջ գնացինք այստեղից, լույս չկար, հիմա լույսը կա, ջուր կա, ճանապարհներն ասֆալտապատ են: Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շատ գյուղեր այսօր կարծես քաղաք լինեն: Ավելին` այդ գյուղերում տներն ավելի թանկ արժեն, քան ուրիշ շրջանների քաղաքներում: Նույնիսկ գյուղերի մեծ մասը գիշերային լուսավորություն ունի, ժողովուրդը երեկոյան դուրս է գալիս, հեծանիվ է քշում, իրենց երեխաներին  ման տալիս: Այնպես որ, ասֆալտապատված փողոցներ ունեն, գիշերային լույս ունեն, գազը ունեն, ջուր ունեն, ուրիշ ի՞նչ է պետք գյուղացուն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА